Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ցավակցական գիրը
Խորապես վշտացած ենք Զավեն Սարգսյանի՝ ճշմարիտ մտավորականի, մշակութային նվիրյալի, սիրված անձնավորության մահվան բոթից։
Զ․ Սարգսյանն իր աշխատանքային ու մարդկային որակներով թողեց վառ հետագիծ՝ իր գործին անվերապահ նվիրվելու, մշակույթին ծառայելու իր եռանդով ու կարողությամբ։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցավի ու կորստի այս պահին, իր ցավակցությունն է հայտնում Զ․ Սարգսյանի ընտանիքին, ընկերներին հարազատներին։
Հավերժ լույս և խաղաղություն հոգուդ:
Հիշատակդ միշտ պայծառ պիտի մնա մեր մեջ:
Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947թ․-ին։ 1986թ․-ին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992թ․-ը։ 1992թ․ մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ցավակցական գիրը
ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՆՎԻՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
Ընդամենը օրեր առաջ Զավեն Սարգսյանը Կինոյի տան մեծ դահլիճում էր՝ իր անբաժան լուսանկարչական խցիկով, իր յուրահատուկ ժպիտով, ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի հետ քննարկում էր Արցախին նվիրված մեր հայրենակցի ֆիլմը: Իսկ այսօր ցավալիորեն խոսում ենք ոչ թե Զավենի ներկայության, այլ նրա կորստի ու բացակայության մասին:
Նվիրյալ մի անհատ, որի բացակայությունը հայ մշակույթում այլևս ցավալի իրողություն է: Զավեն Սարգսյանը այն եզակիներից է, որի ամբողջ կյանքն ու գործը անմնացորդ նվիրումի պատմություն է:
Նրան ու միայն նրան ենք պարտական այսօր Հայաստանում ունենալու Փարաջանով հանճարի ներկայությունը, ու նրան ենք պարտական Փարաջանով հանճարով Հայաստանը աշխարհով անելու համար:
Նրան ու միայն նրան ենք պարտական Արևմտյան Հայաստանի հազարավոր վավերագրությունների համար, որոնք տարիներ շարունակ Զավենի համառության ու նվիրումի շնորհիվ, նրա լուսանկարչական խցիկի միջոցով հանգրվանել են Հայաստանում:
Նրան ու միայն նրան ենք պարտական այն բազմաթիվ հրաշալի նախաձեռնությունների ու ձեռնարկումների համար, որոնք Զավենի ներկայության տարիներին նոր միջավայրերի ծնունդ տվեցին՝ լինի թանգարանային մշակույթում, կինոյում, լուսանկարչությունում ու արվեստի այլ ոլորտներում:
Անչափ մեծ ու ցավալի կորուստ է Զավեն Սարգսյանի կորուստը հայ մշակույթի համար:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, հայ կինոգործիչների անունից խորապես ցավակցում ենք Զավեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և բոլոր նրանց, ում համար հայ մշակույթը ու նրան նվիրյալ անձինք արժեք են:
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի Զավեն...
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորին ցավակցություններն է հայտնոմւ Զավեն Սարգսյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։
Նա հայ մշակույթի նվիրյալ առաքյալներից մեկն էր, որ ստեղծել էր Երեւանի Փարաջանովի տուն-թանգարանը, որը մշակութային բարձրակարգ օազիս էր , ուր թե հայը, եւ թե օտարը զգում էին հայ մեծ կինոգործչի արվեստի լույսը։