Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ծաղկազարդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը`Ծաղկազարդը։ Տերունական տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

Այս առիթով Առավոտյան ժամերգության ավարտին, Սուրբ Գայանե վանքի շրջափակում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին: Վերջում  հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Արտակ Սրբազանն իր քարոզում, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Երբ Տերը մուտք է գործում Երուսաղեմ, մարդիկ ամենայն ուրախությամբ և անկեղծ ցնծությամբ օվսաննաներ էին բացականչում, սակայն նույն այդ ժողովուրդն ամբոխ դարձած մի քանի օր անց Պիղատոսի առջև կանգնած պիտի սառնասրտորեն պահանջեր ու գոչեր. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան» (Հովհ. ԺԹ 6): Հիսուս ամեն ինչ  գիտեր, սակայն տեղյակ լինելով հանդերձ, մարդ արարածի հանդեպ Իր անհուն սիրով լցված և հնազանդվելով Հոր կամքին` Քրիստոս ուղղեց Իր քայլերը դեպի մահ, որը կյանք պիտի տար ողջ մարդկությանը»:

Անդրադառնալով եկեղեցիներում  Ծաղկազարդի առիթով տեղի ունեցող արարողություններին՝ Սրբազան Հայրը նշեց. «Եկեղեցիների այս շքեղ ծաղկազարդումը այսօր պարզապես օրինակ է, առիթ և ներշնչման գրգիռ՝ հավատքի ծաղկուն ոստերով ծաղկազարդելու ինքներս մեզ, մեր ներքին ու հոգեկան և բարոյական անձը:

Հավատքով ծաղկուն ոստերը մեր բարությամբ օծված մտածումներն ու զգացումներն են, մեր աստվածահաճո խոսքերն ու գործերը, առաքինությամբ լցված մեր կենցաղն ու վարմունքը, մեր խաղաղասեր ու խաղաղարար հոգին և մեր սիրով զեղուն նվիրումը, մեր բարեգործ գթածությունն ու առատաձեռն ողորմածությունը, մեր ճշմարիտ աստվածպաշտությունն ու մարդասիրությունը»:

Արտակ Սրբազանը անդրադարձավ նաև վերջին տարում աշխարհը փոթորկող համավարակին և պատերազմներին՝ ընդգծելով. «Այս օրերին, երբ բոլորիս մտքերն ու աղոթքներն ուղղված են ներկա կացությունը փոխելուն, մեր ներքին խռովքը փարատելուն, այսօր առավել քան կարիքն ունենք մեր հայացքները դեպի երկինք՝ դեպի մեր Աստծուն ուղղելու, զղջումի, դարձի և ապաշխարության, կարիք ունենք մեր ներքին բարոյական Գողգոթայի ապրումի, բարոյապես նորոգվելու և նոր ոճ ու մնայուն արժեքներ ստեղծելու, որպեսզի Տերը երկնքից լսի մեր աղոթքը, ների մեզ, բժշկի աշխարհը խռոված համավարակը և դադարեցնի ազգամիջյան պատերազմները»:

Քարոզի ավարտին Սրբազան Հայրը, մեկ անգամ ևս աղոթք վերառաքելով առ Աստված, հայցեց Տիրոջ օրհնոթյունը ամենքի համար, ապա հորդորեց ներկաներին. «Սիրելի մեր ժողովուրդ, այսօր դուք ևս, ձեր հոգևոր պարտեզից վերցված և օրհնված ոստերով ընդունելով Տիրոջը ձեր սրտերում, փառաբանեք և օվսաննաներ վերառաքեք երկնքի ու երկրի Արարչին` չմոռանալով երբեք, որ ամեն ինչում միշտ հավատարիմ պիտի մնանք Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար և Նա՝ Ով լինի խաչին գամված և կամ Հարություն առած, մշտապես գրկաբաց սպասում է մեզ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Սուրբ Պատարագի ավարտից հետո Ս. Տրդատի բաց խորանի առջև կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին՝ այս կապակցությամբ նրանց ընծայելով խաչիկներ:

 

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

 

Ծաղկազարդի տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

Մարտի 28-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնակատարեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը`Ծաղկազարդը։ Տէրունական տօնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հռչակուել էր մանուկների օրհնութեան օր:

Այս առիթով Առաւօտեան ժամերգութեան աւարտին, Սուրբ Գայանէ վանքի շրջափակում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, կատարուեց անդաստանի արարողութիւն եւ մանուկների օրհնութեան կարգ: Այնուհետեւ Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը բաշխեց Մայր Աթոռում համախմբուած բազում մանուկներին: Վերջում  հաւատացեալներին բաժանուեցին Անդաստանի ընթացքում օրհնուած ուռենու ճիւղերը:

Բերկրառատ տօնի կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց սուրբ Գայանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի վանորէից տեսուչ գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը:

Արտակ Սրբազանն իր քարոզում, անդրադառնալով տօնի խորհրդին, մասնաւորաբար նշեց. «Երբ Տէրը մուտք է գործում Երուսաղէմ, մարդիկ ամենայն ուրախութեամբ եւ անկեղծ ցնծութեամբ օւսաննաներ էին բացականչում, սակայն նոյն այդ ժողովուրդն ամբոխ դարձած մի քանի օր անց Պիղատոսի առջեւ կանգնած պիտի սառնասրտօրէն պահանջեր ու գոչեր. «Խաչը՛ հանիր, խաչը՛ հանիր դրան» (Յովհ. ԺԹ 6): Յիսուս ամէն ինչ  գիտէր, սակայն տեղեակ լինելով հանդերձ, մարդ արարածի հանդէպ Իր անհուն սիրով լցուած եւ հնազանդուելով Հօր կամքին` Քրիստոս ուղղեց Իր քայլերը դէպի մահ, որը կեանք պիտի տար ողջ մարդկութեանը»:

Անդրադառնալով եկեղեցիներում  Ծաղկազարդի առիթով տեղի ունեցող արարողութիւններին՝ Սրբազան Հայրը նշեց. «Եկեղեցիների այս շքեղ ծաղկազարդումը այսօր պարզապէս օրինակ է, առիթ եւ ներշնչման գրգիռ՝ հաւատքի ծաղկուն ոստերով ծաղկազարդելու ինքներս մեզ, մեր ներքին ու հոգեկան եւ բարոյական անձը:

Հաւատքով ծաղկուն ոստերը մեր բարութեամբ օծուած մտածումներն ու զգացումներն են, մեր աստուածահաճոյ խօսքերն ու գործերը, առաքինութեամբ լցուած մեր կենցաղն ու վարմունքը, մեր խաղաղասէր ու խաղաղարար հոգին եւ մեր սիրով զեղուն նուիրումը, մեր բարեգործ գթածութիւնն ու առատաձեռն ողորմածութիւնը, մեր ճշմարիտ աստուածպաշտութիւնն ու մարդասիրութիւնը»:

Արտակ Սրբազանը անդրադարձաւ նաեւ վերջին տարում աշխարհը փոթորկող համաւարակին եւ պատերազմներին՝ ընդգծելով. «Այս օրերին, երբ բոլորիս մտքերն ու աղօթքներն ուղղուած են ներկայ կացութիւնը փոխելուն, մեր ներքին խռովքը փարատելուն, այսօր առաւել քան կարիքն ունենք մեր հայեացքները դէպի երկինք՝ դէպի մեր Աստծուն ուղղելու, զղջումի, դարձի եւ ապաշխարութեան, կարիք ունենք մեր ներքին բարոյական Գողգոթայի ապրումի, բարոյապէս նորոգուելու եւ նոր ոճ ու մնայուն արժէքներ ստեղծելու, որպէսզի Տէրը երկնքից լսի մեր աղօթքը, ների մեզ, բժշկի աշխարհը խռոված համաւարակը եւ դադարեցնի ազգամիջեան պատերազմները»:

Քարոզի աւարտին Սրբազան Հայրը, մէկ անգամ եւս աղօթք վերառաքելով առ Աստուած, հայցեց Տիրոջ օրհնօթիւնը ամէնքի համար, ապա յորդորեց ներկաներին. «Սիրելի մեր ժողովուրդ, այսօր դուք եւս, ձեր հոգեւոր պարտէզից վերցուած եւ օրհնուած ոստերով ընդունելով Տիրոջը ձեր սրտերում, փառաբանէք եւ օւսաննաներ վերառաքէք երկնքի ու երկրի Արարչին` չմոռանալով երբեք, որ ամէն ինչում միշտ հաւատարիմ պիտի մնանք Նրան, Ով Իր կեանքն անգամ չխնայեց մեզ համար եւ Նա՝ Ով լինի խաչին գամուած եւ կամ Յարութիւն առած, մշտապէս գրկաբաց սպասում է մեզ այսօր, վաղը եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ Ս. Տրդատի բաց խորանի առջեւ կատարուեց մանուկների օրհնութեան արարողութիւն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնութիւնը բաշխեց տօնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին՝ այս կապակցութեամբ նրանց ընծայելով խաչիկներ:

###

 Ծաղկազարդը (հայտնի է նաև ծառզարդար, ծառկոտրուկ անուններով),սա գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոներից է։ Սա տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաս-տանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[ :

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։ Այս տարի այն նշվեց մարտի 28-ին։ Ծաղկազարդը համարվում է նաև գարնանային ու կյանքի զարթոնքի տոն:Այդ օրը կարծես բնությունն ու մարդկությունն, ինչպես նաև կենդանական աշխարհը վերածնվելով ապրեն:Qahana.am-ից մանրամասնում են, որ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար:

Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:


Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն: Տոնի հետ պահպանվել են մի շարք ավանդույթներ,որոնցից ներկայացնենք հետևյալը՝նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ու ճեռերի ձայնը։

Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։Հաճախ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էր ունենում հանպատրաստի նշանադրություն։ Փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցնում էր ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառում այն, վրան հագցնում նշանդրեքի մատանին և հանձնում հարսնացուին։ Հարսնացուն ընդունում էր մատանին և համարվում էր նշանված։Ժամասացության ավարտից հետո ժամավորները ջանում էին հնարավորինս շատ օրհնված ուռենու ճյուղեր տուն տանել, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը։ Ճյուղերը նաև գցում էին կարասներն ու ամբարները, թեթևակի հարվածում դրանցով անասուններին։ Ճյուղերից մեկն օգտագործում էին խնոցու համար՝ ստուգելու կարագի պնդությունը։ Ճյուղերից հյուսում էին պսակներ և դրանց միջով անցկացնում հավերին, որպեսզի դրանք գեր լինեին։ Երբեմն կանայք վառված մոմերը դուրս էին բերում եկեղեցուց և տանում գերեզմանատուն՝ տեղադրելով դրանք հանգուցյալների շիրիմներին։Ծաղկազարդի օրը մարդիկ անցնում էին գարնանային հագուստի։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Անահիտ Ավետիսյանի