1920-ից մինչև մեր օրեր. ադրբեջանական վայրագությունները Շուշիում
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 1911 թվականին այսպիսի տեսք է ունեցել.
Մայր տաճարի կառուցումը սկսվել է 1868 թվականին և ավարտվել 1887 թվականին։ Եկեղեցու պատերին կային բազմաթիվ վիմագրական արձանագրություններ, որոնցից մեկը փաստում էր, որ տաճարի ճարտարապետը եղել է Սիմեոն Տեր-Հակոբյանցը։ Այստեղ պահվում էին հնագույն ձեռագրեր և ոսկեզօծ պահապան հրեշտակներ։ Այն 19-րդ դարի հայ մշակույթի հսկակայական մարմնավորումն է եղել։
Ադրբեջանական բարբարոսություններից հետո 1972 թվականին եկեղեցին այսպիսի տեսք ուներ.
1940-ականներին Մայր տաճարն օգտագործվեց որպես պահեստ, այնուհետև 1950-ական թվականներին քանդել են եկեղեցու գմբեթը և ապամոնտաժել եկեղեցու քարերը։ 1970-ականներին ադրբեջանական բարբարոսությունները հասան իրենց գագաթնակետին. եկեղեցու տարածքում և ներսում այրեցին մեքենաների անվադողեր և տարբեր պայթուցիկ նյութեր՝ պատերին թողնելով տարբեր ադրբեջանական գրություններ։
Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին վերանորոգվեց և ավերված գմբեթը վերականգնվեց 1998 թվականին։
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից եկեղեցին հրթիռակոծվեց, որի պատճառով վնասվեց եկեղեցու գմբեթը։ Պատերազմից հետո, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, ադրբեջանցիները շարունակեցին պղծել այն:
Հայերի կոտորածը Շուշիում 1920-ականներին և դրա հետևանքները.
Շուշիի Վերին թաղի ավերակները հարավ-արևելյան կողմից
1920-ականնների առաջին կեսին անհայտ հեղինակ լուսանկարել է Շուշիի հայկական թաղամասերի ավերակները։ Լևոն Միրզոյանը, որը ծնունդով Ղարաբաղից էր, իմանալով, որ Ադրբեջանը մտադիր չէ կատարել Շուշի քաղաքի վերականգնման վերաբերյալ որոշումը, կազմակերպեց քաղաքի ավերակների նկարահանումը։ Լուսանկարները փրկել և Երևան է տեղափոխել Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի գրադարանի աշխատակից, շուշեցի Նինա Աբգարովնա Մանգասարովան։
Շուշիի Ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները
Մինչև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կառուցումը Ագուլեցոց եկեղեցին ամենամեծ տաճարն է եղել Շուշիում և համարվում էր Մայր տաճար։ Այն ավերվել է 1920 թվականի մարտին։ 1960-ական թվականներին ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են եկեղեցին և դպրոց են կառուցել։
Այսպիսին էր Շուշին գրող Մարիետա Շահինյանի հուշերում
«1920-ի մարտին երեք օրվա ընթացքում այստեղ ավերվեց և այրվեց 7000 տուն։ Թվերը տարբեր են, ոմանք ասում են` 3-4 հազար հայ կոտորվեց, մյուսները` 12 հազարից ավելին: Փաստն այն է, որ 35 հազար հայերից ոչ մեկը չի մնացել Շուշիում», - գրել է Մարիետա Շահինյանը:
Մի քանի լուսանկարներում առանձնանում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, որը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։
Եկեղեցին կոչվել է նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ։ Այն նաև հայտնի է Ղարաբաղցոց եկեղեցի անվանմամբ: Կանաչ ժամ անունը պայմանավորված է եկեղեցու կանաչ գմբեթով։ Հետագայում ադրբեջանական ռեժիմի պատճառով եկեղեցին վերածվեց հանքային ջրերի համար նախատեսված սրահի։ Այնուհետև 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիները ամբողջությամբ քանդել են Կանաչ ժամի գմբեթները:
Շուշիի Ջրաբերդոց թաղամասի ավերակներն են, կենտրոնում Կուսանաց Վանքն է։
Քաղաքի այս հատվածն անվանվել է նաև Անապատ։ Այն ամենահին մշակութային կառույցներից է եղել։ Վանքը կառուցվել է 1816 թվականին։ Այն ևս անխղճորեն քանդվել է 1960-1970-ականներին։