Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Մայիսի 21-ից 22-ը Մարտակերտ քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնի նախասրահում բացվել է «Իմ հայրենիք» խորագիրը կրող շարժական միջազգային ֆոտոցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է Ջրաբերդ պաշտոնաթերթը։ Այն կազմակերպել էին քանդակագործ Արմեն Պետրոսյանը, երևանցի լուսանկարիչ Արմեն Ենգոյանն ու Չեխիայի Լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը։
 
Աշխարհի շուրջ 6 երկրից հայ և օտարազգի 24 լուսանկարիչ իրենց աշխատանքներն այս երկու օրվա ընթացքում ներկայացրել էին մարտակերտցիների դատին։
Ըստ Ենգոյանի` ցուցահանդեսի միտքն առաջացել էր պատերազմի օրերին, քանի որ մարդիկ պետք է հասկանային, որ պատերազմն ավարտվելու է, իսկ իրենք հայրենիք են պաշտպանում, և հայրենիքը սա է, որտեղ կյանքը կա ու շարունակվում է։ Ցուցահանդեսը նախատեսվել էր բացել Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու բակում, բայց չհասցրեցին։
Արցախում ցուցահանդես բացելու կոչին միացան լուսանկարիչներ տարբեր երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Չեխիայից, Իսրայելից, Իտալիայից և, իհարկե, Արցախից, մարդիկ, ովքեր եղել են այստեղ և ովքեր չեն եղել։ Նրանց համար ցուցահանդեսը մի նախաձեռնություն էր արցախցիներին սատարելու և այդ դժվարին պահին նրանց կողքին լինելու համար։
Լուսանկարներում ներկայացված են կադրեր Հայաստանից և Արցախից, ինչպես նաև հեղինակների հայրենիքներից: Խաղաղ առօրյան` բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, այն ամենը, ինչով ապրում, ուրախանում և տխրում են, և պատերազմից դրվագներ, որտեղ կռվում և պաշտպանում են, որովհետև դա է իրենց հայրենիքը,-նշեց Ա.Ենգոյանը:
Ֆոտոցուցահանդեսը Մարտակերտից սկսեցին Արմեն Պետրոսյանի առաջարկով։ Նրա խոսքով` սովորաբար ամեն ինչ սկսվում է մայրաքաղաքից, այս անգամ համադրողներով պայմանավորվեցին բացառություն անել, սակայն մնացած քաղաքներում ևս կբացվի ցուցահանդեսը։
 
Մայիսի 21-ին ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, ԿՍ բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։
 
«Իմ հայրենիք» խորագրով ֆոտոցուցահանդես Մարտակերտում՝ չեխ լուսանկարիչների մասնակցությամբ Ինչպես ՕՐԵՐ ամսագրին հայտնեց Գարիկ Ավանեսյանը, լուսանկարները կցուցադրվեն նաեւ Արցախի այլ շրջաններում, Մարտունիում, գյուղերում, նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Չեխիայից ցուցադրվում են 6 լուսանկարչի աշխատանքներ։
 
Լուսանկարները՝ Ջրաբերդի
orer.eu
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Share