Առաքելությունս՝ ծառայել ազգին, պետությանը, Աստծուն.
Երբ դպրոցական տարիքում Վարդան Քալանթարյանը հայրենասիրական երգերով ռազմաճակատ էր ճանապարհում հորն ու գյուղի մյուս կամավորներին, պատկերացում չուներ, որ տարիներ անց ինքը հայրենիքին ծառայելու է իրավական ճակատում: Այսօր արդեն իր ոլորտում կայացած, հայրենիքի ու իր ազգի վաղվա օրը կարևորող իրավագետը քայլերն ուղղում է քաղաքական դաշտ՝ միանալով «5165» շարժմանը: Հայաստանում կատարված իրադարձությունների, արտաքին և ներքին մարտահրավերների, քաղաքականությամբ զբաղվելու դրդապատճառների մասին զրուցել ենք «Իրավական Պետություն» կուսակցության հիմնադիր-նախագահ «5165» շարժման անդամ Վարդան Քալանթարյանի հետ:
Հայրս իմ մոտիվացիան է
Մինչև 7 տարեկան ապրել եմ Երևանում, բայց իմ ծննդավայրը եղել է ու կա Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղը: Մանկությանս ամենատպավորիչ դրվագները կապված են մեր գյուղի և արցախյան շարժման հետ…. Երբ 88-ի շարժումը սկսվեց, հայրս որոշեց, որ մենք պետք է տեղափոխվենք Չորաթան, իսկ ինքը կամավորագրվեց գյուղի երկրապահ ջոկատին ու մեկնեց սահման: Մեր գյուղում ու հատկապես դպրոցում, հայրենասիրական ոգին բարձր էր, մենք բոլորս անհրաժեշտ իրեր ու մթերք էինք հավաքում և զորքին սահման ճանապարհում ֆիդայական երգերով:
Դպրոցում լավ էի սովորում և նպատակ ունեի բիզնես ոլորտում կայանալ: Սակայն դպրոցն ավարտելուց հետո Ոստիկանական ակադեմիա ընդունվեցի, ինչը, իրականում, հորս հետ շատ սկզբունքային պայմանավորվածության արդյունք էր; Որոշել էինք, որ եթե ես կատարեմ իր պայմանն ու հաջողեմ ընդունվել այնտեղ, ապա ազատ եմ ընտրելու իմ հետագա ուղին: Ընդունվեցի, և հայրս առաջին անգամ ինձ ասաց՝ «շնորհակալություն». սա լավագույն ու ինձ համար ամենասպասված գնահատականն էր: Որոշեցի, որ ուսումս շարունակելու եմ Ակադեմիայում:
Ակադեմիան ավարտելուց հետո սկսվեց իմ աշխատանքային ճանապարհորդությունը Հայաստանի տարբեր մարզեր: Իրավաբանական կրթությունս շատ օգնեց ինձ հասարակության բոլոր շերտերը խորությամբ ուսումնասիրելու ու ճանաչելու գործում:
Աշխատանքում միշտ կարևորել ու կարևորում եմ սկզբունքայնությունը և կարծում եմ՝ օրենքները պետք է ենթարկվեն բարոյական նորմերին, բխեն դրանցից:
Որոշումներ կայացանելիս միշտ առաջնորդվել եմ պետությանս ու ժողովրդիս պիտանի լինելու սկզբունքով, այդ պատճառով միշտ ամենաբարդ տեղերում էի. աշխատել եմ ոստիկանության, հարկային և մաքսային համակարգերում, սահմանամերձ համայնքներում, տարբեր ճգնաժամային իրավիճակներում:
Երբ առաջին անգամ տեսա ապագա կնոջս, որոշեցի՝ կամուսնանամ նրա հետ կամ չեմ ամուսնանա երբեք: Ծանոթությունից 7 տարի անց մենք ամուսնացանք: Ես փորձեցի կառուցել այն աշխարհը, որտեղ կգտնեմ ընտանեկան խաղաղություն: Այդպես, գործունեությունս պետական համակարգում ավարտելով, ստեղծեցի այն շինարարական ընկերությունը, որի մասին երազում էի: Ինձ միշտ հետաքրքրել է մեծ ու փոքր, հին ու նոր քաղաքների ճարտարապետությունը, իսկ տների կառուցապատումը, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելն ինձ մեծ բավականություն է պատճառում: Այդ աշխատանքով զբաղվելու կարևոր դրդապատճառներից էր հորս ճարտարապետ-շինարար լինելու և նրա՝ պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքը: Մեր ընտանիքում հորս հաճախակի բացակայության, ջերմության պակասն իր ազդեցությունն էր ունենում, և դա էր այն հիմնական նախադրյալը, երբ ես որոշեցի՝ իմ գործունեությամբ նպաստել, որ մարդիկ իրենց հոգսերը թեթևացնելու նպատակով ստիպված չլինեն մեկնել արտագնա աշխատանքի…. Գիտեք՝ ես աշխարհի երջանիկն եմ դառնում, երբ ևս մի ընտանիք ունենում է իր սեփական տանիքը:
Արարել ու պայքարել հանուն հայրենիքի և ազգի բարօրության
Պետք է անտեսել բացասական ազդակները, պետք է մեծ սեր ու պատասխանատվություն ներդնել աշխատանքում: Այդպես եմ ես կայացել ու հաջողել իմ կյանքում, սակայն մեր երկրում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ անկախ անհատական հաջողություններից, մեր պետականությունն անկում է ապրում: Ինձ մտահոգում է այն հարցը, թե ինչպես կարող եմ օգնել հայրենակիցներիս: Նախքան ակտիվ քաղաքականություն գալու որոշում կայացնելը, երկար մտածեցի ու հասկացա, որ իմ անտարբերությունը հավասարազոր է հանցավոր համաձայնության այս իրավիճակի հետ: Բազմաթիվ կայացած ու հաջողակ անհատներ, չհանդուրժելով այս իրավիճակը, համատեղեցինք մեր ուժերը և իրավունք վերապահեցինք բարձրաձայնել մեր անհամաձայնությունը, քանի որ այսօրվանից է կախված մեր և մեր երեխաների վաղվա օրը:
Հայաստան՝ երկարաժամկետ ռազմավարություն և հայեցակարգ ունեցող իշխանությամբ
Անվստահությունից ու կորստի զգացումից հետո, շատերը պնդում էին, որ անտարբեր են դարձել այս իրականությանը, սակայն ես մեծ վճռականություն ու պատրաստակամություն ունեմ՝լծվելու Հայաստանի վաղվա օրը պայծառ դարձնելու գործին: Կարծում եմ՝ խավարն անիծելու փոխարեն, պետք է գործենք: Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին անհրաժեշտ է հստակ մշակված հայեցակարգ ու երկարամյա ռազմավարություն ունեցող իշխանություն: Ռազմավարության պակասն է, որը մեզ բերել է այս օրվան: Մենք պետք է նախ ախտորոշենք մեր պետության խնդիրները, ապա ազնվությամբ ասենք մեր ժողովրդին, որ տևական ժամանակ կպահանջվի արդյունքի հասնելու համար:
Հայաստանի զարգացումը կարող է մեկնարկել միայն անվտանգային խնդիրը լուծելուց հետո: Մեզ առնվազն պետք է 5-10 տարի՝ երաշխավորված անվտանգային համակարգ ունենալու համար: Այդ ժամանակահատվածը պետք է օգտագործել իրավական պետություն կառուցելու համար:
Բոլոր ժամանակներում Հայաստանի անվտանգության երաշխավորը եղել է ու կա մեր բանակը: Մենք պետք է ուղղենք մեր մեջքը և կրկին առաջին պլան մղենք մեր ազգային պետության շահը: Գնահատելով Հայաստանի իրական ներուժը, պետք է ոչինչ չխնայենք և հզորացնենք մեր բանակը:
Հաշվի նստելով ցավալի իրականության հետ, պետք է գիտակցենք, որ դժվարություններ են առաջանալու նաև Արցախի անվտանգության հարցում: Օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային օրենքը ճանաչում է ազգերի ինքնորոշումն ու նրանց տարածքային ամբողջականությունը, մենք իրավական ձևաչափով ունենք մեծ առավելություն և հնարավորություն՝ բարձրաձայնելու և գեներացնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ճանաչելով Արցախը, մենք պետք է ընտրենք երաշխավորված ու ընդունված ճիշտ ճանապարհը՝ Արցախի ժողովրդի համաձայնությամբ և հանրաքվեի միջոցով Արցախն ընդգրկել Հայաստանի կազմում:
Որակյալ կրթությունը՝ ազգային ռազմավարության հիմք
Իրական կրթություն ստացած մարդը չի կարող վատ ընտանիք կառուցել, չի կարող երկրի անվտանգային հարցերը չհասկանալ, կրթված մարդուն չես կարող հնազանդեցնել: Գիտելիքն ուժ է, կրթված սերունդը չի կարող պետություն չունենալ: Ազգային պետություն կառուցելու ճանապարհը հեշտ չի լինելու, բայց հնարավոր է: Բարեկիրթ սերունդ ունենալու գործին պետք է լծվեն բոլորը՝ ես, դուք, ուսուցիչները, ծնողները, պետական այրերը…. բոլորը:
Արտաքին հարաբերություններ՝ ի նպաստ Հայաստանի ազգային շահի
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանայի իր ստորագրած փոխգործակցության պայմանագրերը: Ասոցացված ու անդամակցված միությունների հետ հարաբերությունների ակունքում մենք պետք է դնենք հայկական շահը: Քննարկումների ճանապարհով կարող ենք փոփոխություններ իրականացնել այդ համաձայնություններում, իսկ եթե այդ պայմանագրերը վնասում են մեր շահերը, գուցե պետք է այդ ասոցիացիաներից դուրս գալու որոշում կայացնել:
Պետք է վերանայել բոլոր հնարավորությունները՝ տնտեսական, ռազմական, մշակութային և այլն, որոնք կարող ենք ունենալ այլ պետությունների հետ համաձայնության գալով: Մենք պետք է վերաիմաստավորենք մեր մոտեցումները և փոխգործակցության շնորհիվ մեր մշակույթը, գիտական պոտենցիալը, միտքը և կրթական մոդելը:
Չեմ կարող չնշել, որ տնտեսությունը զարգացնելու, արդյունաբերության, ռազմարդյունաբերության և անվտանգության խնդիրը լուծելու համար, անհրաժեշտ է ոչ միայն որակյալ կրթություն, այլ նաև այդ ոլորտներում ինովացիոն տեխնոլոգիաների կիրառում: Ինովացիայի զարգացումը կնպաստի սեփական բանակը զինելուն՝ լուծելով անվտանգային խնդիրը, իսկ ռազմամթերքի վաճառքից շահույթ կստանա տնտեսությունը:
Պետք է ստեղծենք արժեք կրթության ու գիտության ոլորտում և այն ներդնենք գյուղատնտեսության, ռազմական արդյունաբերության ու արդյունաբերության մեջ:
Պետք է նպատակային դարձնենք պետական եկամուտների ծախսումը, վերանայենք այս ճգնաժամային իրավիճակը ու սերունդների վրայից հանենք «արտաքին պարտք» կոչված բեռը:
Եթե մեզ համար կարևոր են մեր երկիրն ու հայրենիքը, պետք է թույլ տանք իշխանության գան այն ուժերը, որոնք կառաջնորդվեն մեր ազգային արժանապատվության, մեր արժեքների ու մշակույթի պահպանման և անվտանգության ապահովման սկզբունքներով: