Ապրիլի 20-ին Աթենքի «Տեխնոխորոս» պատկերասրահում կայացավ «100 տարի անց...» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 12 հայ նկարիչներ իրենց արվեստի միջոցով վիզուալ երկխոսություն են առաջարկում դիտողին` ընդդեմ Ցեղասպանության մոռացության վտանգի: Թեմատիկ առումով ցուցադրությունը բաղկացած է երկու մասից: Առաջինում դիտորդն ականատես է լինում Ցեղասպանության զարհուրելի իրականությանը` իր հետևանքներով և փրկված մարդկանց ու հաջորդ սերունդների վերապրածով: Այնուհետև ներկայացվում է մերօրյա իրականությունը լավատեսական տեսանկյունից` մոխրից վերածնվելու և կյանքի շարունակման ուղերձով: Ցուցադրության առանցքում Հունաստանում հայտնի հայ նկարիչ Գագիկ Ալթունյանի երկու ստեղծագործություններ են` մեկ քանդակ և 15 մետր երկարությամբ կտավ: Վերջինս պատկերում է նկարչի տեղահանված ընտանիքի ճակատագիրն ու բացահայտում հայ ազգի բնաջնջման սարսափները: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 30-ը: