Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Վաղվանից Բեռլինիում կմեկնարկեն  գերմանահայկական մշակութային օրերը։   Մայիսի 2-ին Կառլսհորստի մշակույթի տան պատկերասրահում կբացվի  «Ինքնաքննության վեց ճակատները» խորագրով ցուցահանդեսը, որի համադրողն է բեռլինաբնակ հայտնի արվեստագետ Արչի Գալենցը:

Այս տարվա գերմանահայ մշակույթի օրերը նպատակ ունեն խթանել սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում հայ ինքնության վերաբերյալ մտորումները:

Ցուցահանդեսին Արչի Գալենցը ներկայացրել է իր աշխատանքներից զատ 19 այլ հայ արգեստագետների գործեր, որոնք ստեղծագործել են կամ շարունակում են ստեղծագործել աշխարհի տարբեր մասերում։ Ավելի տարողունակ է նաեւ թեմատիկան՝ Խորհրդային կայսրության փլուզումից մինչև Հայաստանի անկախության վերականգնումը:

Արչի Գալենցը ներկայացրել է  1997-2004թթ իր այն աշխատանաքները, որոնք նվիրված են երկրի կորստին, եւ այսօր առավել քան արդիական են, ինչպես նաեւ Բեռլինի Վեդդինգ շրջանում գտնվող իր InteriorDASein մշակույթի սրահի հավաքածուից գեղարվեստի կարևոր գործեր և պատմական շնչով տոգորված ցուցանմուշներ։  

Ներկայացված գործերի թվում են հանրածանոթ նկարիչներ Մինաս Ավետիսյանի եւ Հակոբ Կոջոյանի նկարները, ինչպես նաեւ բեյսբոլի բնօրինակ գլխարկը՝ «Դուխով» մակագրությամբ, որը դարձել է 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» տարածված կարգախոսը:

Հետաքրքիր է, որ 20 նկարիչներից 11-ը կին ստեղծագործողներ են, որոնց գործերը ներկայացվել են վերջին՝ ,,Հույս,, բաժնում, այդ թվում՝  Մերի Մունի, Սոֆյա Գասպարյանի, Նարինե Իսաջանյանի, Նարինե Զոլյանի, Սիլվինա Տեր Մկրտիչյանի, Եվա Հարութի գեղանկարները, իսկ ,,Էթնոգրաֆիայի պոեզիա,, բաժնում ցուցադրվում են Ռոզա Այզենմենգերի, Գայանե Խաչատրյանի, Նունե Ասատրյանի եւ Նվարդ Երկանյանի աշխատանքները, այդ թվում նաեւ վերջերս կյանքին հրաժեշտ տված Զավեն Սարգսյանի լուսանկարները։

 

Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, նկատի ունենալով Բեռլինում մտցված համավարակային նոր սահմանափակումները, բայց առնվազն մշակութային օրերի կազմակերպիչ, Հայ եւ Եվրոպացի մասնագետների ասոցիացիայի նախագահ  Միքայել Մինասյանը կկատարի բացումը եւ աշխատանքները կցուցադրվեն առցանց ռեժիմով։

Գերմանահայկական մշակութային օրերի ծրագրում նախատեսվում էին նաեւ  մայիսի 12-ին դասախոսություն, որը կվարի  դոկտոր, պրոֆեսոր  Էլկե Հարթմանը՝ ,,Հուշամատյան. Կորցրածի, ինքնության և ապագայի վերակառուցում,, թեմայով։ ,,Հայկի եւ Բելի մենամարտ,, մանկական ներկայացումը նախատեսված է մայիսի 21-ի երեկոյան, իսկ փակման օրը՝ հունիսի 6-ին ելույթ կունենան ամուսիններ՝  հայտնի երգչուհի, սոպրանո Հրաչուհի Բասենցը եւ բարիտոն  Գոռ Հարությունյանը։ 

Մշակույթի օրերի հովանավորությունը ստանձնել է շրջանի քաղաքապետ Մայքլ Գրունստը։

Ամեն դեպքում ցուցահանդեսի փակումը նախատեսված է հունիսի 6-ին, որի ժամանակ միգուցե թույլատրվի նաեւ այցելուների մուտքը։

 

ՕՐԵՐ

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ ՝ http://aeae.eu/de/nachrichten/545