ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի թանգարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Միքայելյանը երկար տարիներ եղել է մշակութային այս օջախի գլխավոր ֆոնդապահը և շատ լավ գիտի հաստատություն թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միքայելյանն ասում է, որ տասը տարի է՝ աշխատում է Փարաջանովի թանգարանում և կարծում է՝ նախ և առաջ անհրաժեշտ է հետաքրքիր դարձնել այցելուների հետ աշխատանքը:
Նրա խոսքով՝ Սերգեյ Փարաջանովի տանը մշտապես բազմաթիվ մարդիկ են հյուրընկալվել, որոնք երբեք առանց նվերների չեն լքել ռեժիսորի տունը, ինչի արդյունքում նրանց մասնավոր հավաքածուներում կան Փարաջանովի աշխատանքներ: «2024 թվականին Փարաջանովի 100-ամյակի առթիվ ցանկանում ենք կապ հաստատել այդ մարդկանց հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներում են և կինոռեժիսորի հոբելյանին Երևանում՝ մեր թանգարանում Փարաջանովի՝ մասնավոր հավաքածուների իրերի ցուցադրություն կազմակերպել: Եթե հյուրերը համաձայնեն, կարող ենք նաև աճուրդ կազմակերպել»,-տեղեկացնում է Անահիտ Միքայելյանը:
Միքայելյանը հիշեցնում է, որ տնօրենի մրցույթի մասին հայտարարվել է 2021-ի ապրիլի 20-ին: Այն տեղի է ունեցել մայիսի 26-ին: Տնօրենի պարտականությունները ստանձնելու համար մրցույթին մասնակցել են Անահիտ Միքայելյանն ու թանգարանի նախկին աշխատակիցներից մեկը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Փարաջանովի գործերի հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվել է երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվել են: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվել է միայն 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում՝ Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թվականներին, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է: Այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի:
Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն:
Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Անժելա Համբարձումյան