Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


Փետրվարի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա գտնվեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Սրբազան արարողության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը նաև քարոզեց Ս. Վարդանանց խորհրդի մասին՝ մանրամասնորեն անդրադարձ կատարելով ժամանակի պատմական հանգամանքներին, որոնց մեջ հայերը մինչև արյան վերջին կաթիլը դիմադրեցին և պաշտպանեցին իրենց ազգային ինքնությունը, հավատքը և Եկեղեցին։
«Ավելի քան 15 հարյուրամյակ է անցել այն օրվանից, երբ նրանք իրենց սխրանքն ու քաջությունը բերեցին հայրենիքի ու ազգի համար հայտնի Վարդանանց պատերազմում և Ավարայրի ճակատամարտում։ Այս 15 հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազում պատերազմներ ու ճակատամարտեր է ունեցել, բայց Ավարայրի ճակատամարտը իր հատուկ, ուրույն տեղն ունի մեր պատմության և մեր ժողովրդի հոգում, սրտում և առօրյա կյանքում։
․․․Շատ կարևոր է մեր պատմության, մեր մտքի ու գիտակցության համար այն, որ հենց Ավարայրի ճակատամարտով էր, Վարդանանց պատերազմով էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի սրբացումը և Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հերոսացումը։ Եվ 15 դարեր այսպես սրբացած ու հերոսացած, որպես մեկ միավոր, որպես մեկ ժողովուրդ ապրում ենք այս աշխարհում։ 1500 տարի է անցել Ավարայրի ճակատամարտից, սակայն, ցավոք, 1500 տարվա հոլովույթի մեջ նույնիսկ չի մարել այդ պայքարը։ Հայոց Ավարայրը շարունակվում է և այսօր», - ասաց Նաթան Սրբազանը՝ նշելով, որ այսօր էլ հայ ժողովուրդը հարկադրված է պաշտպանել իր ինքնությունը, դավանած և կերտած արժեքներն ու քրիստոնեական ոգին։
Տոնի առիթով հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից Նաթան Սրբազանը շնորհավորեց Նորին Սրբությանը անվանակոչության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և քաջություն՝ շարունակելու այսօրվա Ավարայրը և հաղթելու այն: Սրբազանը ցանկացավ, որ Տերն Իր ուժը առատապես պարգևի Հայոց Հովվապետին, որպեսզի նրա հայրապետական գավազանը միշտ բարձր լինի և առաջնորդի ազգին դեպի ապագա հաղթանակներ, դեպի աստվածային օրհնություն։
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում աղոթք վերառաքվեց առ Աստված հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և արդյունալի գահակալության համար։
 
Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը
 
 
Սիրելի զավակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց:
Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը: Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին և Քրիստոսի Սուրբ Անվանը, քանզի «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք Դ 12):
Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում:
Հայցում ենք առ Փրկիչ մեր Տերը, որ բարեխոսությամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր հույսով ու հավատքով և պարգևի մեր սրտերին հայրենաշեն ու ազգաշեն ձեռքբերումների ու հաղթանակների ուրախություններ:
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
փետրվարի 11, 2021 թ․