Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Լուսանկարում՝ Տաթեւ Սրբազանը 44 օրյա պատերազմի օրերին հայ զինվորների հետ ռազմաճակատում

 

Բզկտված ու մասնատված, դավաճանված ու խոցված է այսօր մեր Հայրենիքը, ինչպես մեծն Թումանյանը կասեր՝ զարկված Հայրենիք, զրկված Հայրենիք, ողբի Հայրենիք, որբի Հայրենիք, բայց նաև հույսի Հայրենիք, լույսի Հայրենիք և ի վերջո նոր Հայրենիք, Հզոր հայրենիք:

Սակայն լույսին ու հույսին հասնելու, նոր ու հզոր Հայրենիք կառուցելու համար հենց այսօր, այս ակնթարթին, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գիտնականից մինչև ռամիկ, արվեստագետից մինչև հողագործ, քաղաքական գործչից մինչև մանկավարժ, հոգևորականից մինչև պարզ հավատացյալ, պիտի զարթնի անտարբերության թմբիրից, անզգայական այս վիճակից, ազգովի պիտի ոտքի կանգնի՝ մի կողմ դնելով ամեն տեսակ տարաձայնություն, կուսակցական պատկանելություն, սևի ու սպիտակի բաժանում, անձնական շահ ու թշնամանք և իր ողջ ներուժն ու հնարավորությունները ներդնի մեր պետականության փրկության համար:

Ներքին ու արտաքին թշնամիները բոլոր կողմերից պաշարել են մեզ և օրեցօր սեղմում են օղակը, մեր պետականության գլխին դամոկլյան սրի պես դարձյալ կանգնած է լինելության հարցը, վտանգված է երկրի անվտանգությունը, ամեն րոպե օրհասական լուրեր են ստացվում Հայաստանի սահմանային տարբեր բնակավայրերից: Գործող իշխանությունները ոչ միայն ունակ չեն ապահովելու արյունով կերտված մեր անկախ պետականության սահմանները, այլև իրենց անհեռատես, չմտածված կամ նույնիսկ կանխամտածված քայլերով ջուր են լցնում թշնամու ջրաղացին և ցավ ի սիրտ չեն սպասարկում ազգային շահը:

Մեզ ջլատում են, պառակտում են, հային հայի դեմ հանելով մասնատում ու թուլացնում, քանզի քաջ գիտակցում են, որ միասնական բռունցք դարձած հայ ազգն անպարտելի է: Ազգ իմ հայոց, դարձյալ եկել է պահը, որպեսզի մենք ապացուցենք, որ ողջամիտ ազգ ենք, միասնական ու համախմբված, որ արժանի ենք մեր նախնյաց արյունով կերտված անկախ պետականությանը, մեր հազարամյա պատմության հերոսկան ոգու կրողն ու շարունակողն ենք:

          Ազգ իմ փառապանծ, սիրեցյալ ժողովուրդ իմ հայոց, քաղաքական, հասարակական, պետական, մշակութային գործիչներ ու այրեր, հոգևորականներ ու աշխարհականներ, տիկնայք և պարոնայք, արթնացեք, սթափվեք, միացեք և հարկ եղած պարագային եկեք միասին կրկնենք Սարդարապատի հրաշքը և թշնամուն դուրս շպրտենք հայոց աշխարհից: Եթե այսօր ոտքի չկանգնենք ու չգործենք, ապա հնարավոր է վաղը դառնանք առանց հայրենիք մի ժողովուրդ, ինչպես ասորիները, ղպտիները և շատ ու շատ այլ ազգեր, որոնք ժամանակին ունեցել են պետականություն կամ հզոր կայսրություններ: Միայն սոցիալական, նյութական ու հացի խնդիր լուծելով պետականություն չենք կարող կերտել, եթե չունենք ազգային գաղափարախոսություն, համընդհանուր արժեքներ և Մայր Հայրենիքը սրբորեն պահելու և անհրաժեշտության պարագային մեզ զոհաբերելու գիտակցությունը:

Եկեք ամեն ժամ աղոթք անենք, ազգովի ապաշխարենք և դարձի գանք: Ես հավատում եմ, որ Աստված չի լքել մեզ, այդ մենք ենք երես դարձրել Աստծուց, դարձել անտարբեր, չարակամ ու նախանձ, հեռացել քրիստոնեական մեր արմատներից, սրբություններից, Մայր Եկեղեցուց: Սակայն ամեն բան դեռ կորած չէ: Ուրեմն, ի զեն, ի գործ հանուն Հայրենիքի փրկության: Աստված բոլորիս պահապան:

 

Տ. Տաթև եպս. Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի