Նա կանխորոշում էր այսօրվա իրավիճակը
Նյու Յորքի Քարնեգի հաստատության նախագահ Վարդան Գրեգորյանի հետ հանդիպեցինք 2006 թվականին՝ Պրահայում նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանու ներքո անցկացվող ,,Ֆորում 2000,, միջազգային համաժողովի ընթացքում, որին նա մասնակցում էր իբրեւ հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ցավալիորեն, օրեր առաջ մենք հրաժեշտ տվեցինք համաշխարհային մակարդակի հայ գիտնականին ու մարդասերին, որը վերջին տարիներին հայտնի դարձավ նաեւ որպես ,,Ավրորա,, մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։
Մեզ տված հարցազրույցում, նա անդրադարձավ նաեւ Հայաստանի տարածաշրջանային դերին եւ գերտերությունների հետաքրքրությանը մեր տարածաշրջանի նկատմամբ։
Ահա պարոն Գրեգորյանի պատասխանը.
- -Մենք շատ դժվար վիճակի մեջ ենք հիմա։ Բարեբախտաբար ամերիկահայությունը կա, որ օգնում է Հայաստանին։ Առանց ամերիկահայության Հայաստանն արդեն բաժանված կլիներ։ Մենք հիմա Ամերիկայի եւ Ռուասատանի քաղաքականության մեջտեղն ենք, Պարսկաստանի եւ Ամերիկայի, Թուրքիայի եւ Պարսկասատանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջտեղն ենք։ Մեր պատմության ընթացքում մենք միշտ ամենքի մեջտեղում ենք եղել։ Բայց բարեբախտաբար Հայաստանը հաջողել է համոզելու մարդկանց, որ Ղարաբաղի խնդիրը կրոնական պատերազմ չէ, կրոնական խնդիր չէ, այլ քաղաքական խնդիր է։ Եվ դրա վկայությունն է նաեւ Երեւանում պարսկական մզկիթի վերականգնումը։ Դա ամենալավ գաղափարն էր։ Հայաստանը պետք է առայժմ քաղաքական չեզոքության մեջ լինի՝ առանց չեզոք մնալու հաճելի գայթակղության։ Հիմա մենք շատ պետք ունենք դիվանագետների, քան՝ քաղաքական գործիչների։ Իմ վախն այն է, որ մենք նորից լինելով վերը նշվածների մեջտեղում, կկորցնենք, եթե Ռուսաստանն իր քաղաքականությունը փոխի Ադրբեջանի հանդեպ, եթե Ամերիկան փոխի իր վերաբերմունքը Ռուասատանի հանդեպ։ Եթե Պարսկաստանը խնդիր ունենա, այդ դեպքում ինչ կլինի…։
- - Այսօր օրակագի վրա է Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանության ճանաչման հարցը։ Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց՝ պատժելու այն ժխտողներին։
- -Իմ վախն այն է, որ եվրոպացիները հայկական ցեղասպանության հարցը կօգտագործեն, չթողնելով Թուրքիային մտնել Եվրամիություն, եւ դա էլ ավելի կվատացնի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նրանց ազգայնականները պիտի վրդովվեն։ Այժմ պետք է այնպես անել, որ արդյունքում ասվի, որ ոչ թե հայերի պատճառով չեղավ Թուրքիայի անդամակցությունը, այլ Եվրոպայի խիղճը չթողեց։ Դա շատ կարեւոր կետ է։ Եվրոպացիներն իրենց մշակույթի ոգին են պաշտպանում, այլ ոչ թե հայությանը։ Այդ ձեւով պետք է ներկայացնենք։ Դա եվրոպացիների խնդիրն է։
Ամեն դեպքում ես ուզում էի, որ Հայաստանը Եվրոպայի հարեւան դառնա, որովհետեւ այդժամ թուրքական բանակը կկազմի Եվրամիության մաս, ազգայնականները չեն կարող այլեւս սահման փակել, եւ Հայաստանի տնտեսական վարկը կբարձրանա։
Մի ուրիշ խնդիր կա՝ ինչպիսի կապեր կունենա Վրաստանը Թուրքիայի հետ։ Վախս այն է, որ Վրաստանի միջոցով թուրքական ընկերությունները կգան եւ կտիրեն Հայաստանը։ Ուստի շատ զգույշ պետք է լինել, եւ պետք չէ հոխորտալ, որ մենք չթողեցինք, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ 2-2006 թվական