Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը Վարդան Գրիգորյանի մահվան կապակցությամբ

 

Ապրիլի 17, 2021թ․ - Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ:

Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:

«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ եւ աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից եւ իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է եւ շարունակելու է ապրել հավերժության մեջ:

«Աշխարհը կորցրեց իր առաջատար մարդասերներից մեկին, Միացյալ Նահանգները կորցրեց մեծ ամերիկացու, իսկ հայ համայնքը կորցրեց մի  հզոր անձնավորության, որը ոգեշնչում էր մեզ բոլորիս: Անձնական առումով, ես կորցրել եմ մի ընկերոջ, մի ուսուցչի, որն առաջնորդում էր իմ ուղին ու միտքն անհամար առումներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Մենք սգում ենք նրա կորուստը, սակայն միեւնույն ժամանակ փառաբանում ենք նրա կյանքը՝ լեցուն ամենաարտասովոր նվաճումներով: Վարդանը հույսի փարոս էր, որն այնքա՜ն մարդու կյանք փոխեց դեպի լավը»:

«Վարդան Գրեգորյանի առաքելությունն էր հասնել խաղաղության ու բարգավաճման, ձայն հաղորդել ձայնազուրկներին եւ զորացնել անզորներին: Նա ներքին ահռելի ուժի, կարեկցանքի եւ իմաստնության տեր մարդ էր: Բոլորս խիստ կարոտելու ենք նրան», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

***

 

Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, եւ շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տեւել է մի քանի տասնամյակ եւ հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «հույսի, կրթության եւ ավելի լավ ապագայի կայաններ» էին:

1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության եւ հումանիտար գիտությունների բնագավառում եւ այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության եւ հումանիտար գիտությունների դոկտորի գիտական ​​աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։ 1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ նշանակվել Թարզյանի անվ. ամբիոնի պատմության պրոֆեսոր եւ Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի եւ գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչեւ 1981 թվականը:

1981–1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը եւ մեծ հեղինակություն է վաստակել գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը վերականգնելու համար: 1989 թ. նա նշանակվել է Բրաունի համալսարանի նախագահ: Նրա ղեկավարության ներքո Բրաունի համալսարանը դարձել է եւ՛ ավելի գլոբալ, եւ՛ ակադեմիական առումով ավելի մրցունակ, եւ՛ ֆինանսապես ավելի ապահով։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ղեկավարել է մի նախաձեռնություն, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատության հասութավորման 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: 1997 թվականից դր. Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգեւատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգեւատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգեւով:

Վարդան Գրեգորյանը ներքին հզոր ուժի տեր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնության շտեմարան: Նա արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների, այդ թվում ՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազոտությունների ​​խորհրդից (Social Science Research Council) եւ Ամերիկյան փիլիսոփայական հանրությունից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ եւ պարգեւատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:

Աշխարհում բարգավաճման ու խաղաղության հասնելու իր առաքելության մեջ Վարդան Գրեգորյանը միշտ հանդես է եկել ամենաաղքատների եւ իրավազուրկների անունից: Լինելով ցեղասպանության, խտրականության եւ հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարությամբ ու խորաթափանցությամբ՝ փոխելով մարդկային կյանքերը եւ մշտապես առաջնորդելով անձնազոհության ու նվիրվածության իր անձնական օրինակով:

Արգասալից  հեղինակ Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը եւ ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) եւ «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):

2015 թ. նա, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին եւ կենտրոնանալով կարիքի մեջ գտնոցներին օգնելու վրա:

Ցավակցագիր Վարդան Գրեգորյանի մահվան առիթով
 
 
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսահոգի Վարդան Գրեգորյանի մահվան առիթով ցավակցագիր է հղել նրա ընտանիքին և բոլոր վշտացյալներին։
«Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին:
Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր սրտակցությունն ու ցավակցությունը ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու բոլոր վշտացյալներին:
Հոգելույս Վարդան Գրեգորյանը կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ էր։ Ավելի քան քսանամյա գործունեությամբ նա գովելի նպաստ է բերել հումանիտար գիտությունների զարգացմանը, բեղուն առաքելություն իրականացրել ԱՄՆ-ի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մեծ փորձառությամբ ու վաստակով լուսահոգի Վարդան Գրեգորյանը գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանը՝ վերականգնելով գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը, և շուրջ երկուս ու կես տասնամյակ նախագահել Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամը՝ արգասավորելով բարեգործական այս հաստատության ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում։ Նրա կերպարը ոգեշնչում էր սփյուռքի շատ գործիչների և օրինակելի էր նոր սերնդի համար։
Առանձնակի ջերմությամբ ենք անդրադառնում, որ համաշխարհային հռչակ ունենալով՝ հոգելույս Վարդան Գրեգորյանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելությունը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ լինելը։ Բարեհիշատակ հայորդին միշտ աշխույժ մասնակցություն էր բերում ամերիկահայ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքին, Պատարագի սրբազան արարողություններին, եկեղեցական կարևոր միջոցառումներին ու ձեռնարկներին։ Նրա սրտում հաստատուն էր հավատարմությունն ու նախանձախնդրությունը՝ առ ազգն ու հայրենին։ Նա համահիմնադիրն էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մեծապես կարևորում էր Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, Հայ դատի հաղթանակի, հարազատ երկրի զորացման ու առաջընթացի գործում նվիրյալ ջանքերի ներդրումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն ու արդյունավորումը։
Աղոթք ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր անսահման գթությամբ երկնային երանական բարձունքներում խաղաղություն և հանգստություն պարգևի հանգուցյալ Վարդան Գրեգորյանի լույս հոգուն: Այլև հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանյաց անդամներին ու հարազատներին և սգակիր բոլոր անձանց»։

Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս.

նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

 

Շատ ցավալի լուր ստացա. վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի և հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր և իմ վաղեմի բարեկամ Վարդան Գրեգորյանը:

Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և կիսում նրանց ծանր վիշտը

orer.eu