Մարտի 26-ին Պրահա ժամանեց Արցախյան վերջին պատերազմում երկու ոտքը կորցրած 20-ամյա Արարատ Թորոսյանը՝ իր մայրիկի ուղեկցությամբ։ Արարատը ծնվել է Թալինում, պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր։ Վիրավորվել է հոկտեմբերի 1-ին Մարտունի 3-ում ընթացող մարտերում։
Պրահայում ,, Տուր ինձ հույս,, կազմակերպության աջակցությամբ նա կստանա անհրաժեշտ պրոթեզավորում։ Օդակայանում նրան դիմավորելու էին եկել ոչ միայն կազմակերպության նախագահ Սոնա Վարդանյանը եւ իր թիմի անդամները, այլեւ Հայաստանի հյուպատոս Մանվել Ավետիսյանը։
Ամենամեծ անակնկալն այն էր, որ դիմավորողների մեջ էին նաեւ անցած ամիսներին պրոթեզավորման նպատակով Չեխիա եկած Արամ Ավետիսյանը, Նորայր Սուքիասյանը եւ Սարգիս Ֆիդանյանը։ Նրանք արդեն պրոթեզներով ինքնուրույն քայլում էին, եւ միայն Արամն էր օգտվում հենակներից։ Դա էլ նա համարում է ժամանակավոր՝ հուսալով, որ մի օր հրաժեշտ կտա նաեւ հենակներին։
Մեր տղաներին մաղթում ենք արագ կազդուրում։
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի
orer.eu