Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
12 միլիոն հայերից 10 միլիոնն ապրում են Հայաստանից դուրս։ Ըստ հետազոտությունների, դրսում ապրող հայերի ընդամենը քսան տոկոսն ունի մեկօրյա հայկական դպրոցներ հաճախելու հնարավորություն, մոտ 15 տոկոսն էլ մասնավոր ուսուցիչների մոտ է հայերեն սովորում։
 
Այս թվերը գնալով փոքրանալու են, քանի որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի ամուր կապերով է կապվում այն երկրի հետ, որտեղ ապրում է, և , հետևաբար, հեռանում է հայրենքիից, գնալով փոքրանում են կապերը Հայաստանի հետ, քան ծնողներինն ու պապերինն էր։
 
Այս հարցի միակ լուծումը լիարժեք հայկական կրթությունն է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր երեխա, ոչ միայն իմանա գրել-կարդալ և խոսել հայերեն, այլև ծանոթ լինի Հայաստանին, նրա մշակույթին, պատմությանը, արժեքներին, հայ մեծերին, կրթվի ու մեծանա հայեցի ոգով։ Միայն այդ դեպքում հայրենիքը կկանչի նրան:
 
Հայաստանում ստեղծված ներկա վիճակը հուշում է, որ այս ամենը հաղթահարելու և առաջ գնալու միակ տարբերակը կրթական բարեփոխումներ անելն է, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքում։ Այս խնդիրները կարևորելով՝ կամավորների խմբով ստեղծեցինք սփյուռքի առցանց հայկական դպրոցը և կոչեցինք "Մհերի դուռ"։ Անունը գաղափարական նշանակություն ունի։
 
Ինչպես հիշում եք, Մհերի դուռը այն ժայռն էր, որտեղ փակվել էր աշխարհի անարդարություններից խռոված Փոքր Մհերը, և որոշել էր դուրս գալ միայ այն ժամանակ, երբ աշխարհը մաքրված կլինի։ Շատ մեծ հույս ունենք , որ կրթությամբ կկարողանանք բացել դարերով փակված Մհերի դուռը։ Դպրոցը սիմվոլիկ վարձավճար ունի, որ հասանելի լինի բոլորին, իսկ գոյացած հասույթը տրամադրվելու է պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին։
 
Դպրոցը նախատեսված է երեք տարիքային խմբերի համար՝ 6-9, 10-14, 15+։ Դպրոցում տեսադասերի միջոցով դասավանդվում են տասը առարկաներ՝ տառուսուցում, հայոց լեզու և գրականություն, հայ արվեստի, եկեղեցու և ժողովրդի պատմություն, «Ճանաչիր Հայաստանը» դասընթաց, ինչպես նաև ազգային երգ, պար և նկարչություն։ Դասընթացները դուրս են դասական ակադեմիական ֆորմատից և հարմարեցված են ժամանակակից երեխաների պահանջներին։ Դասընթացների մեկամյա կուրսից հետո երեխաները ծանոթ կլինեն Հայաստանի պատմությանը, մշակութային արժեքներին, հայտնի հայերին, նրանց ստեղծագործություններին, հայկական երգ ու պարին։ Իսկ այդ ընթացքում մեր հարյուրավոր վիրավոր զինվորներ կկարողանան լիարժեք բուժում ստանալ։
 
Դասընթացներին կարելի է գրանցվել 2021 թ.հունվարի 1֊ից դպրոցի ուսումնական կայքում՝ www.mheridur.am . Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել դպրոցի գործունեության շրջանակը՝ նոր դասընթացներ ավելացնել, ինչպես նաև գոյություն ունեցող դասընթացները առավելագույնս հարմարեցնել սփյուռքահայերի պահանջմունքներին։
 
orer.eu
 
 
 
 
սփյուռք հայերենի դասընթաց