Շնորհանդես ցեղասպանության թանգարանում
Մարտի 19-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեան կազմած նոր գիրքի՝ «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press» («Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում» շնորհանդեսը:
Աշխատությունում ներկայացվում է հայ-թաթարական ընդհարումների վերաբերյալ ամերիկյան առաջատար վեց թերթերի՝ (The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times և The Washington Post) 1905-1921 թթ. հրապարակումները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը՝ ներկայացնելով գրքի հեղինակին ու միջոցառումն, ինչպես նաև իր խոսքում նշեց, որ գիրքը գրվել է Արցախյան երկրորդ պատերազմի ծանր օրերին՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել Արցախի հիմնախնդրի խորությունը և հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ժամանակի ամերիկյան մամուլի անդրադարձները: Հարություն Մարությանը կարևորեց հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը և հավելեց, որ նոր աշխատությունը հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում:
Գրքի հեղինակ Արա Քեթիպեանի խոսքով գիրքը «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» բազմահատորյակի գաղափարական շարունակությունն է:
Ընթերցողին ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դառնում Արցախում, Նախիջևանում, Զանգեզուրում և Բաքվում 1905-1921 թթ. հայերի դեմ թաթարական ագրեսիայի վերաբերյալ ժամանակի ամերիկյան հեղինակավոր վեց պարբերականների՝ The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times և The Washington Post, հրապարակումները:
Ներկայացվում են ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ, քարտեզներ և այլն։ Արա Քեթիպեանը նշեց, որ գիրքը հեղինակելու համար գլխավոր դրդապատճառը Արցախյան երկրորդ պատերազմի օրերին միջազգային լրատվականների այն սխալ պնդումն էր, որ հայ-ադրբեջանական հակասություններն ի հայտ են եկել 1980-ական թթ. վերջին և 1990-ականների սկզբին:
Հեղինակը զուգահեռներ անցկացրեց 20-րդ դարասկզբի և Արցախյան վերջին պատերազմի միջև՝ նշելով, որ երկու դեպքում էլ առկա էին թուրքական ռազմական միջամտությունը և միջազգային հանրության անտարբերությունը:
ՀՑԹԻ ասպիրանտ Հայկ Մկրտչյանը նախ ներկայացրեց հեղինակի անցած մասնագիտական ուղին, ապա մասնավոր հրապարակումների վերլուծությունների հիման վրա վերհանեց գրքի մեծ արժեքը՝ ընդգծելով, որ այն մեծ ձեռքբերում է ինչպես թեմայով հետաքրքրված մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։ Շնորհանդեսն ընթացավ հարց ու պատասխանի ձեւաչափով, որի ընթացքում բոլորը հնարավորություն ունեցան հարցեր ուղղել գրքի հեղինակին ու ցերեկույթի կազմակերպիչներին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի