Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Ստորեւ Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում Բաքւում «Ռազմաւարի զբոսայգու» բացման առնչութեամբ մեր Թեմի յայտարարութեան հայերէն տարբերակը, որի գերմաներէն տարբերակը հրապարակուեց երէկ (տես ներքեւում)։ Յայտարարութիւնը նամակի ձեւով երէկ ուղարկուեց նաեւ Գերմանիայի խորհրդարանի նախագահին, խմբակցութիւնների ղեկավարներին եւ Արտաքին գործերի նախարարութեան։
 
 
Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Սերովբէ Եպս․ Իսախանեանն ու թեմական մարմինները խորը սարսափով տեղեկացան Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած հակահայկական ծայրահեղութիւնների մասին:
 
12 Ապրիլ 2021-ին Բաքւում բացուեց այսպէս կոչուած «Յաղթանակի պուրակը», որն անմիջականօրէն կապուած է անցեալ տարուայ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ընդդէմ Արցախի սանձազերծուած 44-օրեայ պատերազմի հետ: Այս «բացօթեայ թանգարան» կոչուածը կամ «Ռազմական աւարի զբոսայգին» ստեղծուել է այցելուներին յիշեցնելու ադրբեջանական «յաղթանակի» մասին: Սակայն զբոսայգին ակնյայտօրէն ամենեւին էլ հակամարտութեան հետ առերեսման մասին չէ։ Իզուր է այդ համալիրում հակամարտութեան պատճառների կամ սկզբնաւորման վերաբերեալ տեղեկատւութիւն փնտրելը։ Այս նախագծի իրականացման բուն նպատակը հայ զոհերի յիշատակն անարգելն ու ընդհանրապէս հայերին ծաղրելն է:
Վերջին օրերին միջազգային մամուլի կողմից հրապարակուած նկարները ցոյց են տալիս, թէ ինչպէս են ադրբեջանցիները իրենց մանկահասակ երեխաների հետ այցելում այս զազրելի «թանգարան» կոչուածը, ծաղրում ու ապտակում զոհուած հայ զինուորների համազգեստով զգեստաւորուած մոմարձաններին:
 
Այս պուրակը պետական մակարդակով հովանաւորուող եւ Թուրքիայի կողմից աջակցուող հայատեացութեան հերթական դրսեւորումն է Ադրբեջանում: Աննկարագրելի են այն ցաւերն ու տառապանքը, որ պատճառում են այս պատկերները զոհուած, վիրաւոր, անյայտ կորած կամ գերուած հայերի ընտանիքներին, եւ ընդհանրապէս հայ հասարակութեանը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Յատկապէս աչքի է զարնում հայերի հանդէպ Ադրբեջանում ցուցաբերուող ինստիտուցիոնալ համապարփակ ատելութեան սահմաններ չճանաչող ուժը: Այս ատելութիւնը քարոզչական քաղաքականութեան մի մասն է, որը ադրբեջանական պետութիւնը նպատակամղուած մատուցում է իր հանրութեանը եւ այն հասցնում նոյնիսկ մանկահասակ անմեղ երեխաների սրտերին:
 
Հայատեացութեան այս քաղաքականութիւնը, որը տասնամեակներ շարունակ հետեւողականօրէն վարում է Ադրբեջանը եւ որն ապացուցուել է բազմաթիւ օրինակներով, պէտք է խստօրէն դատապարտուի եւ արժանանայ համաշխարհային հանրութեան պարսաուանքին եւ դատապարտմանը:
Ուստի մենք հրատապ կերպով դիմում ենք Գերմանիայի դաշնային կառավարութեանը, երկրամասային իշխանութիւններին, քաղաքական կուսակցութիւններին, մեր քոյր եկեղեցիների առաջնորդներին, մեր գործընկերներին, մասնաւորապէս՝ ինտեգրման, կրթութեան, մշակոյթի եւ սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին, եւ ընդհանրապէս գերմանական հասարակութեանը՝ յստակ դիրքորոշում որդեգրել ընդդէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ցուցաբերուող հայատեացութեան, թշնամական, անմարդկային ու յանցագործ վերաբերմունքի, դատապարտել դրանք եւ կանգնել սպառնալիքների ու հետապնդումների ենթարկուածների կողքին:
Ադրբեջանը դեռ իր ձեռքում է պահում բազմատասնեակ հայ ռազմագերիների: Հակառակ կողմերի միջեւ կնքուած համաձայնագրերի, որոնք նախատեսում են գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ հրաժարւում է հայկական կողմին յանձնել գերիներին, ի տարբերություն հայկական կողմի, որն արդէն իսկ բոլորին յանձնել է հակառակ կողմին։
 
Օրաւուր մենք ստանում ենք նաեւ տեղեկութիւններ վերջին պատերազմից յետոյ Ադրբեջանին անցած տարածքներում հազարամեակների ու հարիւրամեակների պատմութիւն ունեցող հայկական եկեղեցական կառոյցների աւերածութիւնների եւ վնասումների մասին։ Ակնյայտ է, որ փորձ է արւում քայլ առ քայլ ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը կամ հայկական պատմական յուշարձանները ներկայացնել որպէս «հին աղուանական կամ ուդիական կրօնական ժառանգութիւն»:
44-օրեայ պատերազմը մարդասիրական աղետի պատճառ դարձաւ ողջ Արցախում։ Տեղի բնակիչները անհապաղ կարիքն ունեն բարոյական ու մարդասիրական աջակցութեան եւ հոգեվնասվածքային հոգատարութեան: Այնուամենայնիւ, միջազգային շատ մարդասիրական կազմակերպութիւններ դժուարութիւններ ունեն պատերազմից յետոյ անգամ այցելել Արցախ եւ օգտակար լինել այնտեղի կարիքաւոր մարդկանց:
Մենք դաշնային կառավարութեանը կոչ ենք անում ակտիւօրէն աշխատել այս խնդիրների մարդասիրական լուծման ուղղութեամբ: Ոչ մէկն իրաւունք չունի անտարբեր մնալ։ Կարևոր չէ, թէ որ երկրում են մարդիկ դառնում նախապաշարումների, ատելութեան, անյանդուրժողականութեան եւ ցեղատեացութեան զոհեր:
Առիթն օգտագործելով ցանկանում ենք մեր շնորհակալութիւնն յայտնել Գերմանիայի եկեղեցական եւ աշխարհիկ մարդասիրական ու բարեգործական բոլոր կազմակերպութիւններին՝ մինչ այժմ ցուցաբերած աջակցութեան համար եւ յուսալ հետագայ արդիւնաւետ համագործակցութիւն:
Քյոլն, 19 Ապրիլ 2021
Դիւան Առաջնորդարանի