Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ կատարելով արցախյան պատերազմին, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերներին, նաև համակողմանիորեն քննարկելով հայրենիքում տեղ գտնող զարգացումները, մասնավորապես փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված դժվարին կացությունը՝ մեր խորը մտահոգությունն ենք արտահայտում՝
- պատերազմի հետևանքով հայրենիքում տիրող քաղաքական ծանր իրադրության առնչությամբ, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները, էլ ավելի ծանրացնում բարոյահոգեբանական անկյալ վիճակը,
- առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ, որոնք հանգեցնելու են նոր պառակտումների, առկա ներքին և արտաքին մարտահրավերների ահագնացման, հայրենիքի ապագայի հանդեպ անվստահության արմատավորման և արտագաղթի՝ լուրջ սպառնալիք դառնալով Հայաստանի անվտանգության և Արցախի հետագա վերականգնման ու առաջընթացի համար։
Անընդունելի ենք նկատում քաղաքական պայքարի շրջանակներում սերմանվող ատելությունը և անհանդուրժողականությունը, փոխադարձ անարգանքն ու հայհոյախոսությունը, քաղաքացիների զգացմունքների շահարկումը, ի հետևանս որոնց նաև երկրի հեղինակազրկումը միջազգային հանրության առջև։
Հորդորում ենք՝
- իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից,
- մեր ժողովրդի զավակներին՝ պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։
Վերահաստատելով առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտահայտած դիրքորոշումները և օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում Ազգային ժողովին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևությունները անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի և ազգի՝ նոր հիասթափությունների չառաջնորդելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը և խնդիրների հանգուցալուծումը փնտրել միմիայն համազգային ներուժի համախմբման մեջ՝ հեռու պահելով ժողովրդին հնարավոր բախումներից։
Նաև հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում և նպաստել մեր բանակի սրբազան առաքելության արգասավորմանը։
Ստեղծված իրավիճակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի ամենայն ջանք ի գործ դնել լարված մթնոլորտի լիցքաթափման և ներհասարակական միասնականության ու համերաշխության վերականգնման ուղղությամբ։
Աղոթում ենք ճգնաժամի արժանապատիվ հաղթահարման համար՝ հայցելով Ամենողորմ Աստծուն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգ և խաղաղ պահել հայրենի մեր երկիրը և մեր ժողովրդին։
...........................................................................................................................................................................................
Փետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։
Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին պատերազմի հետևանքով արձանագրված կորուստների, ներքաղաքական իրավիճակի, հետպատերազմյան վտանգների, զոհվածների ընտանիքների, գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների, պատերազմից տուժած մյուս անձանց, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ առնչված խնդիրներ և անդրադարձ կատարվեց հիշյալ հարցերի ուղղությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկվող քայլերին։
ԳՀԽ անդամները կարևորեցին Եկեղեցու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հանրային կյանքում առկա զանազան մարտահրավերների հաղթահարման։ Կենսական նկատվեց անհրաժեշտ հոգևոր խնամքի հետ մեկտեղ շարունակելու դեռևս պատերազմի օրերին Եկեղեցու նախաձեռնած հումանիտար աջակցության ծրագրերը՝ թեթևացնելու պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, նպաստելու Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հնարավորության դեպքում վերադառնալ իրենց բնակության վայրերը։
Գերագույն հոգևոր խորհուրդն ի մասնավորի թելադրեց շարունակել գերության մեջ հայտնվածների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Մասնավոր մտահոգություն արտահայտվեց ՀՀ Զինված ուժերի հրամանատարության փետրվարի 25-ի հայտարարության և վարչապետի արձագանքին հետևած նոր լարվածության կապակցությամբ, որի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։
ԳՀԽ անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախմբի զեկույցը ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումների և ի մասնավորի՝ հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման շուրջ նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքների վերաբերյալ։ Տեղեկացվեց, որ ենթախումբը կրթական բարեփոխումների կարևորությունը դիտարկում է ապագա սերնդի բացառաբար հոգևոր-ազգային կրթության և դաստիարակության համատեքստում և այս ուղղությամբ պնդում է Հայոց Եկեղեցու պատմության ամբողջական ծավալով, իբրև առանձին առարկա ուսուցման անհրաժեշտությունը։ Միաժամանակ մտահոգություն արտահայտվեց պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից առարկայի առչությամբ որդեգրված ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ։
Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդգծելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությունը, թելադրեց ենթախմբին մեկ անգամ ևս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված Եկեղեցու դիրքորոշումները։
Քննության առնվեցին նաև բարեգործական որակվող ծրագրերի շրջանակներում Մայր Աթոռի կողմից իրականացվող մի շարք ծառայությունների և աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդգծվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարոգործական մի շարք ծրագրեր պետական համապատասխան լիազոր կառույցի կողմից որակվել են որպես այդպիսին և աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։ Միաժամանակ մտահոգությամբ արձանագրվեց, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում։ Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն արտահայտեցին դրսևորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ Եկեղեցին երբևէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջև չի գտնվել։ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրեց Մայր Աթոռի համապատասխան կառույցներին պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները և հետամուտ լինել դրանց կարգավորմանը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում լսվեցին զեկույցներ և քննարկումներ ծավալվեցին Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի մասին։ Ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը։
Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով և աղոթքով։