Առցանց համաժողով. Եվրապատգամավորները, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ-ին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատելու համար
Բրյուսել, 12 ապրիլ 2021 - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ Քննարկվեցին խնդրի իրավական և քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախոսներն էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պատերազմի հրադադարի հայտարարությունից անցել է հինգ ամիս, սակայն չնայած բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու Ադրբեջանի պարտավորությանը՝ այդ երկրում դեռևս առնվազն 188 հայ ռազմագերի է պահվում:
Իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը շեշտեց, որ պատերազմի ավարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատության մեջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկյունից երկարացնելուն ուղղված քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետևանքների շարունակությունն է: Մարդ արարածին, անգամ եթե նա անազատության մեջ է, չի կարելի օգտագործել որպես քաղաքական առևտրի առարկա՝ նորանոր օգուտներ կորզելու համար»,- ասել է Էվինյանը:
«Եվրոպայում կառավարությունների լռությունն ու պասիվ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերյալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, հուսահատեցնող է Եվրոպայի սփյուռքահայության համար և, ըստ էության, յուրաքանչյուրի համար, ով մտահոգված է այս խնդրով և ընդհանրապես կարևորում է մարդկային արժանապատվությունը», - շարունակելով խոսքը՝ մանրամասնեց Էվինյանը:
«Եվրոպան կարող է և պետք է անի ավելին՝ նաև հանուն սեփական վստահելիության, հզորության և կենսունակության: Մենք լիահույս ենք, որ Եվրոպական խորհրդարանը՝ որպես սուբյեկտ, վերջապես կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերյալ և կոչ կանի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- եզրափակեց Էվինյանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը, որը նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իր խոսքում նշեց. - «Անհայտ կորածների և գերիների ողբերգությունը, ինչից 1974-ից ի վեր տուժել է Կիպրոսը, չպետք է կրկնվի Արցախում: Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների անհապաղ վերադարձը»:
Համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ Ադրբեջանի կողմից պահվող անձանց անազատության ենթարկելը և խոշտանգելը ռազմական հանցագործություն է, քանի որ, համաձայն 1949 թ. ժնևյան կոնվենցիայի, նրանք բոլորն էլ իրավական առումով ռազմագերիներ են: Կոպտորեն խախտելով Կոնվենցիան և մարդու իրավունքների հիմնական սկզբունքները՝ Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը՝ քաղաքական օգուտներ կորզելու նպատակով: Բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումն ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությամբ: Նշենք, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին:
«Հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով այս համաժողովը տեղի ունեցավ առցանց ձևաչափով՝ հաշվի առնելով առողջապահական արտակարգ իրավիճակը և առկա սահմանափակումները:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ