Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Փարիզում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի առջեւ։ 7500 մասնակիցները պահանջել են  Ֆրանսիայի խորհրդարանականներից ճանաչել Արցախի անկախությունը։ 

«Որպես պատգամավոր՝ շարունակում եմ իմ նախաձեռնությունը: Վաղը խորհրդարանին կհանձնեմ մի բանաձև, որն առաջինն եմ ստորագրել, ինձ հետ նաև այլ պատգամավորներ են ստորագրել:

Քվեարկության դրվող բանաձևի համաձայն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչելու է Արցախի անկախությունը, և հայերի՝ իրենց հողի վրա ապրելու իրավունքը»: Այսպիսի հայտարարություն է տարածել Թվիթերում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին: Այս մասին հայտնել է 1lurer.am-ը։

 

Իր հերթին, Փարիզի Նոր Յառաջը գրել է՝ ,, Երեքշաբթի, Հոկտեմբեր 13-ին փարիզահայութիւնը, կազմակերպութեամբ CCAF-ի (Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհրուրդ), Ֆրանսայի Ազգային ժողովի շէնքին դիմաց ցոյց մը կատարեց երկրին ազգային ներկայացուցչութենէն պահանջելով Արցախի Հանրապետութեան ճանաչումը։ Ցոյցը համախմբեց շուրջ 5000 հոգի, որոնք թուրքեւազէրական յարձակումը դատապարտող ցուցանակներ եւ հայկական ու ֆրանսական դրօշակները բարձրացուցած՝ եկած էին իրենց զօրակցութիւնը յայտնելու Արցախին, անոր ճանաչումը պահանջելու։

Արդէն երրորդ հաւաքն է որ տեղի կ՚ունենայ Փարիզի մէջ, եւ օր ըստ օրէ աւելի բազմամարդ կը դառնան անոնք։ Որքա՛ն պատերազմը երկարի՝ այնքա՛ն Հայութիւնը համախմբուելու կարիքը կը զգայ։ Դժբախտաբար, հաւաքները դեռ կը մնան ընդհանրապէս հայկական համայնքին փակ շրջանակին մէջ։ Բարեբախտաբար, կան կարգ մը երեսփոխաններ եւ ծերակուտականներ, շրջանային խորհուրդներու անդամներ որոնք կը մասնակցին եւ իրենց զօրակցութիւնը կը յայտնեն Հայաստանին եւ Արցախին, ինչպէս՝ Վալերի Պուայէ, Ֆրանսուա Փիւփոնի, Կիյոմ Գասպարեան, Տանիէլը Ղազարեան, Իզապէլ Սանթիակօ, որոնք բոլորն ալ կը պատրաստուին մեկնելու Արցախ, եկող շաբաթ։ Բոլորն ալ պատրաստ էին նախագահ Մաքրոնէն խնդրելու, որ Ֆրանսան ճանչնայ Արցախի Հանրապետութիւնը, դուրս գալով՝ Մինսքի խումբի համանախագահութենէն։
Աւելցնենք, որ ցուցարարները ժամադրուեցան գալ շաբաթ՝ նո՛յն օրը, նո՛յն վայրը, նո՛յն պահանջը կրկին ներկայացնելու համար։ ■

orer.eu