Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը Informer եւ Պոլիտիկա թերթերին, Բելգրադ
Informer- ին տված հարցազրույցում Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն ասել է. <<Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որը Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ հակամարտությունն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել >>:
Նա նշում է. << Աշխարհը պետք է զսպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, և իր զենքով ու բանակով օգնում է սպանել հայերին>>:
Հովակիմյանը բացատրում է, որ Կովկասում այս վերջին հակամարտությունը սկսվել է ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ հայտարարության:
- Կիրակի առավոտյան ժամը վեցին Ադրբեջանը սկսեց հրթիռներ արձակել Գրադ և Սմերչ հրթիռային համակարգերից՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծում և սկսեց ցամաքային հարձակում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական ինքնաթիռների գրոհներ: Նրանք ո՛չ միայն թիրախավորում էին ռազմական դիրքերը, այլ նաև՝ քաղաքացիական: Ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր: Սակայն դրանք միայն այստեղ չկանգնեցին, բայց երեկ նրանք թիրախավորեցին նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները:
Ո՞րն էր հարձակման անմիջական պատճառը:
- Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոխզիջումային լուծում: Թեև հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքներ համաձայնեցվել են ԵԱՀԿ կողմից հովանավորվող բանակցությունների ընթացքում, ինչպիսիք են՝ միջազգային իրավունքի հարգումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, սակայն Ադրբեջանը դրանք չի ընդունում: Նրանք չեն ցանկանում որևէ փոխզիջում: Նրանք խոսում են վերջնագրերի լեզվով, և բացի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելուց, այլ բան չեն ընդունում:
Ինչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը որոշեց ռազմական բախում սկսել:
- Այդ երկիրը տարիներ շարունակ զինվում է: Թուրքիան նրանց օգնում է այդ հարցում: Վերջին երեք օրվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք օգտագործում թուրքական F-16 ինքնաթիռներ: Օդանավերը մնացին Ադրբեջանում՝ Թուրքիայի հետ զորավարժություններից հետո, որոնք վերջերս անցկացվեցին: Բացի այդ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք մարտեր են մղում ադրբեջանական բանակի հետ միասին: Այսպիսով՝ հարձակումը նախապես պլանավորված էր:
Բայց ինչու՞ հենց հիմա:
- Ադրբեջանը օգտվեց բանակցությունների ժամանակավոր դադարից: Նրանք անընդհատ ասում են, որ ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկել և որևէ լուծում չի առաջարկել, ինչը ճիշտ չէ: Նրանք օգտվեցին աշխարհում տիրող իրավիճակից, ներառյալ կորոնավիրուսային համաճարակը, այն պահը, երբ բոլոր երկրները կենտրոնացած են իրենց քաղաքացիներին մահացու վիրուսից փրկելու վրա: Բացի այդ, նրանք ունեն Թուրքիայի ամբողջական աջակցությունն ու օգնությունը:
Հայաստանն ունի՞ Ռուսաստանի օգնությունը:
- Ռուսաստանը մեր կարևոր դաշնակիցն է, և ոչ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով: Ռուսաստանի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, սակայն և ամբողջ միջազգային հանրության, որը Մոսկվայի հետ միաժամանակ անընդհատ կոչ է անում՝ հանդարտեցնել լարվածությունը և դադարեցնել ռազմական գործողությունները: Սակայն, մեր հարևանները դա չեն լսում, ուստի Հայաստանը ստիպված է պաշտպանվել:
Ինչպե՞ս կարող է ավարտվել այս հակամարտությունը:
- Միջազգային հանրությունը, որն արդեն կոչ է արել Ադրբեջանին և Էրդողանին դադարեցնել բռնությունները, պետք է նրանց ստիպի դա անել: Հակառակ դեպքում, այս հակամարտությունը կարող է ավելի մեծ ծավալներ ստանալ և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նույինսկ՝ աշխարհը:
Իսկ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ:
- Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանը վերադառնա բանակցությունների: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը ցանկանում է երկխոսություն և քաղաքական լուծում: Այնուամենայնիվ, մենք այժմ ստիպված ենք պաշտպանել մեր ազատությունը:
Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանությունը ,,Պոլիտիկա,, օրաթերթին, Բելգրադ, 29.09.2020
Ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողություններն իրենցից ներկայացնում են ագրեսիվ հարձակում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ, որը ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն, օգտվել է ինքնապաշտպանվելու իր իրավունքից և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ագրեսիան հետ շպրտելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով։
Դեսպանը հիշատակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ ասված է․ «Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս արված հայտարարությունները, Թուրքիայի հետ լայնամասշտաբ համատեղ զորավարժություններն, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու առաջարկը մերժելը ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախապես ծրագրված էր և հանդիսանում է լայնամասշտաբ սադրանք՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ»։
Հայկական կողմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի բռնի ռազմական գործողությունները և սպառնալիքները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն ցուցադրում է պատասխանատվության բացարձակ բացակայություն և անտեսում է միջազգային հանրության մեղադրանքները։ Պահանջում ենք Բաքվից անհապաղ դադարեցնել ռազմական հարձակումը և Արցախի Հանրապետության դեմ բռնությունը և կոչ ենք անում ամբողջ միջազգային հանրությանը և բոլոր երկրներին, այդ թվում՝ Սերբիային, խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և սպառնալիքները»։
Հրապարակումը պատրաստվել է Վարբո Մեդիայի կողմից /varbo.am/