Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստան Համահայկական հիմնադրամը խորը կսկիծով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է հայ ազգի մեծ բարեկամ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը: Անվանի ամերիկահայ գործչի մասին մահախոսական է տարածել նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, ցավակցություններ են հայտնել Հայաստանի նախագահն ու վարչապետը։ 

 

Պարոն Հովնանյանը, տարիներ շարունակ հանդես գալով որպես հայրենիքի ջատագով, իր անգնահատելի ներդումն է ունեցել հայրենիքի զարգացման գործում Հովնանյան հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության միջոցով:

Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին և հարազատներին:

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում նշվում է.

«Հայաստանն ու հայ ժողովուրդը կորցրեցին լավագույն զավակներից մեկին. վախճանվել է ամերիկահայ հայտնի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանը:

Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր:

Մարդ, որի համար Հայաստանը պարզ զգացմունքի Հայրենիք չէր, այլ՝ անկեղծ նվիրումի և հավատարմության նպատակակետ, որին ծառայեց մինչև իր կյանքի վերջը, ծառայեց այդ բառի ամենալայն իմաստով:

Հրայր Հովնանյանը մասնակիցն էր Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի շենացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերին՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և, անշուշտ, որպես Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից մեկն ու հոգաբարձուների խորհրդի երկարամյա համանախագահ, այնուհետև՝ պատվավոր նախագահ:

Բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել Հրայր Հովնանյանին և նրա ընտանիքին. այնպես, ինչպես նա էր խոսում, մտածում Հայաստանի մասին, այնպես, ինչպես նա էր իր հնարավորություններն ի սպաս դնում ի շահ Հայաստանի ու Արցախի, դեռ պիտի կարողանալ ու դեռ պիտի ձգտել:

Մարդ, որ իր տեսակով հավատարիմ էր իր ազգությանն ու ծագմանը, պատմական հայրենիքի մասին հիշողությանն ու հայրենիքի ապագայի մասին ծրագրերին: Հավատարիմ էր իր էությամբ ու նկարագրով, հավատարիմ էր իր գործով ու ապրած կյանքով: Հավատարիմ էր իր ընտանիքով և զավակներով...

Անկեղծ ցավակցություններս ու վշտակցության խոսքերս եմ հղում Հովնանյան ընտանիքին և Հովնանյան գերդաստանին»:

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը.

«Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հե­ռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայու­թյան ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:

 
 Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչև իր մահ­կա­նացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:

Դրանց մասին գուցե նաև ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստա­հաբար կարող ենք արձա­նա­գրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մաս­նակ­ցության՝

• չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
• 90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա­ջողություններին, ինչը պատմական իրողություն է,
• Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա­հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,

 • այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը, որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ,
• չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո­տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:

Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:

Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լե­գենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնու­րաց ծառայելով:

Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու­թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ­նա­հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայ­րենիքում:

Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:

Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:

Գնաս խաղաղությամբ, Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:

Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց…»:

 

«Հեռացավ Հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկը», - գրել է ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու ընդգծել. «Հայ մեծանուն բարերար Հրայր Հովնանյանը դարձավ հավերժի ճամփորդ։ Խորապես վշտակցում եմ մեր ժողովրդին, քանզի ազնիվ ու նվիրյալ հայորդու մահը մեծ կորուստ է ոչ միայն Հովնանյան գերդաստանի, նրան ճանաչողների, ամերիկահայ համայնքի, այլև բոլորիս համար: Այս ծանր ժամանակներում, երբ ալեկոծված է մեր ողջ ժողովուրդը, երբ ունեցել ենք անչափ թանկ կորուստներ, ծվատված ու արնածոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտվել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարվա մեր համազգային հպարտության ու ոգևորության աղբյուրը, պատկերացնում եմ, թե ինչպիսի հոգեկան տառապանք ու խռովք է ապրել այդքա՜ն հայրենասեր, այդքա՜ն ազգասեր ու մարդասեր անհատը: Մարդ, ով Հայաստանի անկախացումից ի վեր եկավ և հաստատվեց Մայր Հայրենիքում, ով լիաբուռն ու վեհանձնորեն օգնեց իր հայրենակիցներին, ով անուրանալի ավանդ ունեցավ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ արձանագրելու, Հայոց բանակը կայացնելու գործում:
 
Պարոն Հովնանյանը, լինելով կարող և բանիմաց անձ, եղբայրների հետ հաջողված բիզնես հիմնեց ԱՄՆ-ում, օտար ափերում ճանաչում, պատիվ ու հեղինակություն ձեռք բերեց և ապրեց իր կյանքը՝ որպես Մեծ Հայ, Մեծ Մարդ, Մեծ Բարերար, իր Հայրենիքի իսկական զինվոր և մայր ժողովրդի նվիրյալ զավակ:
 
Ես բախտ ու հնարավորություն եմ ունեցել հաճախ հանդիպելու ազգային արժեքներ դավանող հետաքրքիր ու տաղանդավոր Հային, քննարկել նրա հետ Հայրենիք-Սփյուռք գործակցության շատ ու շատ նախաձեռնություններ, ազգաշահ ծրագրեր, լսել նրա խորագետ խոսքը, օգտակար խորհուրդներն ու առաջարկությունները, հասկանալ ապագային միտված տեսլականը: Մեծ էր իմ ուրախությունը, երբ նա Հայաստանում հիմնեց ‹‹Աննա և Հրայր Հովնանյան›› կրթական հիմնադրամը և կարևոր ներդրում ունեցավ կրթական գործի զարգացման գործում: Նա աջակցում էր այն խելացի երիտասարդներին, ովքեր ունեին սոցիալական խնդիրներ և ուսումը շարունակելու դժվարություններ: Հրայր Հովնանյանը համոզված էր, որ ամենամեծ ներդրումը պետք է կատարել Հայրենիքի անվտանգության և երիտասարդ սերնդի կրթության գործում: Նա իր մեծ հեղինակությամբ զորաշարժի էր ենթարկում աշխարհի մեծանուն հայերին և միշտ շեշտում, որ ամենաթանկը Հայրենիքին է, որին պետք է աջակցել ու զորացնել:
 
Նա լռելայն կատարում էր խոշոր նվիրատվություններ և հոգում Հայաստանի կարիքները տարբեր ոլորտներում, իրականություն դարձնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերը, լուծում համապետական և համայնքային բազմաթիվ խնդիրներ։
 
Իր ժողովրդի արժանի զավակն առանձնապես շռայլ էր Արցախի ծրագրերը հովանավորելու, տասնյակ բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում նախաձեռնելու և կյանքի կոչելու, հայ բիբլիական ժողովրդի քրիստոնեական արժեքները պահպանելու հանձնառությունն իրականացնելիս: Նա մեր կողքին էր իր բարեգործություններով՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելիս:
 
Հրայր Հովնանյանի շռայլ նվիրատվությունները մեծապես օգնում էին ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամին, որի անփոփոխ Հոգաբարձուն էր՝ հիմնադրամի ստեղծման պահից:
 
Նրա ցանկությունն էր, որ Հայաստանը դառնա հզոր, ժողովրդավարական երկիր, իսկ Արցախը՝ ճանաչված ինքնիշխան պետություն: Նրա ջանքերով Հայաստան են այցելել հարյուրավոր կոգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Հրայր Հովնանյանի հեղինակության, մարդկային և մտավոր բարձր որակների, կազմակերպական տաղանդի շնորհիվ ԱՄՆ-ում հիմնադրվեց ‹‹Հայկական համագումարը››։ Կառույցի ստեղծման նպատակն էր լոբբիստական աշխատանքներ ծավալել ԱՄՆ կոնգրեսում՝ Հայ Դատի խնդիրներն առաջ մղելու, Անկախ Հայաստանին աջակցելու, Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելու ուղղությամբ:
 
Միշտ կեսուրախ էր և լավատես, եռանդով ու գաղափարներով լեցուն, իմաստուն ու խոհեմ։ Նա Նահապետ էր՝ իր վեհ ու առինքնող նկարագրով: Միշտ հիացել եմ նրա ազգային կերպարով, հայրենասիրական պաթոսով, մարդկային հրաշալի որակներով:
 
Անհուն սիրով և քնքշանքով էր վերաբերում իր ընտանիքին, հատկապես կնոջը՝ Աննային, դուստրերին և թոռներին: Հրայր Հովնանյանն իր բարոյական չափանիշներով, մարդկային ու ազգային նկարագրով դաս և օրինակ էր շրջապատի, ողջ համայնքի, երիտասարդության համար։
Թեև այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ Մեծ Մարդը, սակայն մնացին նրա բարեգործությունները, նրա կատարած ազգանվեր հրաշալի գործերը, նրա շնորհիվ ուսում առած հայորդիները, նրա հոգեզավակները՝ Հովնանյանականները։
 
Ցավակցում եմ Հրայր Հովնանյանի զավակներին, հարազատներին, նրան ճանաչողներին և ձեզ հետ միասին սգում եմ մեծ Հայորդու երկրային կյանքի ավարտը, հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և կիսում վիշտը։
 
Հրայր Հովնանյանի մահը մեծագույն կորուստ է Հայկական Սփյուռքի, մեր Հայրենիքի համար։
Ափսո՜ս, հազա՛ր ափսոս…
 
Թող Աստված հոգին լուսավորի եւ արժանացնի նրան երկնային Արքայության։ Թող լույս իջնի ազնիվ հայորդի Հրայր Հովնանյանի շիրիմին։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››: Անկեղծ վշտակցությամբ` Հրանուշ Հակոբյան»: