Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի հետևանքները քաղելու է Ադրբեջանի ժողովուրդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ՝ ավելացնելով, որ պետք է շարունակել պայքարն Ադրբեջանի իշխանությունների դեմ:

 

 

«Ուզում եմ, որ բոլորս միասին պայքարենք  Ադրբեջանի իշխանությունների դեմ, բայց ոչ ադրբեջանցիների: Ես ուզում եմ, որ մեր հայերը գիտակցեն՝ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքում: Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով ժողովուրդը տառապում է: Տառապում է, որովհետև այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու: Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին: Դրա համար մենք պետք է աշխարհով մեկ միասնական պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ: Եվ այդ պայքարի ձևերը դուք գիտեք: Ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը, դիմելով Հայաստանի և Սփյուռքի հայերին, բաձր գնահատեց  բոլորի համախմբվածությունը, աջակցության ցուցաբերումը:

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում և Սփյուռքում, իրականում սա սրբազան, հայրենական պատերազմ է: Այս համախմբվածությունն առաջին հերթին օգնելու է մեր տարհանվածներին, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր, քան երբևէ  Հայաստանի ու Արցախի իշխանությունների դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռորոշ է: Ուզում եմ, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների հետ կապված այդ աջակցությունը շարունակի մնալ: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում համախմբվածության համար»,-հավելեց Արցախի նախագահը: