Հայաստանի իշխանությունների մոտեցումը ես խտրական եմ համարում եւ կարծում եմ, որ այն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանափակմանը: Այս մասին մարտի 13-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանությունների մտադրությանը Մարդու իրավունքների պաշտպանին զրկել ֆինանսական անկախության սահմանադրական երաշխիքից:
Որպես հակափաստարկ՝ գործադիր իշխանությունը, ըստ Թաթոյանի, ասում է, որ միեւնույն է, Գրասենյակի բյուջեն ընդունվում է խորհրդարանի կողմից, եւ այն կարող է ընդունել ոչ թե Կառավարության, այլ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած բյուջեն:
Օմբուդսմենը նշեց, որ այս գործոնը, այնուամենայնիվ, ավելի կսրի իրավիճակը, քանի որ ինստիտուտը իշխող ուժի ազդեցության տակ կհայտնվի՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը լծակներ չունի՝ բավարար քանակի ձայների տեսքով:
«Այս նախագիծն առաջարկվել էր դեռ 2020-ի սեպտեմբերին՝ պատերազմից մի քանի օր առաջ: Երբ ես ներկայացրի իմ առարկությունները, ինձ ասացին, որ դա խանգարում է միջազգային ներդրումներին: Բացի այդ, այս օրենքն իբր բյուջեն զրկում է ճկունությունից՝ միջոցները մի ոլորտից մյուսը վերահասցեավորելու հնարավորության առումով: Տեսնելով մեր աշխատանքի ծավալը պատերազմի ժամանակ՝ մենք կարծեցինք, որ կառավարությունը կմտափոխվի: Սակայն 2021 թվականի հունվարին իշխանությունները նախագիծը կրկին քննարկման դրեցին՝ հիմնավորելով իրենց մոտեցումը նրանով, որ հաջորդ տարի վերանորոգման համար հատկացված գումարները չեն կարող վերադարձվել պետական բյուջե:
Եթե մենք կրճատեինք ֆինանսավորումը բոլոր ոլորտներում, ապա օբյեկտիվ պատճառներով կարող էինք զիջումների գնալ: Անցյալ տարի մեզ առաջարկեցին բյուջեն կրճատել 24 միլիոն դրամով, եւ մենք համաձայնվեցինք դրան: Եթե ուսումնասիրենք այլ մարմինների ֆինանսավորումը, կտեսնենք, որ որոշ նախարարություններ ֆինանսավորվում են 9 միլիարդ դրամ, 32 միլիարդ դրամ, 11 միլիարդ դրամ կամ նույնիսկ 200 միլիարդ դրամի չափով: Կառավարությունից անկախ որոշ մարմիններ ավելի քան 1 միլիարդ դրամ են ստանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն 532 միլիոն դրամից մի փոքր ավել է: Աշխատավարձերը չհաշված՝ այդ ցուցանիշը 2.3 միլիոն դրամից փոքր-ինչ ավել կկազմի»,- ասաց նա:
Արման Թաթոյանը պարզաբանեց, որ միեւնույն ժամանակ Գրասենյակն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. եթե 2015-ին 5214 բողոք էր ստացվել, ապա 2020-ին՝ գրեթե 15 հազար բողոք, իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին՝ 3000 բողոք: 2020 թվականին ամիս է եղել, երբ միանգամից 3000 բողոք է ստացվել: 2020-ին թեժ գծին 12 հազար զանգ էր ստացվել: Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ծանրաբեռնվածությունն ավելացել էր: Բացի այդ, այլ մարմիններից ստացված բոլոր բողոքները, ի վերջո, ստանում է Մարդու իրավունքների պաշտպանը:
«Մեր հաշվեկշռից երեք ավտոմեքենա վերցրեցին, այն էլ՝ մեր առարկություններից հետո, քանի որ դրանից առաջ խոսքը 7-8 ավտոմեքենայի մասին էր, ընդ որում, դրանց մի մասը գնվել էր ԵՄ ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ, 2016-ից 2018-ն ընկած ժամանակահատվածում չի եղել դեպք, երբ իշխանությունների քննադատության պատճառով բարձրացվի Մարդու իրավունքների պաշտպանին հաստատման հարցը»,- եզրափակեց ՀՀ օմբուդսմենը: