Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․
Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․
1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:
Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է news.am-ը։
«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք այս ուղղությամբ: Ցավոք, մեր հայտարարության 8-րդ կետը (նոյեմբերի 10-ի - խմբ.) ամբողջությամբ չի կատարվում: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի շատ կարճ ժամկետներում հասնել կոնկրետ լուծման: Բայց պետք է ասեմ, որ այն հայտարարությունը, որը մենք ստորագրեցինք այսօր, իրոք, շատ կարեւոր է: Եւ համաձայնագրերի իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական կերպարն ու տեսքը: Եւ տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության նոր երաշխիքների: Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ: Բայց, ինչպես ասացի, ցավոք, անհնար է մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը լուծել: Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջ շարժվել, եւ մեզ համար այս պահին հիմնական խնդիրը մարդասիրական է՝ ռազմագերիների փոխանակումը, որը նախատեսված է մեր հայտարարության 8-րդ կետում»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ: «Իհարկե, մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»: