Այսօր երեկոյան Երեւանի Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական ինքնաթիռը՝ Հայաստան բերելով 44 հայ գերիների, որոնց անունները հայտնի են եղել Միջազգային Կարմիր խաչին։ Օդանավակայանում մեր տղաներին դիմավորել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավելի ուշ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր տեղի ունեցած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում հայրենիք են վերադարձել նաեւ մինչև պատերազմը Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին Հետք-ին/hetq.am տեղեկացրել են իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը, որոնք այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հանձն էին առել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- իր էջում գրել է Արտակ Զեյնալյանը:
Օրեր