Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թվականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրում  տպագրեցինք ,,Հայերը Սերբիայում,, ծավալուն հոդվածը, որի մի հատվածը նվիրված էր Սողոմոն Թեհլիրյանին՝ հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, ցեղասպանության վերապրող, որը գնդակահարեց  Թուրքիայի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ Փաշային։ Սողոմոնն այդ առիթով ասել է՝ ,,Ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ,,։ Այսօր քանի որ այդ գնդակահարության 100րդ տարելիցն է, հրապարակում ենք մեր հոդվածի այն հատվածը, որը նվիրված էր Թեհլիրյան ընտանիքի  սերբական գործունեությանը։ 

 

Սողոմոն Թեհլիրյանը և Վալևոյի հայերը

 

28 տարի Սերբիայում է ապրել Սողոմոն Թեհլիրյանը, ով 1921թ.-ի մարտի 15-ին ցեղասպանության իրականացնողներից մեկի՝ Թալեաթ Փաշային սպանեց Բեռլինում։ Թեհլիրյան ընտանիքը ապրել է Վալևո քաղաքի Տնջար թաղամասում՝ Կնեզա Յովիցե փողոցում։ Խաչատուր Թեհլիրյանը՝ Սողոմոնի հայրը, այստեղ ուներ մեծ տուն, նաև խանութ։ Այդ մասին մեզ պատմեց 2019-ին Բելգրադում Թեհլիրյանի Միսաք եղբոր ծոռը՝ Զավեն Տեր-Հազարյանը (Ղազարյանը), ով ապրում է Վալևո քաղաքում։  Ըստ նրա Խաչատուրն առաջին սրճարանը բացել է 1904 թվականին։ 1905-ին հետ է գնացել Արևմտյան Հայաստանի Քեմախի շրջանի Ներքին Փակարից, և  սուրճի առևտուրը փոխանցել է իր հետ Սերբիա եկած եղբայրներին՝ Ասատուրին, Օսկանին և Ներսեսին։ Նրա ասելով, Խաչատուրը մի քանի անգամ վերադարձել է Արևմտյան Հայաստան, իսկ հերթական անգամ՝ 1914-ին, երբ եկել է Սերբիա, իր հետ բերել է բարեկամների ու հարազատների, այդ թվում՝ Հակոբ և Վարդան Բարոնյաններին, Նշան և Արթին Բաղդասարյաններին, Կարապետյան, Դելիբալթյան և Անդրանիկյան ընտանիքներին։ Նա նույնիսկ անդամագրվել է Վալևոյի առևտրականների միությանը, և Թեհլիրյան ազգանվանը զուգահեռ ստացել է ՙՄարքովիչ՚ անունը, իր հոր՝ Մարգարի անվան պատվին։ Եղբայրները նաև մի մթերային խանութ են բացել, որը ղեկավարել է նրանց որդին՝ Ներսես Թեհլիրյան-Մարկովիչը։

Պետօ Տեմիրճեանը, ժամանակին Եվրոպայի Հայ Դատի ներկայացուցիչը, ՕՐԵՐ ամսագրում(1-2009) իր հերթին նշում է, որ Սողոմոնն առաջին անգամ Սերբիա է եկել 1913թ.-ին՝ 17 տարեկանում։ Նա ծրագրում էր մեկ տարի անց գնալ Բեռլին՝ համալսարանում սովորելու նպատակով։ Սակայն սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և նա իր եղբայրների ու հորեղբայրների հետ մեկնում է Թիֆլիս, անդամագրվում կամավորական գնդերին։ Հետագայում, ավելի ուշ նա մեկնում է Բեռլին, բայց ոչ թե ուսման, այլ ՀՅԴ Դաշնակցության կողմից իրեն վստահված գործողությունն իրականացնելու նպատակով՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի ահաբեկումն իրագործելու։

 Այստեղ պետք է հիշատակել, որ Թեհլիրյանի ընտանիքի անդամների թիվը Երզնկայում 85 էր, իսկ 1915թ. ցեղասպանությունից հետո մնացել է միայն Սողոմոնի մեծ եղբոր Միսակի աղջիկը՝ Արմենուհին։ Ճակատագրի բերումով քրդերը նրան հանձնել են հայերին։ Պետօ Տեմիրճանը Վալևոյում հանդիպել է Արմենուհու թոռանը՝ Ռոստոմի որդի Զավեն Տեր-Ղազարյանին, նրա տիկնոջը՝ Վեսնային և որդուն՝ Գաբրիելին։ Ժամանակին, Ռոստոմը, Բելգրադի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդել։ Իսկ Զավենը մասնագիտությամբ բժիշկ է, 2009 թվականին Վալևոյի քաղաքային խորհրդի անդամ էր։ Հոդվածագիրը վկայում է, որ չնայած այն հանգամանքին, որ ոչ մի այլ հայ չի եղել այդ քաղաքում, ոչ էլ դպրոց ու եկեղեցի, Զավենը պահպանել է իր լեզուն և խոսել է արևմտահայերեն£ Այս քաղաքում է գտնվում նաև Թեհլիրյանների ընտանեկան գերեզմանատունը։ Ընտանիքի մեծ հայրը՝ Խաչատուր Թեհլիրյանը(1856-1941) մահացել է Բելգրադում։ Նա ուներ չորս որդի. Միսաքը (1878-1955), Սեդրակը (1888-1975), Ավետիսը (1890-1915) և Սողոմոնը (1896-1960)։ Միսաքի ավագ որդին ծնվել էր 1878թ Քեմախի Երզնկա քաղաքում, Վալևոյում շատ կարճ է ապրել, տեղափոխվել է Սլիվայնաց, որտեղ մահացել է։  Նա ուներ երեք դուստր և որդի։ Միսաքի միջնեկ որդին՝ Սեդրակը 1925-ին ամուսնացել է Խարբերդցի Մաքրուհի Տերտերյանի հետ։ Այս մասին մեզ պատմեց Զավեն Տեր-Հազարյանը։

 

Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի գործողությունից հետո վերադարձել է Սերբիա, ամուսնացել է երզնկացի Անահիտ Թաթիկյանի հետ և ստացել է Մելիքյան ազգանունը։ Նա էլ հոր նման զբաղվել է սուրճի առևտրով, մինչեւ 1950թ., հետո տեղափոխվել է Մարոկկո, այնտեղից էլ ԱՄՆ՝ Ֆրեզնո, և մահացել է այնտեղ` 1960-ին։ Սողոմոնի երկու որդիներից մեկը՝ Շահեն Մելիքյանը երաժիշտ  էր, նվագում էր դաշնամուր և ջութակ, ապրել և մահացել է Բելգրադում 2012թ. հոկտեմբերի 2-ին՝ 87 տարեկան հասակում։ Շահենը երկար տարիներ դաշնամուրի դասեր է տվել Բելգրադի երաժշտական դպրոցներից մեկում։ Նրա մասին է Գոհար Սեկուլիչի ՙՍողոմոնի որդին՚ վավերագրական ֆիլմը։

 Զավեն Տեր-Հազարյանն (Ղազարյանը) իր մասին պատմում է.ՙԵս արդեն երկրորդ սերնդի ներկայացուցիչ եմ, մասնագիտությամբ բժիշկ եմ։ Անցած տարիներին սատարել եմ Սերբիայի հայ համայնքին և հայ-սերբական բարեկամությանը։

Իմ որդին՝ Գաբրիելը ծրագրում է մեկնել Հայաստան և ծանոթանալ իր նախնիների հայրենիքին՚։

Զավենը նաև տեղեկացրեց Վալևոյի հայերի մասին։ Հայերն այս քաղաքում հաստատվել են 1850-1860-ական թվականներին, իսկ մշտական բնակություն են հաստատել մինչև 19-րդ դարի վերջը։ Հարուստ հայերը վերակառուցել են այսօր ևս կանգուն Սելի (Celiy) վանքը, նաև խորանը համապատասխանեցրել են հայկական եկեղեցուն։

Զավենի պատմելով, Խաչատուր Թեհլիրյանի եղբոր՝ Օսկանի որդին՝ Սամվելը, աջակցել է հորը սուրճի առևտրում, իսկ 1920 թվականին ամուսնացել է Ղուկասյանների աղջկա հետ, 1921թ ծնվել է նրանց առաջնեկը՝ Վասիլի-Վահեն, ով Վալևոյում ծնված առաջին հայ երեխան է։ Հետագայում նրանք կնոջ ու երեխայի հետ տեղափոխվել են Բելգրադ, սուրճի գործը փոխանցելով հորեղբորը՝ Ասատուրին։

 

Հակոբ Ասատրյան

2019 

 

Զավեն Տեր Հազարյանը Վալեւոյում