ՆԱ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՐԵՐԱՐ ԷՐ, ՄԵԿԵՆԱՍ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՀԱՎԱՔՈՐԴ ԵՎ ՆՎԻՐԱՏՈՒ
Նիցայում (Ֆրանսիա), փետրվարի 5-ին երկարատեւ հիվանդությունից հետո 96 տարեկան հասակում վախճանվել է ազգային-մշակութային հայտնի գործիչ, հայկական կերպարվեստի լավագույն գործերի հավաքորդ, մամուլի ու գրականության մեկենաս, հայկական ազատագրական նորագույն շարժման աջակից, Մեծ եղեռնի լուսապսակ նահատակներից` բանաստեղծ եւ բժիշկ Ռուբեն Սեւակի եղբորորդին` Հովհաննես Չիլինգիրյանը։
Ի դեմս նրա փեսայի` ՌԱԿ հայտնի գործիչ Հակոբ Ավագյանի, Չիլինգիրյան ողջ գերդաստանին ու հարազատներին խորին ցավակցություն հայտնելուց եւ կենսագրական մանրամասն տվյալների համար ստորեւ Վլադիմիր Պետրոսյանի եւ Արթուր Չիլինգիրյանի գրած մահախոսականները հրապարակելուց առաջ, «ԱԶԳ»ի կողմից ցանկանում ենք հակիրճ անդրադառնալ Հովհաննես Չիլինգիրյանի ամենամնայուն գործին` Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սեւակ» պատկերասրահին, որը բարերարը նվիրել է 2013 թ.ին` Հակոբ Ավագյանի, Ռուբեն Միրզախանյանի, Շահեն Խաչատրյանի աջակցությամբ եւ անշուշտ` Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ քաջալերանքով։ Իր տարիների տքնաջան աշխատանքի եւ պրպտումների արդյունք հանդիսացող հավաքածոյի մշտնջենական օթեւան ապահովելով, Մայր աթոռի հովանու ներքո բարերարը հայկական կերպարվեստի ավելի քան 230 գործ նվիրել է վերոհիշյալ պատկերասրահ-թանգարանին, որտեղ Այվազովսկու նշանավոր մի քանի գործերի կողքին իրենց արժանապատիվ տեղն են գրավում նաեւ ծովանկարիչ Մախոխյանի գործերը, ինչպես նաեւ Շաբանյանի, Գայֆեճյանի, Շիլփյանի եւ այլ վարպետների ստեղծագործությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանում հայկական մշակույթի պահպանմանն ուղղված մեծագույն եւ ամենաթանկարժեք նվիրատվությունն է հանդիսանում այդ հավաքածոն, որտեղ կան նաեւ նահատակ Ռուբեն Սեւակի անձնական իրերը, ինչպես նաեւ նրա մի շարք գծանկարները։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2939198029697849&id=100008230413798 azg.am