Ստեփանակերտի հյուրանոցում պատրաստում են ,,Ռուս խաղաղապահ,, կոկտեյլը
Վերջին օրերին չեխական մամուլը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային, ներկայացնելով հայկական գյուղերի հանձնումը ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը։ Մի գնահատակնում երեք հեղինակն էլ միակարծիք են, որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է։
,,Հոսպոդարսկի նովինի,, տնտեսական օրաթերթի խմբագիրներից Օնդրեյ Սոուկուպը ,,Հայերը սկսել են հետ վերադարձնել Ադրբեջանին Ղարաբաղի շուրջը գտնվող շրջանները,, հոդվածում անդրադառնում է այսօրվա Ստեփանակերտում տիրող իրավիճակին, նշելով, որ ,,Եվրոպա,, հյուրանոցի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը Բի Բի Սի հեռուստատեսության թղթակիցներին հայտնել է, որ ինչ էլ լինի, ինքը կմնա իր հայրենիքում եւ ոչ մի տեղ չի գնա։ Բայց բոլորը նման հնարավորություն չունեն։ Բաքվից ժամանակին գաղթած հայերից մեկը Քելբաջարից ստիպված պետք է հեռանա, ուր վերանորոգել էր իր տունը , եւ չի կարողացել իր տունը վառել, սակայն նրա հարեւանը վառել է տունը, որպեսզի թշնամիները չվայելեն։
,,5 շաբաթյա պատերազմում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակը թուրքական դրոնների եւ Սիրիայից բերված ահաբեկիչների օգնությամբ գրավեց անվտանգության գոտի հանդիսացող շրջանները, ինչպես նաեւ Շուշի քաղաքը։ Հեղինակը գրում է նաեւ ստորագրված համատեղ հայտարարության արդյունքում հաստատված հրադադարի ու Ադրբեջանին անցած տարածքների մ ասին, ինչպես նաեւ հայկական Դադիվանք համալիրի մասին, որի հոգեւոր հայր Հովհաննեսը մնացել է իր վանքում եւ այն այժմ հսկում են ռուս խաղաղապահները։ Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին կանցկացվեն բանակցություններ։ ,, Նախագահ Իլհամ Ալիեւի ավտորիտար ռեժիմը պնդում է, որ դա Ադրբեջանի տարածք է,, -գրում է հեղինակը։
Նա նաեւ նշում է, որ հայերի մի մասը հիասթափված է Ռուսաստանից, որ չօգնեց պատրեազմի ընթացքում, միեւնույն ժամանակ քանի որ Հայաստանը նույնիսկ չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Մոսկվան միջազգային պայմանագրերից ելնելով, չէր կարող Ղարաբաղի հայերին պաշտպանել։ Ըստ հեղինակի, ավելի մեծ թվով հայեր են կարծում, որ ներկա վիճակը թելադրված էր ստեղծված իրադրությամբ։ Իսկ Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցում արդեն ,,Ռուս խաղաղապահ,, անվանումով կոկտեյլ են պատրաստում , որի բաղադրության մեջ կա նուռ, օղի եւ լիկյոր։
Մինչ այդ Բաքվում հակառուսական միտինգներ են տեղի ունենում՝ ,,Ռուաստան հեռացիր, Թուրքիա՝ մնա,, կոչերով։
,,Լիդովե Նովինի,, օրաթերթը ,, Նոր դրոշներ Ղարաբաղում,, հոդվածում Վիտ Շտեպանեկը ներկայացնում է Ադրբեջանին վերջին տարածքների փոխանցման մասին տեղեկություններ, նշելով, որ Լաչինի ստրատեգիական միջանցքը կկապի Ղարաբաղը Հայաստանին։ Վերջին օրերին հանձնվել են Աղդամի, Քելբաջարի եւ ստրատեգիական նշանակություն ունեցող Լաչինի շրջանները։ Հեղինակը նշում է, որ պատերազմից առաջ այստեղ ապրել է 70 հազար հայ, եւ թե որքանը կգնա Հայաստան , առայժմ անհնար է ասել։ Նշվում է նաեւ, որ ռուսական խաղախապահները հսկելու են ոչ միայն Լաչինի միջանցքը, այլեւ Հայաստանի տարածքով Նախիջեւան գնացող ճանապարհը, այդպիսով հսկելով տարածաշրջանի կարեւոր տրանսպորտային ուղիները։ Շտեպանեկը վերջում ներկայացնում է հակամարտության պատմությունը, ընդգծելով, որ վերջին պատերազմում, Ռուսաստանը հայկական Գյումրիում ունենալով ռազմական բազա, այդպես էլ չի միջամտել ։
Իսկ ,,Մլադա Ֆրոնտա Դնես,, օրաթերթի մեկնաբան Պավել Կոպեցկին իր մտորումները ներկայացրել է,, Դիկտատուրաների եւ ահաբեկիչների արտահանում,, հոդվածում։
Անդրադառնալով հրադադարից հետո ստեղծված իրավիճակին, վերադարձված շրջաններին, հեղինակը նշում է, որ Ալիեւի դիկտատորական ռեժիմը Կասպիական նավթի դոլլարներով կարողացել է գնել փոքրասիական եւ իսրայելական բարձրակարգ զինատեսակներ, ինչը նրան օդում բերել է առավելության եւ վերջնական հաղթանակի։ Բացի այդ նաեւ ստացել են Թուրքիայի աջակցությունը, որն այժմ հավակնում է շրջանում խաղաղապահի դեր, ինչը ցինիզմի արտահայտություն է։ Կոպեցկին գրում է նաեւ Էրդողանի ոչ դեմոկրատական քայլերի, ԵՄ անդամ պետության ջրային տարածքների մեջ մտնելու եւ այլնի մասին, նշելով , որ Հայաստանը ողջ պատերազմի ընթացքում Արեւմուտքից ոչ մեկից օգնություն չստացավ , բացառությամբ կրակը դադարեցնելու մասին կոչերի։ Ժամանակը ընտրված էր նաեւ այնպես, որ Ամերիկան զբաղված էր իր նախագահական ընտրություններով։ Իսկ Ռուսաստանը չմիջամտեց, այդպիսով պատժելով երեւանյան էլիտային, որը ներկայացնում էր հերթական գունավոր հեղափոխությունը, եւ որին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հաստատ չէր աջակցում։
Պատրաստեց Հ.Ա.
Օրեր ամսագիր