Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լատվիայի մշակույթի նախարար Նաուրիս Պունտուլիսի հետ
Ապրիլի 23-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Լատվիայի մշակույթի նախարար Նաուրիս Պունտուլիսի հետ։
Նախարար Նաուրիս Պունտուլիսը բարձր գնահատեց դեսպան Մկրտչյանի մշակութային դիվանագիտական գործունեությունը բալթյան տարածաշրջանում և հատկապես Լատվիայում՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում կազմակերպված բազմապիսի միջոցառումները, որոնցում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ լատվիացի բարձրակարգ արվեստի և մշակույթի գործիչներ և խմբեր, մեծ արձագանք են ստացել Լատվիայում։ Նախարարն ավելացրեց, որ հայ-լատվիական համատեղ նախաձեռնությունների մի մասը նաև միջազգային լայն արձագանք է ստացել։
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում կազմակերպված համերգները, ցուցահանդեսները, գրքերի տպագրությունը, գրադարանների հետ աշխատանքը, գիտաժողովները և այլ միջոցառումները միտված են եղել Հայաստանը և հայ ժողովրդի բազմադարյա արվեստն ու մշակույթը ընդունող երկրի հասարակությանը լավագույնս ներկայացնելուն, ինչն անխուսափելիորեն իր հետքն է թողել նաև երկու երկրների և ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների սերտացման վրա։
Հանդիպման ավարտին նախարար Պունտուլիսը, ի երախտագիտություն կատարված աշխատանքների, դեսպան Մկրտչյանին հանձնեց Լատվիայի մշակույթի նախարարության շնորհակալագիրը՝ Հայաստանի և Լատվիայի միջև մշակութային կապերի սերտացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Latvijas Republikas Kultūras ministrija