Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
ԱՅՍՏԵՂ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆՆ Է ՈՒ ՄԵԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐՊԵՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
 
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամը անգնահատելի նվեր է մատուցել համաշխարհային մշակույթին՝ ներկայացնելով կինոյի մեծ Վարպետ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻՆ նվիրված «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՀԵՏ» առցանց հարթակը:
2020-ի հոկտեմբերին «Կարտիե» կենտրոնում բացվեց փելեշյանական աշխարհը խորհրդանշող «Բնություն» ցուցահանդեսը, որը սակայն, մոլեգնող համավարակի պատճառով մնաց անհասանելի հանրությանը։ Եվ համաշխարհային մշակույթին մեծ ծառայություններ մատուցած երկիրն ու հիմնադրամը որոշեցին արժանին մատուցել համաշխարհային մշակույթին մեծ ծառայություններ մատուցած հայ կինոռեժիսորին ու ստեղծել մեծ ճաշակով, սիրով, խնամքով ու երկյուղածությամբ ստեղծված հարթակ, ուր ամփոփված են փելեշյանական աշխարհի գույները, ձայներն ու հնչյունները, լռությունը...
Այստեղ կան եզակի արխիվային նյութեր, հարցազրույցներ, երաժշտություն, զրույց, խոսակցություն, հայերեն ենթագրերով տեսանյութեր և այլն.։
 
Վայելեք փելեշյանական անչափելի աշխարհը: https://www.fondationcartier.com/.../artavazd-pelechian
 
 
Ի դեպ, այդ կայքէջում  հրապարակված է նաեւ վարպետի մասին Ատոմ Էգոյանի խոսքը.

Սիրելի Արտավազդ Փելեշյան,

Երբ վերջերս վերանայեցի Ձեր ֆիլմերը, դրանք ինձ առավել ազդեցիկ թվացին: Այս օրերին, երբ կյանքերի և հայրենի հողերի նման աղետալի կորուստից հետո մենք՝ հայերս, փորձում ենք ամոքել մեր վերքերն ու վերաիմաստավորվել, ես մխիթարվում եմ նրանով, թե ինչպիսի պարզ ու խորապես խորհրդավոր ձևով եք սահմանել մեր ինքնության կերպը: Պատկերի, ձայնի և բացարձակապես եզակի մոնտաժի Ձեր հուզիչ օգտագործումը ձևավորում է մեր բարդ հոգեկերտվածքի ուրվագիծը: Դուք վերցրել եք մեր գիտակցության այնքան շատ շերտեր՝ ենթարկելով դրանք Ձեր հզոր դիտողականության ուժին և առօրյայի ու արտասովորի, բնականի և մեխանիկականի, անձնականի և ընդհանուրի հյուսածո պատկերներին: Ձեր աշխատանքը հույս և ապրելու ուժ է տալիս մեր ջախջախված հոգիներին: Ես այնքա՜ն շնորհակալ եմ Ձեր փայլուն վարպետության համար: Ես ընդամենը մի փոքր ատոմ եմ «Մենքի» տիեզերքում, բայց այնքան երախտապարտ եմ՝ նվիրված ուսանող լինելու համար: Շատ շնորհակալ եմ։

Ատոմ Էգոյան

 
orer.eu