Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Նիդերլանդների և Բելգիայի հայ կամավորները, համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի հետ, հերթական դրամահավաքը կազմակերպեցին: Նախքան հիմնադրամի և հանրային հեռուստատեսության կայքերից առցանց հեռարձակումը` կամավորները Նիդերլանդների և Բելգիայի 180 գործարարներից 208,8 հազար եվրո էին հավաքել` Հայրենիքին օգնելու համար:
 
Հեռարձակման տաղավարներում հաղորդումը վարում էին Բելգիայից` Առաջին ալիքի Բելգիայում թղթակից Լիլիթ Գասպարյանը և Հոլանդիայից՝ «Նիդերլանդական օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը:
 
Բացման խոսքով և օրհնանքով դրամահավաքի մեկնարկն ազդարարեց Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսք ասաց Բելգիայում հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարևորեց հիմնադրամի շուրջ հայության համախմբման կարևորությունը:
 
Կոչ-ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նրանք խոսեցին ագրեսոր Ադրբեջանի, նրան հովանավորող Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասին: Դեսպանները վստահ են, որ մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ նորից կառուցելու ենք Արցախը: Ելույթներ ունեցան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը, նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայկական կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և այլք:
 
Ելույթներն ուղեկցվում էր տեղի և Հայաստանից ժամանած արտիստների, մանկական խմբերի երաժշտական ու պարային կատարումներով: Երեկոյի ընթացքում հավաքված գումարը գրեթե կրկնապատկվեց` անցնելով 410 հազարը:
 
Նախքան այս հեռուստամարաթոնը` նիդերլանդահայերը մեկ ամիս առաջ նմանատիպ մի ակցիայով հավաքել էին 250 հազար Եվրո: Այսպիսով միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակի կողմից հավաքված ընդհանուր գումարի ցուցանիշը մոտենում է երկու միլիոնին:
 
«Նիդերլանդական օրագիր»