Սույն հոդվածի հեղինակը գրականության ուսանող Սոնա-Մարիա Հելմանն է Ստոկհոլմից։ Շվեդ հոր (պատմաբան Թումաս Հելման) եւ հայ մոր (դաշնակահարուհի Կարինե Գեւորգյան) զավակ Սոնան իր այս ոչ մեծ գրությամբ փորձել է հակակշռել շվեդական լրատվամիջոցներում տիրապետող թրքանպաստ քարոզչությանը։ Հոդվածը ներկայացվել է 20 լրատվամիջոցի, որոնցից միայն մեկը՝ https://www.etc.se/ կայքէջն է համաձայնել հրատարակել այն նոյեմբերի 6-ին…
Այն, ինչ տեղի է ունենում վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքում, ունի խիստ գոյութենական, պատմական նշանակություն այն հայերի համար, որոնք իրենց մեջ կրում են Առաջին աշխարհամարտի տարիների ցեղասպանությունը: Այնպես որ հիմա Շվեդիան, ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը պետք է գործեն խաղաղ բնակչության վրա բռնությունները դադարեցնելու համար, գրում է Սոնա Հելմանը:
Արցախի (առավել հայտնի որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայերը մեկ ամսից ավելի է հարձակման են ենթարկվում: Մոտ 100 տարի առաջ բռնապետ Իոսիֆ Ստալինի կողմից Ադրբեջանին հատկացված այս հողերը բնակեցված էին ամբողջությամբ հայ բնիկներով:
Արցախում հայերը բազմիցս բողոքել են Հայաստանից իրենց անջատող անողոք սահմանազատման դեմ: Խորհրդային Միության կազմալուծման կապակցությամբ նրանք հստակ մեծամասնությամբ քվեարկեցին Հայաստանի հետ միավորվելու օգտին: Ադրբեջանը հայտնեց իր դժգոհությունը, ու տարածաշրջանում կրկին անկարգություններ սկսվեցին: Գրեթե 30 տարի առաջ Ադրբեջանի դեմ վերջին պատերազմում հաղթելուց հետո Արցախի հայերն իրենց հռչակեցին անկախ հանրապետություն: Նրանք այդ օրվանից մնացել են տարածաշրջանում, չնայած ՄԱԿ-ի՝ երկիրը լքելու հորդորներին:
Արցախում են գտնվում հայերի հնագույն եկեղեցիներն ու վանքերը, պատմական հուշարձաններ՝ սկսած 6-րդ դարից: Սա մեկն է այն սակավաթիվ շրջաններից, որ ունեն հայերի կողմից տակավին վերահսկվող հին հայկական քաղաքակրթությունների հետքեր. դրանց մեծ մասն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Հայերը մեծ զոհաբերությունների գնով են ձեռք բերել իրենց խաղաղությունը: Նրանք գիտեն, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Նրանք գիտեն նաեւ, որ պաշտպանվելուն այլընտրանք չկա:
Լրագրողական զեկույցներն ու քաղաքականապես անկախ հետազոտողների ուսումնասիրությունները հաստատում են, թե ինչպես են նացիստները Հոլոքոսթի ժամանակ ոգեշնչվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի համակարգված սպանություններից: Ավելի քան մեկ միլիոն հայեր կյանքից զրկվել են այն ժամանակ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական ռեժիմի բռնություններից, հայտնի որպես Հայոց ցեղասպանություն:
Ցեղասպանության հավաքական մշակումը մինչ այժմ հայերի համար եղել է հիմնականում գոյութենական եւ բարոյական գործառույթ: Այն վարել են հայերն իրենք՝ արտաքին աշխարհի նվազագույն աջակցությամբ, քանի որ Ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել: Ժամանակն է, որ աշխարհը խորապես քաղաքականորեն չափի հայերի պայքարը:
Լրատվամիջոցները մեծապես անդրադարձել են հակամարտության սոսկ կառուցվածքային եւ պատմական բարդությանը: Մինչդեռ երիտասարդ ժողովրդավար Հայաստանը միայնակ է պայքարում երկու ամբողջատիրական պետությունների դեմ՝ պաշտպանելու խաղաղ բնակչության իրավունքները: Որոշակի պատճառներով համաճարակի ընթացքում Ադրբեջանը խուսափեց գլոբալ հրադադարի մասին ՄԱԿ-ի համաձայնագրի ստորագրումից: Թուրքիայի հետ վերազինումը մեկ գիշերվա մեջ չի կատարվել: Պատահական չէ, որ պատերազմը սկսվեց ԱՄՆ ընտրություններին մոտ ժամանակահատվածում:
«Միջազգային համաներումը», «Մարդու իրավունքների դիտարկումը» եւ «Ցեղասպանության դիտարկումն» ահազանգել են Արցախում տիրող իրավիճակի մասին այն բանից հետո, երբ ապօրինի զենքով գնդակոծվել են եկեղեցիները, դպրոցները եւ հիվանդանոցները: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են խզել դիվանագիտական համագործակցությունը հայերին աջակցող երկրների հետ:
Ներկայումս Ղարաբաղում հակամարտությունը ոչ թե պատմության, հողի կամ դավանանքի խնդիր է, այլ կյանքի եւ մահվան իրավունքի խնդիր:
ՄԱԿ-ը եւ ԵՄ-ն պետք է բացահայտորեն դատապարտեն Ադրբեջանի հարձակումները եւ Թուրքիայի բռնի վերաբերմունքը հայերի նկատմամբ: Հարձակումը մարդու իրավունքների խախտում է, պատերազմը՝ ռազմական դրության խախտում:
Եթե մենք գիտենք մեր խաղաղության արժեքը, Շվեդիան պետք է իր ձայնը բարձրացնի Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային երկխոսության մեջ եւ քննարկի Արցախի անկախության ճանաչումը:
Այժմ այդ դերը խաղալու համարձակությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հայ ժողովրդի ապագայի համար:
Սոնա Հելման
Շվեդերենից թարգմանեց
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ