Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

  Թամարա Մինասյանի Ուտիքի գրչության կենտրոնները գրքի շնորհանդեսը

Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձին տեղն է զբաղեցնում, և այն պետք է պահպանվի, հանրահռչակվի և փոխանցվի սերունդներին:Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով: Որպես գրչության կենտրոններ հռչակված էին Գանձասարը, Խադավանքը, Դադիվանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սուրբ Հակոբա, Երից մանկանց, Եղիշե առաքյալի վանքերը, Ավետարանոցի Կուսանաց անապատը, Գանձակը: Այս կենտրոններում գրվել, ծաղկազարդվել ու պահպանվել են պատմական, փիլիսոփայական, մեկնողական, կրոնական, ծիսական բովանդակությամբ բազմաթիվ ձեռագիր մատյաններ, որոնց հիշատակարանները նաև պատմական նյութեր և ուշագրավ տեղեկություններ են պարունակում Արցախի պատմության ու հոգևոր կյանքի վերաբերյալ, իսկ ծաղկազարդված ձեռագրերը իրենց նկարազարդման յուրահատկությամբ և ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի և նրա բարձր զարգացածության մասին:Որպես գրչության կատարելագործում՝ 18-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է հայկական կազմարարությունը:

Կաշվե կազմերի ձևավորման և զարդարման, կազմարձանագրությունների արտահայտման ինքնատիպ սկզբունքներով առանձնանում է Արցախ-Ուտիքի դպրոցը, որի ներկայացուցիչներ տեր Ղազար, տեր Մխիթար և տեր Մեսրոպ կազմարարները ձեռագրերի կազմեր են պատրաստել Գանձասարում, Երից մանկանց և Պտկի Սուրբ Գևորգ վանքերում, Չարեք անապատում, Ջալեթ գյուղում, Գանձակում գրված ձեռագրերի համար։ 27 ձեռագրակազմերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեր Ղազար կազմարարը Գանձասարի վանքին կից ստեղծել է կազմեր պատրաստելու արհեստանոց, որտեղ էլ սովորել են մյուս երկու կազմարարները։ Այդ դպրոցի կազմերին բնորոշ են ծաղկադրոշմները, զարդապատկերները, ինչպես նաև ձեռագրերի լուսանցակողերի կապույտ գույնը։ Մի քանի խոսքով ներկայացնեմ կենտրոնի մասին:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը բացվել է 2015թ․: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն հիմնելու նպատակով Արցախի թեմն անհատույց ու անժամկետ հատկացրել է Գանձասար վանական համալիրին կից դպրատան նախկին շենքը, որը վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով:Կենտրոնում ցուցադրվում են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր:Արցախը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով, նաև պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել և պահվել են այստեղ:Բացառիկ հնարավորություն է ստեղծվել աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղել մեկ հարկի տակ՝ «Մատենադարան-Գանձասար»-ում: Մինչև մեր օրերը հասել են Գանձասարում գրված 13 ձեռագրեր, որոնցից 12-ը պահվում են Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմում՝ Սրբոց Հակոբյանց վանքում: Կենտրոնում ցուցադրվում է 12-ը:

Հիմնական ցուցադրությունից զատ կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։Իրականացվում են գիտաժողովներ, այդ թվում՝ միջազգային։

2019թ․ իրականացվել է «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային հայագիտական գիտաժողովը, որին մասնակցել են Եվրոպայից, ԱՄՆ-ից հեղինակավոր հայագետներ, մեծ համբավ ունեցող գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Մարտի 2-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Արցախի ձեռագրական արվեստին նվիրված ցուցհանդեսի բացումը։ 

Ցուցահանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա իր խոսեց ցուցադրությունների մասին,հիշատակելով 2015 թվականին բացվող ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսն, որտեղ ներկայացված էին եղեռնի ժամանակ փրկված ձեռագրերը:

Նա խոսեց նաև մատենադարանում  առաջիկայում կազմակերպվող ծրագրերի ու միջոցառումների մասին,մասնավորապես՝ հիշատակության էր արժանի հայ-արցախյան համատեղ կայքի ստեղծումն, որտեղ ներկայացվելու են Արցախի մշակութային ոլորտներին ներկայացվող նյութեր: Իր ելույթի վերջում նա երատիքի խոսքեր ուղղեց բոլոր կազմակերպիչներին, իսկ այնուհետև  շնորհակալագրեր հանձնեց  Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում պահվող ձեռագրամատյանների և գույքի տարհանման գործում աջակցություն ցուցաբերած կամավորներին: Խոսելով ցուցահանդեսի մասին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը տեղեկացրեց,որ Գանձասարից ձեռագրանմուշները Երևան են տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում:«Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք ձեռնամուխ եղանք գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունն առավել ապահով վայր տեղափոխելուն:Հատկապես, երբ հակառակորդը գերճշգրիտ հարվածներով թիրախավորում էր Արցախի հոգևոր մշակութային կենտրոնները:Ուստի որոշում կայացրինք ռազմական գործողությունների հատվածից անմիջապես տարհանել բոլոր ձեռագրերն ու տեխնիկական միջոցները: Կամավորների աջակցությամբ մեզ հաջողվեց ցուցանմուշները տեղափոխել Երևան»,-պատմեց Թորոսյանը:

Նրա խոսքով Մաշտոցյան Մատենադարանում արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը ժամանակավոր է՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրանք կրկին տեղափոխելու են Գանձասար։Ցուցադրությանը ներկայացված են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սուրբ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին, Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Եվ ահա այցելուների համար ներկայացված էին ընդհանուր մոտ 80 ցուցանմուշներ:

Նշեմ այն փաստն, որ սա ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի Ուտիքի գրչության կենտրոնները գրքի շնորհանդեսը:

Այստեղ ձեռագրական, վիմագրական ու մատենագիտական աղբյուրների հիման վրա ներկայացված են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր: Գրքում նահանգի գավառների պատմությունը և մշակութային, ձեռագրական ժառանգության խնդիրները ներկայացվում են ըստ Աշխարհացույցի նրանց զբաղեցրած տարածքների, որոնք հետագա դարերում վարչաքաղաքական փոփոխությունների հետևանքով ունեցել են նոր սահմաններ և անուններ: Ուսումնասիրությունը որոշ իմաստով հեղինակի 2015 թվականի հրատարակած Արցախի գրչության կենտրոնները գրքի շարունակությունն է, քանի որ խոսքը Հայոց Արևելից կողմանց երկու նահանգների մասին է, որտեղ մեծ են պատմամշակութային ընդհանրությունները:Այս կենտրոններում նաև պահվել են այլ վայրերում գրված և այստեղ բերված ձեռագիր մատյաններ, որոնցով ամբողջանում է նահանգի ձեռագրական ժառանգության պատկերը: Հավելվածում առաջին անգամ ամբողջական ներկայացվում է Մխիթար Գոշի հայսմավուրքային վարքը: Գրքի խմբագիրը մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանն է:

Գրքին կցված է նաև Ուտիքի գրչության կենտրոնների քարտեզ՝ հեղինակ Գեղամ Բադալյան, քարտեզագիր Մարտին Մարտիրոսյան: Սա նախատեսված է Արցախ-Ուտիք նահանգների պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների, միջնադարագետների, աղբյուրագետների, ձեռագրագետների, ինչպես նաև պատմությամբ, մշակույթով և արվեստով հետաքրքրվող լայն հասարակության համար: Գիրքը ներկայացրեց խմբագիրը՝Կարեն Մաթևոսյանը:

Խոսելով գրքի մասին նա նշեց այն հանգամանքն, որ մի քանի տարի առաջ հրատարակվել է հեղինակի Արցախի գրչության կենտրոնները աշխատությունը: Նա նշեց նաև, որ երկու գրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են մատենադարանի կայքում: Իսկ վերջում հավելեց,որ երկու գրքերը Թամարա Մինասյանի ու Հրավարդ Հակոբյանի հեղինակությամբ թարգմանվելու են անգլերեն լեզվով՝ օտարերկրացիներին ներկայացնելու այս գավառների իրական գրչության պատմությունն ու արվեստը և որ նմանատիպ աշխատանքները կլինեն շարունակելի մեր ընթերցասեր հասարակությանն ու համապատասխան մասնագետներին ծանոթացնելու հայոց աշխարհի այս յուրօրինակ արվեստի տեսակի հետ: Այսպիսով՝ այցելուները հնարավորություն կունենան մարտի 3-ից ներկայացվող «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի