Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է Անուշ Ղուկասյանի «Ներսուդուրս» ցուցադրության հանրային բացումը 2021թ. մարտի 19-ին ժամը 10:00-ին Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:

 

2021 թվականի մարտի 19-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է Անուշ Ղուկասյանի «Ներսուդուրս» ցուցադրությունը՝ ներկայացնելով արվեստագետի վերջին ինստալյացիոն նախագիծը:

 

Այս ցուցադրությունը ներկայացնում է երիտասարդ արվեստագետի գեղարվեստական գործունեության ընդհանուր թելի շարունակությունը, որը նա մշակել է ավելի քան հինգ տարի: Նրա որոշ ստեղծագործություններ նուրբ աշխատանքներ են՝ հոգատարությամբ ստեղծված նրբին արհեստից, իսկ մյուսները թողնված են ավելի հում, անմշակ:

 

««Ներսուդուրս»-ը գտնվում է այս երկուսի մեջտեղում, ճիշտ ինչպես աշխարհը միջանկյալ շրջանի փորձառություն ապրեց համաճարակի ընթացքում: Ղուկասյանը տիրացավ անորսալի, փափուկ, ազատ, խաղաղ ու լուռ ամպերին, և նրանց միացրեց գետնից վեր կանգնեցված կավե, ժանգոտ խողովակներին: Արվեստագետը միավորում է երկու հակադիր և տարբեր մասշտաբի տարրեր՝ ստորգետնյա հողը և եթերային օդը: Այն հարցման մեջ է դնում սահմանների փոփոխականությունն ու հեղհեղուկությունը»,- նշում է ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը։

 

«Ժամանակակից արվեստի տիրույթում արտահայտչամիջոցների անսահմանափակ ընտրության հնարավորությամբ, ինչպես նաև իր վառ ստեղծագործական երևակայությամբ տոգորված՝ Անուշ Ղուկասյանը մեզ հրավիրում է մի միջավայր, որտեղ միմյանց հետ հատվում են նյութական և ոչ նյութական աշխարհները: Ացելուները հնարավորություն կունենան բացահայտելու ժամանակավորի և հավիտենականի, սահմանափակի և անսահմանի, հողեղենի և երկնայինի հատման եզրերը և մտորելու իրենց մեջ մեջ սինթեզված տարբեր իրականությունների մասին»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

Ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 13-ը: