Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Մայիսի 22-ին տոնում ենք մեծանուն արտիստ, բարերար, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձը։ 

 Շառլ Ազնավուրը ֆրանսիական մշակույթի, երգի և ֆրանսերեն լեզվի դեսպանն է ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործական ուղին սկսվեց Ֆրանսիայում, սակայն նրա հռչակն այդուհետ տարածվեց երկրի սահմաններից դուրս, և ամենահեղինակավոր համերգասրահները հոտնկայս ծափահարեցին նրան: Հայաստանում 1988-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը ծավալեց նաև մարդասիրական գործունեություն. այդուհետ նրա բարեգործական ծրագրերը տարածվեցին Ճապոնիայից մինչև Հայիթի և ընդգրկեցին հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

 Ի նշանավորումն լեգենդար արտիստի 97-ամյա տարեդարձի՝ «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում կայացավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:

 Արձանի ընտրության վայրը պատահական չէ. այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:

 Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

 Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։ Վերջինս  կիսանդրին նվիրել էր Ազնավուրին դեռեւս 1964 թվականին, երբ նա առաջին անգամ այցելել էր  Հայաստան

«Հայրս իր համեստ բնավորության և տաղանդի շնորհիվ դարձել է ֆրանսիական երգի և մշակույթի խորհրդանիշն ամբողջ աշխարհում: Այսօր մենք ուրախ ենք մասնակցել նրա կիսանդրու բացման արարողությանը Փարիզի Մսյո լը Պղենս փողոցին հարող այս հրապարակում: Որպես «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Իդալգոյին, պարոն Լըկոքին և Փարիզի քաղաքապետարանին՝ աջակցության և այս միջոցառումը կազմակերպելու համար:

 

Երբ հայրս առաջին անգամ այցելեց Հայաստան, քանդակագործ Ալիս Մելիքյանը նրան նվիրեց այս կիսանդրին: Տարիներ շարունակ այն խնամքով պահվել է մեր տանը, բայց այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզցիներին և քաղաքի հյուրերին: Հուսով ենք՝ այս կերպ կօգնենք պահպանել հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը», - իր ելույթում նշել է Նիկոլա Ազնավուրը:

 

«Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. սա, իրապես, մեծ սիրո շատ սիրուն պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզցի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»...Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնք նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ...Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է։

 

Սիրելի՛ բարեկամներ, սա կարևոր օր է, և ինձ համար մեծ երջանկություն է ներկա գտնվել Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը։ Ամեն անգամ մեծ հուզմունքով ենք հավաքվում՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստին»,- իր ելույթում նշեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

 

Միջոցառմանը ներկա էին նաև Ազնավուր ընտանիքի անդամներն ու ընկերները, Ֆրանսիացի գործիչներ և արտիստներ: 

«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից։ Հիմնադրամի նպատակն է շարունակել լեգենդար արտիստի նախաձեռնած զարգացման ծրագրերը՝ նախագծեր իրականացնելով կրթության, մշակույթի և հասարակության բարեկեցության ապահովման ոլորտներում։ 2018 թվականից ի վեր Հիմնադրամի առաքելության մեկ այլ առանցքային ուղղություն է Ազնավուրի հսկայական մշակութային ժառանգության և մարդասիրական արժեքների պահպանումն ու տարածումը:

 

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձանների տեղադրման ծրագիր աշխարհի տարբեր նշանավոր քաղաքներում, որն իրականացվում է տեղական իշխանությունների, կազմակերպությունների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ և  լեգենդար արտիստին հարգանքի տուրք մատուցել ցանկացող մասնավոր բարերարների աջակցությամբ:

 

Այս ծրագրի շրջանակներում առաջին համագործակցությունն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության և մասնավորապես Փարիզի քաղաքապետարանի հետ, իսկ այլ քաղաքներում տեղադրվելիք հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակենք առաջիկայում։

orer.eu

 

 

orer.eu