Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նիստին մասնակցող հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ներառված էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Գործընկերության խորհրդին անդրադարձ կատարվեց նաև COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանը և այդ ուղղությամբ ԵՄ կողմից Հայաստանի ջանքերին ցուցաբերվող աջակցությանը:

Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության և բնապահպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամները ներկայացրին իրենց իրավասության ոլորտում ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական զարգացումները:

Իր ողջույնի խոսքում նախարար Այվազյանը նշեց. «ՀՀ և ԵՄ և իր անդամ երկրների հետ արժեքահեն գործընկերության հետագա ամրապնդումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ցավալիորեն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որի կայունությունը և անվտանգությունն բացահայտ կերպով խաթարվել են վերջերս Արցախի բնիկ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացիկ փուլին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մշակվել է նաև ՀԸԳՀ այն դրույթների ճանապարհային քարտեզի նախագիծը, որոնք շուտով կմտնեն ուժի մեջ:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ: ԱԳ նախարարը փաստեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և հետապնդել են արցախահայությանն իր բնօրրանից բնաջնջելու վերջնանպատակ, նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել Եվրամիության Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար:

Այս համատեքստում նախարարը մտահոգություն հայտնեց նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից հազարավոր օտարերկրյա զինված ահաբեկիչների Ադրբեջան և ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման առնչությամբ՝ դրանով իսկ վերածելով ԵՄ Արևելյան հարևանության մի հատվածը միջազգային ահաբեկչության օջախի:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդծվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։

 

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։

ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն ընդգծվեցին առևտրատնտեսական, ներդրումային ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախևառաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծեցին միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարևորությունը:

Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին։ 

Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը նշեց, որ Եվրամիության և իր անդամ երկրների հետ փոխգործակցության հետագա խորացումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացիկ փուլի, Արևելյան գործընկերության հետ-2020 տեսլականի շուրջ: 

ԱԳ նախարարը և հանձնակատար Վարհեին քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանը հանձնակատարի ուշադրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման և Արցախում ստեղծված ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորեց Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման և արցախահայության հրատապ կարիքների լուծման ուղղությամբ տեղում միջազգային հանրության ներգրավվածությունը: