Սիրելի հայրենակիցներ,
Իր բոլոր արհավիրքներով եւ հայ ժողովրդի համար ծանր հետեւանքներով ավարտվում է 2020–թվականը:
Չլուծված բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներով դիմավորում ենք 2021–թիվը: Նոր տարեմուտը թող լինի այն ժամանակի սկիզբը, երբ մենք, որպես մեկ ազգ եւ ժողովուրդ պիտի մեզ մեջ ունենանք ու գտնենք այն ուժը եւ գիտակցությունը, որ Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան ու ապագան կախված է մեզանից, յուրաքանչյուր քաղաքացու, անհատի, քաղաքական ու հասարակական կառույցների, իշխանությունների եւ ընդդիմությունների մոտեցումներից եւ հետագա քայլերից: Որքան այդ քայլերը լինեն անկեղծ ու անշահախնդիր, խոհեմ ու հավասարակշիռ՝ հեռու արկածախնդրական, զգացմունքային բորբոքումներից, այնքանով կամրապնդվի եւ կապահովվի մեր պետականությունը:
Ամանորի առիթով Եվրոպայի հայերի համագումարի առաջնային ցանկությունն ու բաղձանքն է մեր գերիների եւ անհետ կորածների շուտափույթ ողջ եւ առողջ հայրենիք եւ տուն վերադարձը:
Ցանկանում ենք մեր զոհված հերոսների ընտանիքներին եւ հարազատներին մխիթարություն եւ հոգու արիություն ծանր կորուստի վիշտը տանելու համար, իսկ վիրավորներին շուտափույթ առողջություն եւ բնական կյանքի վերադարձ:
Մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ցանկանում ենք միակամություն, ապագայի նկատմամբ հավատքի եւ վստահության վերականգնում եւ դեպի առաջ նայելու եւ դժվարությունները հաղթահարելու աննկուն կամք:
Պետական այրերին ցանկանում ենք խորիմացություն եւ վճռականություն՝ լուծելու երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրագործելու հեղափոխության նպատակները, որոնցից առաջնային է հանդիսանում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխությունը: Հարկավոր է օրենքի խստագույն պահանջով պատասխանատվության ենթարկել երկիրը թալանած ու ազատության մեջ գտնվող, ինչպես նաեւ բռնություններ հրահրող եւ պետության ու պետականության դեմ դավադրություններ լարող հայտնի անհատներին եւ կառույցներին:
Բոլոր այն ուժերը, որոնք չունեն անձնական եւ խմբակային նեղ շահեր պիտի կամք ցուցաբերեն եւ իշխանությունների հետ գործակցությամբ աշխատեն հրատապ խնդիրների համար լուծումներ գտնել եւ նախապատրաստվել արտահերթ ընտրությունների եւ համակարգային փոփոխությունների:
Մի կողմ թողնենք անձնական եւ խմբակային նեղ շահերը եւ համերաշխությամբ լծվենք աշխատանքի:
Մենք պիտի վերակազմավորվենք, հավաքագրվենք, գոտիները ամրապնդենք, փշրենք արգելակիչ եւ կաղապարված ու անպտուղ մտածողությունները, ցուցաբերենք նոր մոտեցումներ, նոր հեռանկարներ, կիրառենք նոր մեթոդաբանություններ եւ վերազինվենք գիտությամբ եւ գիտականությամբ:
Անհետաձգելի է բանակի արդիականացումը, վերակազմավորումը եւ ամրապնդումը: Հայրենիքի անվտանգության երաշխիքը միշտ էլ մեր բանակն է եղել ու այսուհետ էլ պիտի լինի:
Հարկավոր է տնտեսական զարգացման նոր ծրագրերի լուրջ մշակում:
Հայրենիքի սահմանների ամրապնդումը, պատերազմի պատճառով առաջացած ավերածությունների վերացումը, տուժածներին օգնության կազմակերպումը, առաջնային են:
Ժամանակը թանկ է եւ չպիտի կորցնել եւ ոչ մի վայրկյան:
Սփյուռքի մեր հայրենակիցները պատերազմի ընթացքում ցուցաբերեցին իրենց անկրկնելի միասնականությունն ու եռանդը: Ցանկանում ենք, որ 2021 թվականը լինի նույնպես համերաշխության, համախմբման եւ գործակցության տարի:
Զորավիգ կանգնենք մեր հայրենիքին եւ աշխատենք առավել արդյունավետ գործակցել պետական եւ զանազան այլ հասարակական կառույցների հետ: Խթանենք ու քաջալերենք հայրենադարձությունը, գիտակցենք, որ հայրենիքը ոչ թե կարիք ունի այսպես կոչված «փրկիչների» եւ օդային հայրենասիրության, այլ կարիք ունի իրական, պարզ ու ազատ մտքի արտահայտությամբ արմատավորված հայրենասիրության:
Հայրենիքը կարիք ունի համերաշխության եւ առանց սպասելիքների՝ մեկ բռունցք դարձող հզոր սփյուռքի, որը պատրաստ է կազմակերպվելու, ինքնակազմակերպվելու եւ իր ներուժը ի սպաս դնելու հայրենիքի տնտեսության, գիտության, կրթության եւ համակողմանի զարգացմանը:
Խաղաղության եւ ապագայի վառ մաղթանքներով՝
Եվրոպայի Հայերի Համագումար
29 դեկտեմբեր 2020
Շվեդիա
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։