Հայկական PR մրցանակաբաշխությունն ազդարարում է հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի 2021 թվականի հետազոտությունների արդյունքների ամփոփումը:
Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությամբ ավանդական դարձած PR մրցանակաբաշխության նպատակն է կարևորել և գնահատել Հայաստանում հաղորդակցությունների ոլորտում արձանագրված ձեռքբերումները: Այսօր առավել քան երբևէ պետք է կարևորել գրագետ հաղորդակցությունն ու փոխհարաբերությունները՝ նպաստելով պետական ինստիտուտների, հանրային կառույցների զարգացմանը:
Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ «Հետազոտական խմբի համար կարևորվել են որակական և քանակական վերլուծությունների մեթոդաբանության կիրառումը: Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում հասարակության և պետական մարմինների միջև տեղի է ունեցել փոխհամագործակցության և վստահության մակարդակի անկում, ինչը ձևավորել է անտարբերության մթնոլորտ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Տեղեկատվական հասարակության պահանջներն այլ են՝ պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվության մատչելիություն և մշակվող ու կայացվող որոշումների մասնակցայնություն և հրապարակայնացում: Ըստ մեր ուսումնասիրությունների՝ խախտվել է հասարակության ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հաղորդակցությունը տեղի է ունեցել ուղղահայաց, արդյունքում հետադարձ կապի մեխանիզմները կրճատվել են: Ոչ գրագետ հաղորդակցության պատճառով Հայաստանում տարբեր ոլորտներում առաջացել են ճգնաժամային իրավիճակներ, ինչը բերել է և՛ ներքին, և՛ արտաքին հակամարտությունների, որոնց արդյունքում մասնավորապես տնտեսության, առողջապահության, դիվանագիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև ռազմական ոլորտերում առաջացել է խորը ճգնաժամ: Ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ՝ արտաքին և ներքին հաղորդակցական խոչընդոտների նախապայմաններ»:
Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:
Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է: Անդամներն են՝ Հրաչուհի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը («GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր, ամերիկահայ PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ), Լիլիթ Շաքարյանը (ԵՊՀ Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս, սոցիոլոգ), Աշոտ Ալեքսանյանը (ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական ՓԻ Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):
Հետազոտությունների ամբողջական արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն գիտական հոդվածի տեսքով, իսկ մինչ այդ Հայկական PR մրցանակաբաշխությունն արժևորում է լավագույններին:
Հայկական PR մրցանակաբաշխության լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ կառույցներն ու անհատները.
Տարվա պետական կառույց՝
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Արմեն Թաթոյանի դերն հատուկ ընդգծված էր հարցումներում) (Հաղթող)
Տարվա հրապարակային գործիչ՝
- Արփինե Հովհաննիսյան (Հաղթող)
- Գեղամ Մանուկյան
- Տիգրան Աբրահամյան (Հաղթող)
Տարվա քաղաքական գործիչ՝
- Նիկոլ Փաշինյան
- Վազգեն Մանուկյան
- Ռոբերտ Քոչարյան (Հաղթող)
Տարվա PR պատասխանատու՝
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյան (Հաղթող)
- Անուշ Բադալյան (Շենգավիթ Բ/Կ)
- Լուսինե Մարտիրոսյան (ՀՀ արդարադատության նախարարություն)
Տարվա ԶԼՄ՝
- Առավոտ օրաթերթ. Կյանքը սահմանի եզրին (Հաղթող)
- Երկիր մեդիա. Երկիրը երկիր է
- Շողակաթ. Մեր գյուղի եկեղեցին
Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝
- «Ալիք»
- «Ազդակ» (Հաղթող)
- «Ноев ковчег»
Տարվա մշակութային PR`
- «Ֆրեսկո» միջազգային փառատոն
- Հովհաննես Թումանյանի թանգարան (Հաղթող)
- Ազգային պատկերասրահում Դալի և Պիկասո ցուցադրություն
Տարվա նախաձեռնություն՝
- Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում․ «Մուղդուսյան» արվեստի կենտրոն
- Թիկունքը մշակույթ․ ՀՀ ԿԳՄՍ
- Տերյան մշակութային կենտրոնի «Պատրաստում են արցախցիները» ծրագիրը (Հաղթող)
Տարվա իրադարձություն՝
- Դրոն շոու Հայաստանում․ Evocabank
- Վիրտուալ երթ․ Ցեղասպանության 105 տարելիցին նվիրված միջոցառումներ․ ՀՀ կառավարություն
- Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակի թողարկում` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան (2016-2021), արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ (Հաղթող)
Տարվա ճգնաժամային կառավարում՝
- Ճգնաժամը Ucom-ում. Գալաքսի ընկերությունների խումբ (Հաղթող)
- Covid-19 համավարակ․ ՀՀ առողջապահության նախարարություն
- Ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ
Տարվա կորպորատիվ PR`
- «Արմենիա Վայն» ընկերություն (Հաղթող)
- Վիվա-ՄՏՍ
- Այ-Դի բանկ
Տարվա նորարարական PR`
- Krisp (իրական ժամանակում ձայնի կողմնակի աղմուկից մաքրման տեխնոլոգիա)
- Renderforest (Տեսանյութերի, վիզուալ հաղորդակցության առցանց հարթակ)
- Robin Robot (առաջին հայկական AI ռոբոտ) (Հաղթող)
Տարվա PR տեխնոլոգիա՝
- «Իշխանություն» ֆիլմ
- «Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան»․ Ռուբեն Մխիթարյանի տեսանյութերի շարք
- ԱրմՔոմեդի երգիծական-քաղաքական հաղորդում (Հաղթող)
Հայկական բրենդ՝
- PicsArt
Հատուկ մրցանակ՝
- Կին բարեգործ և բարերար Նատալյա Ռոտենբերգ
Հայաստանի բարեկամ՝
- Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտ (Հաղթող)
- Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերս (Հաղթող)
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երգի պետական թատրոնում: PR արձանիկի դիզայները Արթուր Մանուկյանն է, իսկ մոդելավորողը՝ «Kassaman» ընկերությունը: Մրցանակները հանձնեցին մասնագիտական հանձնաժողովի անդամներն ու ոլորտային հեղինակավոր անհատներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Արմենպրեսի տնօրեն Արամ Անանյանը, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, Ռումորս մոնիթորինգի ղեկավար Մուշեղ Գևորգյանը, ԵՊՀ հանրային կառավարում ամբիոնի դոցենտ Ռուբեն Մարկոսյանը, Արցախի համալսարանի դոցենտ Շուշան Ասկարյանը, Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանը:
Հայկական PR մրցանակաբաշխություն -2021-ի մշակութային մասը նվիրված էր լեգենդար հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, Երգի պետական թատրոնի նվագախումբը և մեներգիչները կատարեցին կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները։