Հարցազրույց «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» գրքի հեղինակ Ռիտա Հարությունյանի հետ
Ալեքսանդր Մակեդոնացու մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ, պատմություններ ու մեկնաբանություններ։ Նրա մասին մեզ տեղեկություններ է հաղորդել դեռեւս հույն պատմիչ Արիանոս Փլաբիոսը, որը եղել է այդ ժամանակի նշանավոր մարդկանցից մեկը։ Ալեքսանդրի կենսագրությունն ու նրա արշավանքներն ավելի վառ բնութագրված են Բենիամին Վիլլերի «Մեծն Ալեքսանդր» աշխատության մեջ։Համաշխարհային պատմությունից մեզ հայտնի է, որ Ալեքսանդրը Մակեդոնիայի թագավոր Փիլիպոսի որդին է, սակայն հիմնվելով 1998 թվականի «Հայ Զինվոր» շաբաթաթերթում Արմեն Մարտիրոսյանի` Մակեդոնացու մասին հոդվածի վրա` կարելի է առաջ քաշել մի վարկած, ըստ որի նա ոչ թե Փիլիպոսի, այլ եգիպտական թագավոր Նեքտանեբուսի որդին է։ Վերջինս իր թագավորության անկումից հետո փախել էր Մակեդոնիա և այնտեղ հմայությամբ գայթակղել Փիլիպոսի կնոջը` Օլիմպիային, և նրանց խառնակությունից, ըստ ավանդության, ծնվել է Ալեքսանդրը։ Այսպիսով՝ հայ պատմագրության մեջ գրեթե չեն պահպանվել նրա մասին լիարժեք տվյալներ: Հայ պատմիչներից քերթողահայր Մովսես Խորենացին է հիշատակում նրա մասին իր Հայոց պատմություն աշխատության մեջ:
Եվ միայն վերջերս հայերեն հրատարակվել է Ռիտա Հարությունյանի «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» գիրքը:
Այստեղ հեղինակը պատկերավոր ու հանրամատչելի կերպով ընթերցողին է ներկայացնում Ք.ա. IV դարի մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և նրա ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Առանձնակի հետաքրքիր են Ալեքսանդր Մեծի առնչությամբ Հայաստանին աղերսվող պատմական փաստերը:
Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հեղինակի դասախոսությունը Մակեդոնացու մասին: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ասմունքող դերասանուհի Գայանե Սամվելյանը: Նա հակիրճ ներկայացրեց օրվա բանախոսոին, ինչպես նաև խոսեց նրա անցած ուղու և գործունեության մասին: Միջոցառման ընքացքում Ռիտա Հարությունյանին գրադարանի տնօրեն արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի ու ընթերցողների կողմից շնորհվեց շնորհակալագիր սիրված գրքօջախին գրքի 14 օրինակ նվիրաբերելու համար: Ռիտա Հարությունյանը Մակեդոնացուն ներկայացրեց և՛ որպես քաղաքական գործիչ և՛ որպես շինարար, և՛ որպես քաղաքներ հայտնաբերող, և՛ որպես դիվանագետ, և՛ որպես համաշխարհային գրականության յուրօրինակ կերպար: Հանդիպումը ընթացավ հարցուպատասխանի, քննարկման ջերմ մթնոլորտում: Միջոցառման ընթացքում Ռիտա Հարությունյանը գրքի օրինակ նվիրեց իր ամենապատանի ընթերցողին: Ցերեկույթի վերջում սիրված մտավորականն երախտիքի խոսքն ուղղեց բոլոր մասնակիցներին ու ծրագրի կազմակերպիչներին՝հույս հայտնելով, որ մոտ ապագայում ևս կկազմակերպի նմանատիպ հանդիպում՝ ընթերցողների լայն շրջանակներում զորավարի սխրանքը ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու նպատակով:Դասախոսությունից հետո կայացած հարցազրույցը ներկայացնում եմ ընթերցողին:
Ռիտա Հարությունյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է,18 տարի աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Էլեկտրական մեքենաներ» ամբիոնում, որպես դասախոս ու ավագ գիտաշխատող: Խորհրդային Միության փլուզումից հետո աշխատել է միջազգային կազմակերպություններում, իսկ 1996 թվականից զբաղվում է ձեռներեցությամբ:
- Խնդրում եմ նախ հակիրճ ներկայացրեք գիրքը։
- Ալեքսանդր Մակեդոնացու մասին գիրքը կենսագրական է, թեպետև պարունակում է գեղարվեստական գրքին բնորոշ տարրեր: Բացի նրանից, որ գրքում ամփոփված են Մակեդոնացու մասին հայտնի արդի հետազոտությունները, այնտեղ ի մի են հավաքված մեծ զորավարի առնչությամբ Հայաստանին վերաբերող տեղեկությունները: Գրքի ծավալը 256 էջ է: Հրատարակությունը հեղինակային է, դիզայնն ու տպագրությունը կատարել է «Անտարես հոլդինգը»: Գրքի տպագրությունը գունավոր է, և դա գրքի արժանիքներից մեկն է: Սովորաբար գունավոր են լինում արվեստի ալբոմները, որտեղ գլխավորը պատկերն է, իսկ տեքստն ունի ուղեկցական, հավելյալ դեր: Դժվար է հանդիպել պատմական մի գիրք, որում բովանդակությունն ու պատկերազարդումը համարժեք լինեն: Այս գրքում այդպես է: Գրքում կան հեղինակային հետարքրիր քարտեզներ ու սխեմաներ, հարուստ պատկերազարդում՝ հայտնի նկարիչների գործերով: Հատկապես ուշագրավ են պատմաաշխարհագրական ակնարկները, անունների ու եզրույթների ցանկը և ժամանակագրական աղյուսակը: Գիրքը գրված է պարզ ու մատչելի լեզվով և նախատեսված է պատմություն սիրողների համար: Այն կհետաքրքրի նաև բարձր դասարանցիներին, ուսանողներին ու ռազմական արվեստով հետաքրքրվողներին: Հուսով եմ, որ գիրքն իր արժանի տեղը կգրավի ընթերցողների գրադարակների վրա, ինչպես նաև կլինի լավագույն նվերը:
- Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գիրք գրել Ալեքսանդր Մակեդոնացու մասին
-Ալեքսանդր Մեծի մասին դարերի ընթացքում ստեղծվել է չափազանց հարուստ գրականություն, որը մեծ մասամբ հիմնված է հին հունական ու հռոմեական պատմիչների դասական աշխատությունների վրա: Արդեն երիտասարդ տարիքից ես տարված էի Ալեքսանդր Մակեդոնացիով: Կարդալով նրա մասին բազմաթիվ գրքեր, հիմնականում՝ ռուսերենով, նաև անգլերենով, ես համակվեցի այն մտքով, որ լավ կլիներ գրել հանրամատչելի, ամբողջական, ժամանակակից հետազոտությունները ամփոփող, և, ինչու չէ՝ նաև պատկերազարդ մի գիրք: Ու անել դա հայ ընթերցողի համար: Բանն այն է, որ ի զարմանս ինձ հայտնաբերեցի, որ վերոհիշյալ հին պատմիչների աշխատություններից բացի հայերենով բացակայում է քիչ թե շատ ժամանակակից գրականություն Ալեքսանդրի մասին: Բայց չէ՞ որ հայտնի են Ալեքսանդր Մեծի առնչությամբ Հայաստանին աղերսվող բազմաթիվ փաստեր: Ու ես անցա գիրքը գրելուն, մանավանդ, որ իմ անձնական հանգամանքները դրան նպաստեցին: Գիրքը՝ հինգ տարվա իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, բայց ես երբեք չզղջացի, որ իրագործեցի այն, քանի որ սկզբում բավարարում էի հետաքրքրասիրությունս, իսկ հետո դրանից սկսեցի ստանալ ստեղծագործական հաճույք: Գիրքն արդեն ապրում է իր կյանքով: Ստանում եմ ընթերցողներիս արձագանքները: Ոմանք ասում են, որ գիրքը հեշտ ու սահուն ձևով կարդացվում է, մյուսների համար այն դժվար է, մեկի համար խոչընդոտ են տարեթվերը, մյուսների համար՝ անուններն ու անվանումները: Ես լսում եմ, որ մարդիկ մտքերով են փախանակվում կարդացածի մասին, վիճում են: Ասեմ, որ ընդհանուր կարծիքը հիացական է և ես հպարտանում եմ դրանով:
-Գրքում ի՞նչ նոր բացահայտումների դրվագներ կան մեծանուն զորավարի մասին
-Եկե՛ք հստակեցնենք, թե ինչ է մեր դեպքում նշանակում «նոր բացահայտումներ» կատարելը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին գրված են հազարավոր աշխատություններ: Նա անկասկած ամենաուսումնասիրված, բայց միևնույն ժամանակ՝ ամենաաղավաղված պատմական դեմքն է: Դեռ անտիկ պատմիչները հաստատում էին, որ «չկա մի մարդ, որի մասին գրած լինեն այդքան շատ ու այդքան հակասական բաներ»: Մակեդոնացին միշտ գտնվել է գիտնականների ուշադրության կիզակետում, նրա կենսագրությամբ զբաղվել են ամենահեղինակավոր պատմագետները: Հավատացեք, որ ինչ որ հնարավոր էր հայթայթել համապատասխան սկզբնաղբյուրներում, այնուհետև զատել իրական պատմականը հորինվածքից, անաչառ աչքերով նայել փաստերին, քննադատաբար ուսումնասիրել արժանահավատ տեղեկությունները՝ այդ ամենն արդեն արված է: Մեր դարում նոր բացահայտումներ կարող են կատարվել երկու դեպքում. եթե ասպարեզում հայտնվեն նոր բնօրինակ փաստաթղթեր և պատմական կոթողներ, ու եթե ձեռքբերվեն նոր տվյալներ գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների կիրառման շնորհիվ (դրանք են լազերային հետազոտությունները, քիմիական անալիզները և այլք):Սա պարզ է: Ուրիշ բան է, երբ տեղեկությունները ցրված են տարբեր աղբյուրներով, զետեղված են մասնագիտական հավաքածոներում, այսինքն՝ պատշաճ կերպով չեն մատուցված լայն հասարակությանը: Այստեղ հերթը հասնում է գիտահանրամատչելի գրականությանը: Իմ դեպքում ես քննադատաբար վերամշակեցի հասանելի տեղեկություններն ու ամենակարևորը՝ մեկտեղեցի մեր հայ մակեդոնագետների ուսումնասիրությունները: Դրանք են՝ Հասմիկ Սիմոնյանի, Մուրադ Օհանյանի, Արտակ Մովսիսյանի աշխատությունները:Ավելացնեմ, որ գրքում ես աշխատել եմ զերծ մնալ զանազան սենսացիոն ու անհիմն պատմություններից:
-Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ նա գրավել է Հին աշխարհի մի շարք երկրներ՝հպատակեցնելով տեղի ժողովրդներին, ովքեր հետագայում նրան սրբադասեցին: Ո՞րն էր սրա նպատակը:
_Սկզբնական շրջանում Պարսից կայսրության ժողովուրդները Ալեքսանդրին, բնականաբար, ատում էին ու ներկայացնում որպես դժոխքի ծնունդ: Սակայն շուտով նվաճած ժողովուրդները այնչափ տպավորվեցին Ալեքսանդրի արարքներով, որ ցանկացան նրա մեծագործությունների մասնակից ճանաչվել: Արևելյան հասարակությանը մշտապես բնորոշ է եղել ստորին խավի նվաստացում ու վերին խավի կույր երկրպագում: Իսկ Ալեքսանդրի պարագայում դա ուշ թե շուտ պիտի վերածվեր սրբադասմանը:Նշենք, որ ժողովրդավարական մթնոլորտում մեծացած հույների ու մակեդոնացիների համար արևելյան սրբադասումն անհասկանալի էր և անընդունելի:
-Հայտնի են վարկածներ այն մասին, որ նա ոչ թե Փիլիպոս թագավորի, այլ եգիպտական Նեքտանեբուս փարավոնի որդին էր: Նույնպես շրջանառվում էր Ալեքսանդրի Արքայից արքա Դարեհի որդին լինելու վարկածը, որը մտցվել էր որպեսզի լեգիտիմացվի նրա իշխանությունը Իրանում: Իրանի վաղնջական պատմությունն արաբերեն թարգմանելիս նրան ներկայացրել են որպես պարսից արքաներից մեկը: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
-Ալեքսանդրի արտաամուսնական սերումը շրջանառվող վարկած է: Ի՞նչ կարելի է ասել նման դեպքերում: Ոչինչ: ԴՆԹ թեստ անել չենք կարող, քանի որ Ալեքսանդրի շիրիմավայրը անհայտ է: Ինչ վերաբերում է Դարեհին, ապա նրա հայրության վարկածը կատարյալ անհեթեթություն է: Ալեքսանդրը Դարեհի մահվան հանգամանքները ներկայացրեց այնպես, թե իբր Արքայից արքան անձամբ իրեն փոխանցեց Պարսից տերությունը: Ու արեց դա այն պատճառով, որ մարդկայնորեն ազդվեց իր հանդեպ Ալեքսանդրի ցուցադրած գթասրտությամբ:
-Ձեր կարծիքով, այսօր երիտասարդ սերունդը արդյո՞ք ճանաչում է համաշխարհային հայտնի զորավարներին ու նրանց սխրանքները
-Պետք է ճանաչեցնել տանք: Դրա համար ես նախաձեռնեցի այս գործը: Ի՜նչ ասես տեղի չի ունեցել մարդկության երկար պատմության ընթացքում: Եվ ոչինչ ավելի հետաքրքիր չէ, քան իմանալը, թե ի՞նչ է եղել իրականում, ինչո՞վ էին ապրում մեր նախնիները, ինչի՞ մասին էին մտածում, ինչի՞ն հավատում և ի՞նչ երազանքներ փափագում… Ալեքսանդրը ձգտում էր նվաճել ամբողջ աշխարհը, հիմնել համաշխարհային պետություն, որտեղ չեն լինի ո՛չ հաղթողներ, ո՛չ պարտվածներ, որտեղ բոլոր ժողովուրդները միասին կստեղծեն իրենց համընդհանուր մշակույթը: Այն ժամանակներում նման գաղափարը թվում էր իրականանալի, համենայն դեպս՝ Ալեքսանդրի պես տաղանդավոր ու փառատենչ մարդու համար: Նրա նվաճումների շնորհիվ հունական աշխարհի ու մշակույթի առջև լայնորեն բացվեցին Ասիայի դարպասները և սկզբնավորվեց Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունների միաձուլման դարաշրջանը՝ հելլենիզմը: Ալեքսանդրի արտասովոր անհատականությունը և մեծագործությունները անջնջելի ազդեցություն գործեցին ժամանակակիցների վրա և պատահական չէ, որ նրան անվանում էին «աստվածների սիրեցյալ»:
-Պատրաստվում եք գիրքը ներկայացնել նաև այլ լեզուներով։
-Սկզբից կար այդպիսի ցանկություն, բայց հետո հասկացա, որ հնարավորություն չեմ ունենա իրագործելու նման ծավալուն ու ժամանակատար նախաձեռնությունը: Ի միջի այլոց, ես սկսեցի գիրքը գրել ռուսերենով, նույնիսկ որոշ չափով այն ավարտուն տեսքի հասցրի, բայց հետո տեսա, որ ավելի է պահանջված գրքի հայերեն տարբերակը և անցա հայերեն գրելուն:
Նա, ով կարդացել է Ա. Մակեդոնացու մասին այս գիրքը, զգացել է նրա հետաքրքրաշարժությունը և գեղագիտական արժանիքները: Հինգ տարի շարունակ հատիկ-հատիկ նյութեր էի հավաքում հայերեն, ռուսերեն ու անգլերեն մասնագիտական գրականությունից, ուսումնասիրում հին պատմիչների աշխատությունները, կարդում պատմավեպեր: Եվ այդ ամենից քաղածը ընդհանրացրեցի, վերամշակեցի ու հանրամատչելի ներկայացրեցի այս գրքում:
-Պատմաբանների արձագանքը ձեր աշխատության վերաբերյալ ինչպիսի՞ն է։
-Ուրախ կլինեի իմանալ, ակնկալում էի, որ կգան շնորհանդեսներին եւ դասախոսություններիս հրավիրում էի, բայց, երևում է, հետաքրքրություն չառաջացավ:
-Արդյոք ձեր աշխատանքները կլինե՞ն շարունակելի ։
-Անշուշտ: Գաղափարն այն է, որ գրքի վաճառքից ստացած գումարը տրամադրվելու է բարեգործական - հանրակրթական նպատակների համար: Իսկ դա ենթադրում է միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ... Մի խոսքով՝ շարունակելիություն: Այժմ էլ,
դպրոցներում դասախոսություններ եմ անցկացնում (6 – 9 դասարանցիների համար), և դա անելու եմ պարբերաբար: Հնարավորինս պատրաստվում եմ շրջագայել երկրով, հանդիպումներ ունենալ հետաքրքրվող հանդիսատեսի հետ: Շարունակելու եմ գիրքս գրադարաններին նվիրել: Պիտի ԵՊՀ ռուսաց լեզվի ակումբում ելույթ ունենամ: Ծրագրում եմ այցելել ապաքինվող զինվորներին ու զբաղեցնել նրանց հետաքրքրիր ու ներշնչանք առաջացնող պատմություններով Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից: Տպագրվել է հոդվածս «Հայ զինվոր» հանդեսում: Մի խոսքով՝ ձեռնարկել եմ հանրակրթական միջոցառումների մի ամբողջ շարք: Դրանից բացի, մասնակցում եմ գիտնական Ջուլիետա Ղարիբյանի հերթական դասագրքի խմբագրական աշխատանքներին:
-Ինչպե՞ս կբնութագրեք Մակեդոնացուն թե՛ որպես զորավար, թե՛ որպես տիրակալ։
-Իր դեպքում մեկը մյուսից անջատելի չէ:
-Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում:
-Լինելով խառնվածքով գիտնական-հետազոտող, պատմության սիրահար ու գիտակ համագործակցել եմ «Գոլոս Արմենիի» թերթի ՄՈՍՏ գիտա-հանրամատչելի հավելվածի խմբագրության հետ: Խմբագիր Գայանե Սարմաքեշյանը, հավատով ներշնչվելով ինձ տրամադրեց կատարյալ ազատություն: Ես ինքնուրույն ընտրում էի ինձ հետաքրքրող թեմաները, դրանց ներկայացման ձևաչափը, և 2013-2015 թթ. ընթացքում լույս տեսան թեմատիկ ակնարկների տեսքով իմ 17 հոդվածները: Ակնարկները համախմբված էին երեք հիմնական թեմաների շուրջ՝ ջրանցքներ ու հիդրոէլեկտրակայաններ, կամուրջներ ու գետանցումներ, ռազմածովային նավատորմեր և ճակատամարտեր: Դրանցում տեխնիկական ու տնտեսական տեղեկությունները ներկայացված են պատմական իրադարձությունների հենքի վրա՝ պատշաճ համադրումներով և ընդհանրացումներով: Ժանր, որը կարելի է ասել, հորինել եմ ինքս: Ու եկավ այն պահը, երբ գիտելիքները հանրամատչելի դարձնելու ձեռք բերած փորձը ինձ դրդեց կատարել հաջորդ քայլը՝ անցնել գիրք գրելուն: Ասես ճակատագիրն ինքն էր ինձ մղում դեպի կյանքիս ամենակարևոր գործը: Եվ ընթերցողի հետ կիսվելու անհաղթահարելի ցանկությունը իրականություն դարձրեց առաջին հայացքից արտասովոր այս նախաձեռնությունը՝ հայ մարդուն հաղորդակից դարձնել այն վիթխարի պատմամշակութային ժառանգությանը, որի անունն է Ալեքսանդր Մակեդոնացի, հելլենիզմ և դրանց աղերսը Հայաստանի հետ:
-Արդյոք գիրքը կծառայի՞ որպես դասագիրք մեր սկսնակ պատմաբանների ու ռազմարվեստի մասնագետների համար
-Անկասկած, այո՛:
Գարիկ Ավետիսյան