Լեհահայերի ցույցը Վարշավայում՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Լեհաստանի հայկական սփյուռքի և մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ և մի շարք լեհեր, թվով մոտ 2000 հոգի, Վարշավայում օրերս քայլերթ իրականացրեցին՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների։
Ի նշան բողոքի, երթի մասնակիցները հայկական և արցախյան դրոշներով հավաքվել են Լեհաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում՝ Զամկովի հրապարակում։ Պաստառների վրա Արցախին աջակցող կոչեր էին։
Ցույցի մասնակիցները նաև ստորագրահավաք իրականացրեցին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային հասցեագրված միջնորդագրի տակ, որում խնդրում են ակտիվ մասնակցություն ունենալ թուրք-ադրբեջանական հարձակումները ու կրակը դադարեցնելու գործում։
Երթի մասնակիցները կոչերով շարժվեցին դեպի Լեհաստանի նախագահի նստավայր, ուր Լեհահայ հոգևոր Հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը աղոթք ընթերցեց, ապա ելույթ ունեցան մի շարք կազմակերպությունների ղեկավարներ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև բարձրաձայնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով:
Ապա երթը շարժվեց դեպի Վարշավայում Եվրոպական խորհրդարանի նստավայր, ուր ևս ելույթներով հանդես եկան Լեհաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պահանջելով դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին։
Քայլերթին մասնակցելու համար լեհահայերը Վարշավա էին եկել Լեհաստանի բոլոր մեծ և փոքր քաղաքներից։
Լուսանկարները՝ Էրիկ Ներսիսյանի
orer.eu