2021թ. հունիսի 12-13-ը ք.Պլովդիվում կայացավ «Բարև Հայաստան» միջազգային 4-րդ փառատոնը: Վերջինս կազմակերպվել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, «Արաքս» հիմնադրամի կողմից՝ Պլովդիվի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։
Փառատոնի հանդիսավոր բացմանը ելույթով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական, գործերի հավատարմատար Սաթենիկ Զիրեկյանցը: Նա նշեց, որ փառատոնն արդեն ավանդական է դարձել: Այն նպատակ ունի տարածելու և պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը: Հավելեց, որ այս տարի այն առանձնանում է մասնակիցների մեծ թվով, իսկ հայ մշակույթը բուլղարացիներին ներկայացնելու տեսանկյունից՝ այն բացառիկ է:
Ս.Զիրեկյանցը շնորհակալություն հայտնեց «Արաքս» հիմնադրամի ղեկավարներին և աշխատակազմին, ինչպես նաև բուլղարական կողմին՝ փառատոնի անցկացմանն աջակցության համար: Հավելենք, որ փառատոնի մաս էր կազմում նաև նկարիչ Ալեքսանդր Դերոյանի նկարների ցուցադրությունը:
«Բարև Հայաստան» միջազգային 4-րդ փառատոնին մասնակցեցին են Սոֆիա, Պլովդիվ, Բուրգաս, Վառնա, Ռուսե, ինչպես նաև Բուխարեստ քաղաքներում գործող հայկական պարային խմբեր և համույթներ՝ ներկայացնելով հայկական երգ-երաժշտությունը և պարերը:
Փառատոնի ընթացքում անդրադարձներ կատարվեցին Արցախին և վերջինիս մշակութային ժառանգության պահպանման հարցերին:
orer.eu