Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ուղեկցությամբ հոգևոր դասի այցելեց Գանձասարի վանք։
Վանքի առջև Հայոց Հովվապետին դիմավորեցին վանահայր Տ․ Սահակ վարդապետ Շաքարյանը, զինվորականներ և հարակից համայնքների բնակիչներ։
«Հրաշափառի» արարողությամբ եկեղեցականաց թափորը Նորին Սրբությանն առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող պատմական տաճար, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք։
Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսության հայցով ներկա բարեպաշտ ժողովուրդը Հայոց Հայրապետի հետ միասին աղոթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների խաղաղության և արցախահայության ու համայն մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ ու համերաշխ կյանքի համար։
Արարողության ավարտին Վեհափառն իր պատգամը բերեց ներկաներին՝ ամենքին փոխանցելով օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջույններն ու բարի մաղթանքները աշխարհասփյուռ մեր ժողովրդի։
«Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկության փրկության համար մատնվեց չարչարանքների, նեղությունների ու մահվան։ Արցախյան գոյամարտերում մեր զավակները Քրիստոսանմանությամբ նահատակվեցին՝ վասն հայրենյաց ընծայաբերելով իրենց կյանքը։ Մենք անցանք պատերազմի բովով, նեղությունների միջով։ Բայց Փրկիչ մեր Տերը մեզ պարգևել է հարության շնորհը, որով պատմության բոլոր արհավիրքներից հառնել է մեր ժողովուրդը և վերընձյուղել իր նոր կյանքը։ Մենք հավատում ենք, որ Տերը փորձությունների մեջ մեզ հետ է, և չարի հարվածները չեն կարողանալու խորտակել մեր հույսն ու կամքը, ապրելու ու հարատևելու մեր զորությունը, մեր պետականությունը՝ կերտված մեր ժողովրդի զավակների կյանքի թանկ գնով։
Սիրելի արցախցի զավակներ Մեր, քաջալեր ենք ձեզանով, որ հակառակ ամեն դժվարության ու նեղության՝ ամուր կանգնած եք հարազատ հողին և անսասան հավատով ու հույսով կերտում եք ձեր նոր կյանքը։ Պողոս առաքյալն ասում է, որ տկարության մեջ ավելանում է երկնային շնորհը հարվածներին դիմակայելու, փորձությունները հաղթահարելու (հմմտ. Բ. Կորնթ. 12.9, 10)։ Այս փորձությունը ևս, հավատում ենք, հաղթահարելու ենք համազգային միասնականությամբ ու համատեղ ջանքերով։ Անարդարությունները, մեր ազգի դեմ ցեղասպան նոր գործողությունները, մեր սրբությունների, վանքերի ու եկեղեցիների հանդեպ ոտնձգություններն ու ավերումները մենք աներեր կամքով ու միաբանությամբ պիտի վերածենք ազգային վերազարթոնքի ու հզորության՝ ապահովելով Արցախի անկասելի առաջընթացը», - ասաց Վեհափառ Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու կողմից Արցախին ու ժողովրդին ցուցաբերվող մշտական զորակցության, վերջին պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և տարբեր թեմերից հոգևորականների և գնդերեցների կարևոր առաքելության մասին՝ նշելով նաև, որ այսօր դժվարին պայմաններում Արցախի թեմը շարունակում է իր հոգևոր խնամքը ծանր ժամանակներ ու մարտահրավերներ դիմագրավող արցախահայությանը։
Խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց տոկուն մնալ, ամուր պահել հավատքը, կապված լինել հողին ու ջրին՝ նոր կյանք բխեցնելու հայրենի երկրում, այն շենացնելու և իրենց գործերով հզոր ու բարօր դարձնելու։ «Ամուր պահեցեք ձեզանում գիտակցությունն ու հիշողությունը, որ առ Աստված ապավինությամբ մենք հառնել ենք մեր պատմության գողգոթաներից և այս պատերազմի պատուհասներից էլ պիտի վեր բարձրանանք դեպի մեր կյանքի լուսավոր նոր հորիզոնները։ Այս է պատգամը մեր նահատակ հերոսների, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ ի սեր հայրենիքի ու ազգի», - շեշտեց Նորին Սրբությունը՝ աղոթելով, որ Բարձրյալ Տերն իր օրհնությունն ու Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի դարձնի ազգային ու հայրենական մեր կյանքին և պարգևի հոգու ամրություն ու զորություն դիմակայելու մեր առջև հառնած մարտահրավերները։
Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծո խնամքի մեջ արգասավորվի ազգային միաբանությունը հայրենիքում ու սփյուռքում՝ միասնական ջանքեր բերելու մեր կյանքի նորոգման, մեր իրավունքների պաշտպանության առաքելության մեջ։
Վերջում Գանձասարի վանքի բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց այս առիթով վանք այցելած ամեն հայորդուն։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները բերեց հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումը բերեց հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։
«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», - ասաց Հայոց Հայրապետը։
Նորին Սրբությունը նշեց, որ հաղորդ է հայ զինվորականների քաջությանն ու հերոսական սխրանքներին, անձնուրաց պայքարի փառավոր դրվագներին՝ ընդգծելով, որ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախ՝ բոլոր ժամանակներում դրսևորվել է այն հաստատ համոզումն ու գիտակցությունը, որ հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։
«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։
Սիրելի զավակներ մեր, պանծալի այդ անձինք իրենց ժամանակի մեջ առավել չէին, քան դուք այսօր։ Ձեզ պես պարզ երիտասարդներ և այրեր էին հայրենասեր և ազգանվեր նույն խառնվածքով ու ձգտումներով, կյանքի նկատմամբ լցված նույն հույսերով և լուսավորին ու պայծառին հասնելու ջինջ ցանկությամբ։ Առավել չէր նաև նրանց մաքառումի ոգին և նախանձախնդրությունը, քան արցախյան հողի վրա ձեր եղբայրների ու հայրերի անձնդիր հանձնառությունը։
Սակայն, առաքյալի խոսքի համաձայն, նրանք իրենց բարի պատերազմը պատերազմեցին, և այսօր նախնյաց կողմից մեր սերնդին է փոխանցված սրբազան պարտքը վառ պահելու մեր ինքնության կերոնը, նաև հաստատակամորեն կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում, որքան էլ որ դժվարին և ծանր լինի այդ առաքելությունը։ Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - իր խոսքում ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել, իսկ աշխարհասփյուռ համայքները զորակցել և առկա կարիքներում օգնություն հասցրել։
«Սիրելի զինվորներ և սպաներ, Հայոց Բանակի ոգին և հաղթական կամքն է աղբյուրը ազգի զորության և վստահության, մեր ժողովրդի ոգեշնչման և գալիք օրվա նկատմամբ լավատեսության։ Ամուր և անսասան մնացեք այս կոչման մեջ, և Փրկիչ մեր Տերը, հավատում ենք, պիտի պարգևի մեզ նորանոր հաղթություններ», - պատգամեց Գարեգին Բ Հայրապետը՝ հայցելով Աստծուց պահել և պահպանել զինվորականներին ապահով և անփորձանք, որպեսզի իրենց աներեր ու զորավոր բազկով պաշտպանը լինեն հայրենի երկրի, մեր սրբությունների և, կատարելով իրենց սրբազան պարտքը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ շարունակելու իրենց նվիրական կյանքն ու գործը հայրենական անդաստանում։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։
orer.eu