Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Արցախյան վերջին պատերազմի  հերոսների շարքին է դասվում գնդերեց Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը: Ծնվել է 1988 թվականի մարտի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ 1994-2004 թվականներին սովորել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում:

Ծառայել է Թալիշում, Արարատում, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Հատուկ Գնդում,Մարտունու զորամասում,ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության քարտուղար։ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել են պետական պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Նարեկ սարկավագ Պետրոսյանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներից էր, ով պատերազմի առաջին օրերից մեկնեց առաջնագիծ՝ լինելով իր զինվորների և հրամանատարի կողքին: Հերոս հոգևորականը եղավ Արցախի տարբեր ճակատներում ՝ Հադրութի մարտական հենակետերում, Մատաղիսում, Մարտունիի դիրքերում, որտեղ էլ անօդաչու թռչող սարքի հարվածից նահատակվեց հանուն հայրենիքի:Ամուսնացած էր, կինը Մարիամ Բզնունին է, դուստրը՝ Մարիամ-Աշխեն Պետրոսյանը։ Հայրը՝ Արկադի Պետրոսյանը, Արցախյան պատերազմի նահատակներից է եղել։

Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում:

Մարտի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում, տեղի ունեցավ «Արցախի հերոս գնդերեցը» խորագիրը կրող հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան պատերազմի նահատակ հերոսներից՝ գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանին: Ծրագրի պատասխանատուն Տեր Վարազդատ քահանա Նաջարյան էր:

Միջոցառումը սկսվեց  Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի տերունական աղոթքով: Այնուհետեւ բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Նարեկ սարգավագի, ինչպես նաև 44 օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Աղոթքից ու լռության րոպեից հետո ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդն ասեց, որ Նարեկը հետմահու Հայաստանի Հանրապետության  նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  «Նարեկացի» արվեստի միության հանրության հետ կապի պատասխանատու Հռիփսիմե Պողոսյանը: Նա հակիրճ ներկայացրեց միջոցառման մասին ու դրա խորհուրդը՝ներկայացնելով Նարեկ սարկավագ Պետրոսյանին:Հերոսի  մասին խոսեց նաեւ Իշխան սարկավագ Քամալյանը:

Միջոցառումը բաղկացած էր 2 մասից՝ առաջին հատվածում սիրված սարկավագի մասին հուշերով ու տպավորություններով կիսվեցին Պաշտպանության Բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը,նրա մտերիմ ընկերներից փոխգնդապետ Հակոբ Բեժանյանը,(պատմելով Նարեկ սարկավագի վերաբերմունքն ու հարգանքը զինվորների նկատմամբ),Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, մեր օրերի նահատակ հերոս զինվորներից Արմեն Հովհաննիսյանի մայրը՝Մարինե Հովհաննիսյանը, ,(ներկայացնելով նրանց մտերմության պատմությունը), Խաչիկ դպիր Վարդանյանը, (ով Նարեկի հետ միասին եղել են Հադրութի դիրքերում):

Հաջորդ մասը համերգային էր, որտեղ երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Հայաստանի վաստակավոր արտիստ,երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն),օպերային երգիչ,միջազգային մրցույթի դափնեկիր Հովհաննես Կարապետյանը, հեղինակ-կատարող Արթուր Խաչենցը, Արարատ ազգային նվագարանների համույթը:

Ցերեկույթի ընթացքում հանդիսատեսը լեդ-էկրանի վրա հնարավորություն ունեցավ դիտելու Նարեկ Սարկավագի մասին պատմող ֆիլմը: Միջոցառման վերջում  բոլոր նահատակ զինծառայողներին, նրանց հարազատներին ու հանդիսատեսին խրոխտ օրհնության խոսքով և աղոթքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի և <<Նարեկացի>> արվեստի միության