Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի նոր համարը՝ նվիրված ինչպես 44 օրյա պատերազմին, մեր հերոսներին, այլեւ այդ օրերին չեխահայ համայնքի եւ եվրոպահայության կողմից տարված աշխատանքներին։
Տպագրել ենք Վազգեն Պետրոսյանի վերլուծական հոդվածն այդ առնչությամբ, ինչպես նաեւ արցախյան պատերազմի երկու հերոսների՝ Մենուա Հովհաննիսյանի եւ Գեւորգ Արշակյանի մասին թղթակցություններ։
Անդրադարձ ենք կատարել Չեխիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին եւ չեխ քաղաքական գործիչների արձագանքներին։
ՕՐԵՐ-ի այս համարում շարունակում ենք մեր ավանդական շարքը՝ նվիրված Եվրոպայի հայկական համայնքներին, այս անգամ ներկայացնելով գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հոդվածը՝ նվիրված Բուլղարիայի հայ համայնքի պատմությանը, ներկային ու ապագային։ Ներկայացված են բուլղարահայ կազմակերպությունները, նրանց կողմից տարվող աշխատանքները, հայտնի բուլղարհայերը եւ նրանց հաջողությունները։
Հետաքրքիր հարցազրույցով առաջին անգամ ներկայացվել է նաեւ Եվրոպայի հայերի միությունը, որի կենտրոնական գրասենյակն այժմ գտնվում է բուլղարական Պլովդիվում՝ նախագահությամբ Արթուր Հովհաննիսյանի։
Առանձին հարցազրույցով ներկայացված է նաեւ բուլղարահայ հայտնի դիրիժոր Լեւոն Մանուկյանը եւ նրա լայնածավալ գործունեությունը։
Տպագրել ենք նաեւ չեխահայության մշակութային նորությունները եւ այլ հետաքրքիր տեղեկատվություն։
ՕՐԵՐ-ի բաժանորդները շուտով կստանան այս համարը։
ՕՐԵՐ