2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Եվ հատկանշական, որ Ադրբեջանը այս գործողություններն իրականացնում է Թուրքիայի անմիջական աջակցության ու հովանավորության ներքո։
Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով ու պարտադրել վերջնական խաղաղություն:
Ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի ինքնիշխանությունը և օգնություն չակնկալի մյուս երկրներից, այլ իր հավաքական ուժի ու Սփյուռքի ջանքերով հաղթանակ տանի թշնամու դեմ։ Այդ աջակցությունը չպետք է լինի միայն ֆինանսական, այլ նաև`
նյութական, գաղափարախոսական, լրատվական և այլ դաշտերում։
Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:
Մեր հաղթանակն այլընտրանք չունի։Կռվով պետք է դրվի հակամարտության վերջը և հաստատվի վերջնական խաղաղություն։ Կոչ եմ անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին ջանք չխնայել իրենց ուժերից անգամ վեր ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հակամարտությանը։
Պայքա՜ր մինչև վերջ, պայքա՜ր մինչ հաղթանակ։
Արթուր Հովհաննիսյան
Եվրոպայի Հայերի միության նախագահ