Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ուժերի կողմից Արցախի հանդեպ սանձնազերծված պատերազմից անցել է 1 ամիս և մեկ շաբաթ: Թուրքիան հանդես է գալիս որպես պատերազմին ռազմականորեն և լիարժեք ներգրավված կողմ՝ շարունակելով Ադրբեջանին զենք տրամադրել, Սիրիայից, Լիբիայից և Պակիստանից Արցախի հետ սահման տեղափոխել հազարավոր ահաբեկիչների և թուրքական բանակի հատուկ ջոկատայինների: Առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ հազարավոր վարձկանների մասնակցության մասին: Հայկական կողմը գերեվարել է երկու ահաբեկչի:
Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը: Արցախցի 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հետևանքով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն, ներառյալ՝ 60-ից ավելի դպրոց, տասնյակ մանկապարտեզներ:
Հայկական կողմն այս պահին ունի 1172 զոհ: Մինչև օրս զոհվել է 45 խաղաղ բնակիչ, 140-ից ավելին ստացել են միջին և ծանր վիրավորումներ: Ադրբեջանը, հայաթափման դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հռթիռակոծման կայաններից շաբաթներ շարունակ հարվածներ է հասցրել մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ և այլ քաղաքների և գյուղական համայնքների: Ռազմական հանցագործությունների շարքը շարունակելով՝ Ադրբեջանը թիրախավորված կերպով 2 անգամ ռմբակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, «Գոհար աղա» պարսկական մզկիթը, Ստեփանակերտի ծննդատունը, մշակութային տարբեր հաստատություններ:
Այս ամենից բացի՝ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: Խոսքը գնում է միջազգային իրավունքով արգելված ֆոսֆոր պարունակող զինատեսակի, ինչպես նաև քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների մասին: Զինատեսակը կիրառվում է Արցախի անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ, և հրդեհը չի մարվում անգամ մարիչ նյութերով կամ ջրով: Անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ), և այդ մասերում Ադրբեջանի զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Ավելի վաղ Ադրբեջանը կիրառում են մեծաթիվ կասեստային զինատեսակներ:
Ադրբեջանական կողմն անմարդկային վերաբերմունքի է ենթարկում, նվաստացնում, դաժանությամբ խոշտանգում, մերկացնում և գլխատում հայ գերիներին, տեսանկարահանում և տեղադրում սոցիալական ցանցերում, ուղարկում սպանվածների հարազատներին: Կիրառվող մեթոդները նույնական են այն մեթոդների հետ, որոնք գերիների հանդեպ կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները:
Բացարձակ անմարդկային է արդեն մեկ ամսից ավելի դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում, ինչը Ադրբեջանի ակնհայտ արհամարհական վերաբերմունքն է ապացուցում իր զոհերի և ռազմագերիների հանդեպ:
Այս ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ, որի արդյունքում ծանր վիրավորում է ստացել 14-ամյա երեխա:
Նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:
Ադրբեջանական ուժերը Արցախում հակամարտությունը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացրել են նպատակաուղղված հարձակումներ, որոնց արդյունքում վիրավորվել է 7 լրագրող և զոհվել 1 անձ լրագրողական խմբից։
Ադրբեջանը և Թուրքիան ամբողջությամբ տապալել են հրադադարի 3 փորձերը, որոնք 2 անգամ ձեռք էին բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, մեկ անգամ՝ ԱՄՆ-ի:
Այս պահին պատերազմը շարունակվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Սփյուփռքի հանձնակաիատարի գրասենյակ
orer.eu