Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Հայտարարություն

Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ գրավված և հանձնված արցախյան տարածքներում չեն դադարում վայրագությունները մեր հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակամարդկայ ին և հակաբարոյական գործողությունները, կոչ է անում միջազգային հանրությանը, պատկան կազմակերպություններին ու կառույցներին պատշաճ գնահատականի  արժանացնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատվության վիրավորման այս երևույթները։