Այս տարին հոբելյանական է դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան, ինչպես նաև գեղանկարիչ Արթուր Էլբակյանի համար:
Դպրոցական տարիներին զբաղվել է ֆուտբոլով և հրավեր ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից։ Սակայն լուրջ վնասվածքը և անակնկալ հանդիպումը ԽՍՀՄ ժողովրդական դերասան, բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի հետ բեկումնային են դառնում Արթուրի կյանքում և հատկապես մասնագիտության ընտրության հարցում։ Ասում են, որ մարդու կյանքում ոչինչ պատահական չի լինում: Հենց այդ հանդիպումն էլ հուշում է Արթուրին, որ իր կոչումն արվեստի մարդ լինելն է: Ու Հ. Ղափլանյանի հրավերով էլ սովորում է
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիայում, իսկ հետո ընդունվում և սովորում է ԽՍՀՄ Ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում (դասախոս՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյան) ։ 1980 թ. Արթուր Էլբակյանը ավարտում է թատրոնի ստուդիան և որպես դիպլոմային աշխատանք (ռեժիսոր Խ. Աբրահամյան) Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսում խաղում Զիմզիմովի դերը:
Ավարտելուց հետո նա որպես դերասան աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական, Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում: 1981 - 1991 թթ. շարունակում է կրթությունը և սովորում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, պրոֆեսոր Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում՝ թատրոնի և կինոյի բեմադրիչ մասնագիտությամբ։ Գրեթե նույն ժամանակահատվածում մասնակցում է մի շարք հեռուստատեսային և ռադիո բեմադրությունների:
Լինելով նախաձեռնող ու ստեղծարար՝ 1990թ. հիմնադրում է «Թատրոն-13»-ը:
1993 - 1995 թթ. Արթուր Էլբակյանը Հայաստանի hանրային hեռուստատեսությունում՝ հեղինակում և վարում է«Նորին մեծություն թատրոն» և «Ժամադրություն» հաղորդաշարերը: 1995 - 1996 թթ. ՀՀ ժողովրդական դերասաններ Լևոն Թուխիկյանի, Վլադիմիր Մսրյանի և Գուժ Մանուկյանի հետ ստեղծում է «Թատրոն» հիմնադրամը։ «Ար» հեռուստաընկերության հիմնադիրներից է:
1998թ.-ից նա ստեղծագործում, արարում և մեր մշակույթը ներկայացնում է արտերկրում՝ Մոսկվայում լինելով «Армянское радио»-ի գլխավոր պրոդյուսերը, ինչպես նաև ՌԴ-ում Հայաստանի հանրային հեռուստաընկերության սեփական թղթակիցը, մի շարք հաղորդումների հեղինակ, «London & Regional Properties» ընկերության խորհրդատու Մոսկվայում և ԱՊՀ երկրների տարածքում։
Ունենալով սեփական նախագծեր, յուրօրինակ ու չկրկնվող գաղափարներ ու նախաձեռնություններ՝ շա՜տ ու շատ արվեստագետների նման, նրա կյանքում էլ գալիս մի պահ, որ գերադասում է ազատ ստեղծագործել: Եվ արդեն 2005 թվականից Ա. Էլբակյանը, անցնում է ազատ ստեղծագործության:
Ա. Էլբակյանի գեղանկարներից
Գրում է պիեսներ, սցենարներ, գրքեր, բանաստեղծություններ, նկարում հրաշալի գեղանկարներ, նկարահանում վավերագրական ֆիլմեր, որոնցից
2012 թվականին Los Angeles Film & Script Festival փառատոնում Արթուր Էլբակյանի What is Jass կարճ ֆիլմը արժանանում է գլխավոր մրցանակի։
«Իմ խելագար Շեքսպիրը» պիեսը Արթուր Էլբակյանի լավագույն ստեղծագործություններից է և ահա նրա բեմադրությամբ և կատարմամբ, 2014 թվականին Նյու-Յորքում UNITED SOLO մոնո ներկայացումների աշխարհի ամենամեծ փառատոնում արժանանում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, որը նաև Back Stage ամսագրի, backstage.com կայքի համատեղ մրցանակն է։ Այդ ներկայացումից հետո էլ նա դառնում է Էլբակյանը ԱՄՆ-ի դրամատուրգների գիլդիայի անդամ է:
Այս պիեսը, փաստորեն շատ կարևոր դեր ուներ Ա. Էլբակյանի կյանքում:
Պարզվում է՝ 60-ամյա հոբելյարին շնորհավորելու ևս մեկ առիթ կա: Բոլորովին վերջերս Իտալիայի թատերական ակադեմիայում մեր հայրենակիցը հենց այս պիեսի հիման վրա պաշտպանում է դոկտորականը և ստանում դոկտոր, պրոֆեսոր ակադեմիկոսի կոչում:
Նույն աշխատանքով նա ներկայանալու է նաև
Համոզմունքով հուսանք, որ առաջիկայումն ԱՄՆ-ի թատերական ակադեմիաներից մեկում ևս արժանի գնահատանքի կարժանանա հայ հեղինակը:
Իհարկե, կոչում, որը շնորհվել է Ա. Էլբակյանին, փաստացի գնահատանք է, բայց նրա արվեստագետ ու արվեստաբան ընկերներն իրենց մտքերում վաղուց այդ բոլոր կոչումները շնորհել էին իրենց ընկերոջը, և, ինչպես իմացանք, հենց նրանք էլ առաջարկել են, որ հեղինակն իր աշխատանքը ներկայացնի աշխարհի բարձր ամբիոններին:
Ասենք նաև, որ Արթուրի արմատները Կարսից են, նույնիսկ վերջերս նա մի լուսանկար էր տեղադրել իր էջում և գրել. «Ակունքներս Կարսից են:
Պապս ու Տատս քայլել են այս բուլվարում... »:
Կարսի ու կարսեցի Հայաստան տատի մասին հուսանք, որ հեղինակը մի լավ գիրք կնվիրի իր ընթերցողին:
Բայց Ա. Էլբակյանի սերը Երևանն է, նա ֆիզիկապես օտարության մեջ է, օտար ափերում, բայց ողջ հոգով ու սրտով իր հարազատ քաղաքում է՝ Երևանում: Դա մի այլ, բոլորովին այլ բան է, երբ մարդը Երևանում չէ, բայց հենց Երևանում է: Իր և իր նման շա՜տ-շատերի կարոտն էլ փարատելու համար 2017 թ. նա ստեղծեց «Արթուր Էլբակյանը ժամադրում է» հեռուստահաղորդման շարքը, որը նվիրված է Երևանին և երևանցիներին։ Ստեղծագործող, անհանգիստ, պրպտող իսկական երևանցին ստեղծել է հոգևոր Երևանի կերպարը օտար ափերում և իր շուրջն հավաքել մեր հայրենակիցներին:
Գիտե՞ ք, դա էլ մի բոլորովին այլ բան է, ապրել օտարության մեջ, մնալ իսկական հայ, ապրել, ստեղծագործել, հարազատ երկրի համար՝ շնչում պահելով հայրենի երկրի կենարար օդը և բույրը…
Մարիամ Ալեքսանյան