Ապրիլի 22-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանն մատուցեց Սրբոց Նահատակաց հիշատակության արարողություն։ 2015 թվականից, երբ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերը Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասվեցին, այլեւս հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվում է հիշատակության արարողություն։
Իր քարոզում Հայր Բարսեղը ներկա հայությանը կոչ արեց սիրով ու միաբանությամբ գործել, աղոթել սրբադասված հայ նահատակների համար, եւ հզորանալ, որպեզի որեւէ պետությունից ոչ թե խնդրողի դերում լինենք, այլ հզորացած գործընկերոջ։
Հոգեւոր հայրը անդրադարձավ նաեւ Հայաստանում եւ սփյուռքում հայության այսօրվա հոգեվիճակին, եւ հորդորեց չվհատվել, այլ միասնական ջանքերով դուրս գալ ճգնաժամից։
Հիշատակի խոսք ասաց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով անդրադարձավ Ապրիլի 24-ի խորհրդին եւ նշեց, որ Չեխիայի կառավարական սահմանափակումների պատճառով այլեւս մասշտաբային միջոցառումներ չեն կարող իրականացնել, սակայն ծխական խորհրդի հետ միասին, բացի ժամերգությունից, նախատեսվում է նաեւ ապրիլի 24-ին ժամը 14-18-ը ծաղիկների խոնարհում եւ մոմավառություն հայկական խաչքարի մոտ։
Նախատեսվում է նաեւ, որ դեսպան Հովակիմյանը դեսպանության կայքէջում եւ սոցիալական ցանցերում կհրապարակի չեխահայ համայնքին ուղղված Ապրիլքսանչորսյան ուղերձ։
Վերջում Հայր Բարսեղը ողջունեց նաեւ արարողությանը ներկա ,,Տուր ինձ հույս,, բարեգործական կազմակերպության նախագահ Սոնա Վարդանյանին եւ երեք հայ զինվորներին՝ Արամին, Նորայրին եւ Սարգիսին, ովքեր արդեն անցել են պրոթեզավորում եւ ինքնուրույն քայլերով եկել էին եկեղեցի։ Չորրորդ զինվորը՝ Արարատն արդեն վիրահատվել է Վիեննայում եւ շուտով կվերադառնա Պրահա պրոթեզավորման։ Տեղեկացնենք, որ վերջինիս պրոթեզավորմանը ֆինանսապես աջակցելու համար Պրահայի հայ կանայք Սոնա Վարդանյանի գլխավորությամբ շաբաթ օրը ժամը 8-14-ը Պրահայի Հոլեշովիցեի տոնավաճառում կվաճառեն հայկական թխվածքներ եւ այլ ուտեստեղեն, եւ հավաքված ողջ գումարը կտրամադրվի Արարատի բուժմանը։
Հ.Գ.
Քանի որ Հայր Բարսեղը գործուղման է մեկնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Հոգի եկեղեցին բաց կլինի միայն շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 12-16-ը։
orer.eu