Խորհրդանշական է, որ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, պրոթեզավորման նպատակով Պրահայում գտնվող երեք հայ հերոս տղաները՝ Արամը, Սարգիսը եւ Նորայրը երեքամսյա բուժումից հետո հաղթանակած վերադարձան Երեւան։ Տղաները ոչ միայն հաղթահարեցին անցյալ ամիսների դժվարություններն ու խոչընդոտները, այլեւ կարողացան մի կողմ թողնել հաշմանդամի սալյակները եւ հաստատուն քայլերով մեկնել հայրենիք։
Ինչպես արդեն նշել ենք, այս նախագիծը իրականացրեց ,,Տուր ինձ հույս,, հասարակական կազմակերպությունը՝ վարսահարդար Սոնա Վարդանյանի եւ լուսանկարիչ Մարինա Տեր-Ղազարյանի անձնվեր ղեկավարությամբ։ Անցած ամիսներին նրանց սատարեցին նաեւ բազմաթիվ չեխահայեր, որոնք թե ֆինանսապես, թե ֆիզիկապես օգնեցին հնարավորինս դյուրացնելու հայորդիների բուժումն ու վերականգնողական ընթացքը։ Բավական է միայն նշել, որ 70-ից ավելի հայ կանայք հերթագայությամբ ամեն օր տարբեր ճաշատսեակներ են պատրաստել եւ հյուրանոց տարել, որպեսզի տղաները սնվեն տնային կերակուրներով, նկատի ունեալով նաեւ, որ համավարակի պայմաններում բոլոր ռեստորանները փակ էին։
Տղաները մեզ հետ զրույցում պատմեցին իրենց անցկացրած օրերի, տպավորությունների եւ ապագա անելիքների մասին, ինչը կհրապարակենք ՕՐԵՐ եվրոպական ամսագրում։ Իսկ մինչ այդ նշենք, որ նրանք բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին Պրահային եւ չեխահայերին, որ եկել էին Վացլավ Հավելի անվան օդանավակայան։ Ճանապարհողների թվում էր նաեւ Չեխիայում Հայաստանի հյուպատոս Մանվել Ավետիսյանը տիկնոջ հետ։
Ինչ վերաբերում է ,,Տուր ինձ հույս ,, կազմակերպության ապագա ծրագրերին, ապա դրանց մասին Սոնան եւ Մարինան կտեղեկացնեն Հայաստանից վերադառնալուց հետո։
Հաջողություն ենք մաղթում մեր հերոս տղաներին եւ աղջիկներին՝ նման մեծ մարդասիրական ծրագրի իրականացման գործում։
orer.eu
Լուսանկարները Հ.Ասատրյանի
Երեք ամիս առաջ, տղաները հենասալյակներով եկան Պրահա